HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ամփոփվում են ԲԴԽ անդամների թեկնածուների վերաբերյալ քվեարկության արդյունքները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում քիչ առաջ Դատավորների ընդհանուր ժողովն ավարտեց ԲԴԽ անդամների թեկնածուների վերաբերյալ քվեարկությունը, սակայն ընտրության արդյունքները դեռևս ամփոփվում են:

Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում պլանավորվում է քննարկել նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակում բարձրացված հարցերը, ԲԴԽ անդամ ընտրված, ապա հրաժարական տված Նախշուն Տավարացյանի՝ որպես ԲԴԽ անդամ երդվելու իրավաչափության հարցը:

Վահե Գրիգորյանը, հիշեցնենք, նամակ էր ուղարկել Հայաստանի նախագահին, Ազգային ժողով, Կառավարություն, Դատավորների ընդհանուր ժողով, Սահմանադրական դատարան՝ ելքեր առաջարկելով սահմանադրական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է դատավոր Նախշուն Տավարեցյանին, մամուլն օրեր առաջ գրել էր այն մասին, որ 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում պատրաստվում է երդում տալ ԲԴԽ անդամ դառնալու համար:

Այս կապակցությամբ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ եթե Նախշուն Տավարացյանն իր հրաժարականի գրավոր դիմումից 9 ամիս հետո երդվի, ն նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը և առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն:

Լրագրողների հետ ճեպազրույցում Նախշուն Տավարացյանն, ով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է, ասաց, որ ինքն ընտրված է օրենքի ուժով:

«Ես ընտրված եմ օրենքի ուժով և պատրաստ եմ երդում տալ: Դա իմ իրավունքն է ու օրենքի պահանջը, որից ես օգտվում եմ։ Իսկ թե որոշ իրավաբաններ ինչ մեկնաբանություն կտան, իրենց խնդիրն է։ Իրենց խնդիրն է նաև այն, որ իրենք կարող են ժամանակի ընթացքում իրենց կարծիքները փոփոխել»,- ասաց Տավարացյանը:

Վերջինիս կարծիքով՝ Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը պայմանավորված է անձնական նպատակներով:

«Ես Արփինե Հովհաննիսյանին միշտ բարձր եմ գնահատել։ Այսօր էլ բարձր եմ գնահատում։ Նրա հայտարարությունը պայմանավորված է ինչ-ինչ անձնական նպատակներով։ Ես չգիտեմ՝ ում հետ ինչ կապերի մեջ կլինի, կոնկրետ ինձ հետ մրցակցող դատավորներից որ մեկի հետ ինչ կապերի մեջ կարող է լինել։ Ինձ զարմացրել է նրա հայտարարությունը»,- ասաց դատավորը:

Տավարացյանն ասաց, որ Դատավորների ընդհանուր ժողովում իր թեկնածության հարցին դեմ է եղել դատավոր Սիմիզար Հովսեփյանը։

«Չեմ կարող ասել, որ նրա հիմնավորումները հստակ են, փաստարկված են, պարզապես մարդը չի ցանկանում, որ Նախշուն Տավարացյանը երդում տա, ինքը հղումն անում է որոշ իրավաբանների մեկնաբանությունների»,- ասաց դատավորը՝ հայտարարելով նաև, որ պատրաստ է վեթինգի ենթարկվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter