HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոնոմիկայի նախարարությունը կամ թաքցնում է իր կողմից ներդրումային համարվող ծրագրերը և/կամ չի տիրապետում իրավիճակին

2019 թվականի փետրվարի 15-ին Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվել էր հանձնարարական ներդրումային առաջարկների (ծրագրերի) ընթացքի գույքագրում իրականացնելու վերաբերյալ: Իսկ այս տարվա մայիսի 18-ին, տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին վարչապետին ուղղված զեկույցում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կան 56 ներդրումային ծրագրեր, որոնցից 38-ը ընդհանուր 1,2 միլիարդ դոլար գումարի` համարելով դրանք իրատեսական, իսկ 18-ը` 1.5 միլիարդ ԱՄՆ դոլարի` նշելով, որ սրանք գտնվում են վաղ քննարկման փուլում:

Փորձեցինք Էկոնոմիկայի նախարարությունից պարզել, թե որոնք են այդ ծրագրերը, որ Կառավարությունը համարում է ներդրումային: Այս նպատակով նախարարությանը հարցում ուղարկեցինք և խնդրեցինք ներկայացնել տեղեկատվություն այդ ներդրումային առաջարկների (ծրագրեր) վերաբերյալ հետևյալ տարրերով`

  • Ծրագրի նկարագրությունը և ոլորտը:
  • Ծրագրում սկզբնական և ընդհանուր ներդրման չափը:
  • Ծրագրի գնահատված շահութաբերությունը` Զուտ ներկա արժեքով (NPV), Ներքին վերադարձելիության գործակցով (IRR) և/կամ այլ գնահատման եղանակով:
  • Ծրագրի հետգնման ժամկետը:
  • Ծրագրի սկզբին և հետագայում ներգրավվող աշխատուժի քանակը:
  • Ծրագրով արտադրվող ապրանքների և/կամ մատուցվող ծառայությունների ծավալը պլանավորվող առաջին հինգ տարիների ընթացքում:
  • Ծրագրում ներդրողների մասին տեղեկատվություն` երկիր, ընկերություն, սեփականատեր:
  • Ծրագրում պետության կողմից մասնակցության եղանակը (եթե այդպիսին նախատեսված է)` հարկային արտոնություններ, ենթակառուցվածքի կառուցում, պետության կողմից ֆինանսական մասնակցություն և/կամ այլ աջակցություն:
  • Այլ առկա տեղեկատվություն:

Նշենք, որ սրանք այն անհրաժեշտ նվազագույն տարրերն են, որ պետք է ներառվեն ներդրումային ցանկացած առաջարկում (ծրագրում), որպեսզի դրանք համարվեն ներդրումներ:

Էկոնոմիկայի նախարությունը մեր հարցմանն ուղղված իր պատասխանում (կից) նշում է հետևյալը. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես չի գալիս որպես այդ ծրագրերի նախաձեռնող կամ մշակող, ուստի իրավասու չէ տրամադրելու մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ այնպիսի մանրամասներ, որոնք պարունակում են առևտրային գաղտնիք։ Ձեր կողմից հայցված տեղեկավության մի մասը չի գտնվում նախարարության տրամադրության տակ, և/կամ հաճախակի մասնավոր նախաձեռնողների կողմից նման ցուցանիշների հաշվարկման անհրաժեշտություն չի առաջացել»։

Սրա առնչությամբ պետք է նշել, որ չնայած Էկոնոմկիայի նախարարությունը հայտնում է, որ չի տիրապետում մեր կողմից հայցվող տեղեկատվության մի մասին (չնշելով, թե տեղեկատվության, որ մասը նկատի ունի), բայց, այնուամենայնիվ, այս հանգամանքը նախարարության պատասխանատուներին հետ չի պահել դասակարգելու այդ ծրագրերը՝ որպես ներդրումային և գումարային տեսքով և դրանց մասին հայտարարություն տարածել: Ինչպես արդեն նշեցինք, ցանկացած իրատեսական ներդրումային ծրագիր պարունակում է մեր կողմից հայցվող տարրերը, իսկ դրանց չհաշվարկումը (ըստ Էկոնոմիկայի նախարարության «…հաճախակի մասնավոր նախաձեռնողների կողմից նման ցուցանիշների հաշվարկման անհրաժեշտություն չի առաջացել») խոսում է այդ ծրագրերի ոչ իրատեսական լինելու մասին:

Ինչ վերաբերում է առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվությանը, ապա նշենք, որ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն, և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար»: Իսկ ինչպես երևում է մեր կողմից հայցվող տեղեկատվության տարրերից, այն չի կարող ունենալ իրական կամ հնարավոր առևտրային արժեք:

Միևնույն ժամանակ, էկոնոմիկայի նախարարությունը մեր հարցմանը տվել է նաև հետևյալ պատասխանը. «Անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գույքագրվող ներդրումային առաջարկներին` տեղեկացնում ենք, որ ներկայումս նախարարությունն իրականացնում է ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական ներդրողների կողմից ներկայացված շուրջ 2.8 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրումային արժեքով 59 ծրագրի մշտադիտարկում: Դրանցից 42-ը իրատեսական կամ կարճաժամկետ կտրվածքով ներդրումների իրականացման հնարավորություն ունեցող ծրագրեր են (շուրջ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ), իսկ 17-ը՝ նախնական կամ երկարաժամկետ կտրվածքով ներդրումների իրականացման հնարավորություն ունեցող ծրագրեր (շուրջ 1.7 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ):

Ծրագրերը հիմնականում մշակող արդյունաբերության (14 ծրագիր` շուրջ 1025 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ), կառուցապատման (14 ծրագիր` շուրջ 699 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ), էներգետիկայի (5 ծրագիր` շուրջ 435 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ), զբոսաշրջության (5 ծրագիր` շուրջ 207 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ), ենթակառուցվածքների (4 ծրագիր` շուրջ 170 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ), տեղեկատվական տեխնոլոգիաների (4 ծրագիր` շուրջ 54 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ) և այլ ոլորտների են»:

Սրա առնչությամբ նշենք, որ ներդրողները ներդրումային ծրագրերի մասին խոսելիս, երբ գնահատում են ներդրման արժեքը, նկատի ունեն Զուտ ներկա արժեքը (անգլերենով` NPV), ինչը մեր կողմից հայցվող ցուցանիշներից մեկն է: Հետևաբար եթե Էկոնոմիկայի նախարարությունը նշում է շուրջ 2.8 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրումային արժեքով 59 ծրագրերի մասին, ապա նա կարող էր նման տեղեկատվություն ունենալ միայն յուրաքանչյուր ծրագրի Զուտ ներկա արժեքը ունենալով: Հետևաբար անհասկանալի է, թե ինչու նախարարությունը մեզ չի տրամադրել իր կողմից ներդրումային համարվող ծրագրերը և դրանց յուրաքանչյուրի գծով առնվազն այս ցուցանիշը:

Ուշագրավ է նաև, որ ս.թ. մայիսի 18-ին էկոնոմիկայի նախարարը հայտարարեց ընդհանուր 1.2 միլիարդ դոլար ներդրումային արժեքով թվով 38 իրատեսական համարվող ներդրումային ծրագրերի մասին: Իսկ ս.թ. հուլիսի 9-ին, ի պատասխան մեր հարցման, ինչպես նշված է վերևում, նշել են շուրջ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով 42 իրատեսական համարվող ծրագրերի մասին: Ինչպես երևում է ծրագրերի թիվը աճել է 4-ով, իսկ ընդհանուր` գումարային ներդրումային արժեքը աճելու փոխարեն պակասել է 0.1 միլիարդով (ինչը հավասար է 100 միլիոն ԱՄՆ դոլարի):

Միաժամանակ, նախարարությունը նշել է 17 նախնական կամ երկարաժամկետ կտրվածքով ներդրումների իրականացման հնարավորություն ունեցող ծրագրերի մասին, որոնց գումարային ներդրումային արժեքը գնահատել է շուրջ 1.7 մլրդ ԱՄՆ դոլար: Իսկ ս.թ. մայիսի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարը իր հայտարարության մեջ նշել էր թվով 18` 1.5 միլիարդ ԱՄՆ դոլարի ընդհանուր արժեքով վաղ քննարկման փուլում գտնվող ներդրումային ծրագրերի մասին: Ինչպես երևում է ծրագրերի թիվը պակասել է 1-ով, իսկ գումարային ներդրումային արժեքը, համապատասխանաբար պակասելու փոխարեն աճել է 0.2 միլիարդով (ինչը կազմում է 200 միլիոն ԱՄՆ դոլար):

Հաշվի առնելով վերոգրյալը, ներառյալ նաև Էկոնոմիկայի նախարարության գրության բովանդակությունը, կարելի է եզրակացնել, որ նախարարությունը կամ հանրությունից թաքցնում է հայտարարվող ներդրումային ծրագրերը և/կամ չի տիրապետում դրանց բովանդակությանը, սակայն սա նախարարության պաշտոնյաներին հետ չի պահում այդ առաջարկները համարել ներդրումային և դրանց մասին հայտարարություններ անել ընդհանուր թվերով և արժեքներով:

Հովհաննես Ավետիսյանը հանրային ֆինանսների կառավարման փորձագետ է

Լուսանկարում՝ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը /  © Կառավարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter