
Պաշտոնյան չի հայտարարագրել նույնիսկ իր աշխատավարձը
Ջհան Հովհաննիսյանը 2018թ. մայիսին նշանակվել էր ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ: 2018թ. տարեկան հայտարարագիրը ներկայացրել է միայն երեկ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից «նախազգուշացում» վարչական տույժ կիրառելուց հետո:
Նշենք, որ Ջհան Հովհաննիսյանը ներկայում զբաղեցնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդականի պաշտոնը: Նախարար Հակոբ Արշակյանը համապատասխան նշանակումն արել է հունիսի 10-ին:
Ուսումնասիրելով Ջհան Հովհաննիսյանի գույքի ու եկամուտների 2018թ. տարեկան հայտարարագիրը, պարզեցինք, որ պաշտոնյան 38 մլն 560 հազար դրամով նշված տարում ձեռք է բերել «TOYOTA LAND CRUISER PRADO 3.4» մակնիշի ավտոմեքենա: Ուշագրավ է, որ պաշտոնյան 2018-ին հայտարարագրել է 0 դրամ եկամուտ, իսկ հաշվին դրամական միջոցներ չեն եղել: Ստացվում է, որ Ջ. Հովհաննիսյանը նույնիսկ աշխատավարձ չի ստացել:
Ջհան Հովհաննիսյանը եկամուտ չի հայտարարագրել նաև 2017թ. տարեկան հայտարարագրում: Այդ ժամանակ զբաղեցրել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ունեցել է 5 միլիոն դրամ:
Այս պարագայում անհասկանալի է, թե ինչ միջոցներով է պաշտոնյան 38 մլն 560 հազար դրամով գնել ավտոմեքենա, երբ գումար չի ունեցել: Ամեն դեպքում, այդչափ գումար չի հայտարարագրել:
Մեկնաբանել