HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հանրային լսումների համար օգտագործել օնլայն հարթակները. Աշտարակ համայնքի փորձը դրական արդյունք է տվել

Ինչպե՞ս բնակչությանը մասնակից դարձնել համայնքի կառավարմանը, որտե՞ղ հանդիպել բնակչի հետ: Համայնքապետարանները հանրային բաց լսումներ եւ քննարկումներ կազմակերպելու կարգում թվարկված ձեւաչափերից ոչ մեկն արդյունավետ չեն համարում բնակչության լայն մասնակցություն ապահովելու առումով: «Մարդիկ հետաքրքրված չեն համայնքային բյուջեով, նրանք համայնքապետարան են գալիս միայն անձնական հարցերով»,- սա ամենատարածված բացատրությունն է այն հարցի, թե ինչո՞ւ չի հաջողվում համայնքային բյուջեի քննարկումներին ներգրավել բնակչությանը:

Պարտադի՞ր է քննարկումներն անցկացնել դահլիճում, եթե ժամանակակից տեխնոլոգիաները շփման նոր հարթակներ են առաջարկում, եւ դրանց լայն կիրառությունն արդեն անվիճելի է: Աշտարակի համայնքապետարանում մտածել են, որ մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցիալական կայքերում։ Ուրեմն, ինչո՞ւ չընդլայնել մասնակցայնության գործիքակազմը եւ մարդկանց հետ հաղորդակցությունը տեղափոխել օնլայն հարթակներ:

Աշտարակ համայնքի ղեկավարի տեղակալ Գեւորգ Եղիազարյանն ասում է, որ վերջին երկու տարիներին համայնքապետարանը բյուջետավարման ողջ գործընթացը՝ բյուջեի նախագծումից մինչեւ կատարողականի քննարկումը, իրականացրել է ոչ ստանդարտ ձեւաչափով:

Աշտարակ համայնքի 2018թ. բյուջեի նախագծումն իրականացրել են օնլայն հարթակում՝ համատեղելով սոցիալական մեդիայի եւ համայնքի կայքէջի հնարավորությունները: Համայնքապետարանի պաշտոնական կայքում պատուհան է ավելացվել, որտեղ տեղադրել են համայնքի 2018թ. բյուջեի նախագծի հանրային քննարկման հրավերը: Պատրաստել են բյուջեի հակիրճ, լայն հանրության համար մատչելի տարբերակը եւ ներբեռնման հնարավորությամբ տեղադրել կայքում:

www.ashtarak.am-ի հղումը տարածել են սոցիալական ցանցերում, միեւնույն ժամանակ նշել են, որ սոցցանցերում  արտահայտված կարծիքները հաշվի չեն առնվի,  կքննարկվեն միայն պաշտոնական կայքում գրված կարծիքները: «Այդպես ունենում ենք ինֆորմացիայի մեկ աղբյուր՝ պաշտոնական կայքը, բնակչին եւս մեկ անգամ հուշում ենք, որ հաճախակի այցելեն համայնքի պաշտոնական կայք եւ այնտեղից տեղեկանան համայնքում  կատարվող աշխատանքներին: Նաեւ ցանկալի է, որ մեկնաբանություններ, առաջարկություններ, կարծիքներ հայտնեն պաշտոնական կայքում: Մասնակցայնությունը խրախուսելու համար նաեւ ասել էինք, որ եթե հիմա ձեր առաջարկները չներկայացնեք, հետո չենք կարող ներառել բյուջեում»,- ներկայացնում է Գ. Եղիազարյանը:

«Սկզբում թերահավատ էինք, որ որեւէ մեկը կարձագանքի, բայց արձագանքներ եղան: Բացի նրանից, որ մարդիկ ողջունում էին մեր նախաձեռնությունը, նաեւ բյուջեում փոփոխություններ կատարելու առաջարկներ ներկայացրին»,- պատմում է Գեւորգ Եղիազարյանը:

Նորարարությունն առաջին անգամ կիրառելիս մոտ 30 կարծիք է ներկայացվել: Մեր հարցին՝ կայի՞ն օգտակար առաջարկներ, որոնք հաշվի առնվեցին բյուջեն կազմելիս, համայնքապետի տեղակալը պատասխանեց. «Մենք նախատեսել էինք փողոցային լուսավորության արդիականացման աշխատանքներ իրականացնել, բայց մի քանի օգտատերեր առաջարկել էին երկրորդային նշանակության փողոցները լուսավորել: Բնակիչների առաջարկներն ընդգրկվեցին 2018թ. բյուջեում, եւ այդ փողոցներն այսօր լուսավորված են: Առաջարկվել էր նաեւ որոշ փողոցներում գազիֆիկացման  հարցը լուծել, որի համար գումար նախատեսեցինք՝ բնակիչներին աջակցելու նպատակով»:

2019-ի բյուջեի հանրային լսումը դարձյալ կատարել են օնլայն տարբերակով, այնուհետեւ կիրառել են ավանդական տարբերակը՝ դահլիճում դեմառդեմ քննարկումը: 2019-ին 11 հոգի է կարծիք հայտնել, որը Գ. Եղիազարյանը բացատրում է նրանով, որ հայտարարել էին նաեւ դահլիճային քնարկում իրականացնելու մասին: Ոմանք այդ ձեւաչափով են մասնակցել: Երկու ձեւաչափերի կիրառման համեմատական վերլուծությունից հետեւություն են կատարել, որ օնլայն հարթակում կարծիքներն ավելի անկեղծ էին, քան դահլիճային քննարկման ժամանակ:

Աշտարակի համայնքապետարանը հանրային լսումների մեծ գործիքակազմից իրենց համար ամենաարդյունավետ եւ կիրառելի տարբերակը օնլայն հարթակն է համարում: Սրա առավելությունն այն է, որ շարունակաբար կարելի է կատարելագործել՝ բջջային հավելվածի տեսքով լսումներ կազմակերպելիս երիտասարդներն ավելի ակտիվ կմասնակցեն: Այս գործիքը կարելի է զարգացնել եւ կիրառելի դարձնել բազմաբնակավայր համայնքների համար, որտեղ ավելի դժվար է հանրային քննարկումներ կազմակերպելը:  

Ծրագրերի առաջնահերթությունները որոշելու համար նախորդ տարիներին կիրառել են SMS հաղորդագրությունները: «Ի զարմանս մեզ՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու համար առաջնահերթ համարվող ծրագիրը բնակիչները համարեցին երրորդական, եւ այսպես լուծվեց ծրագրերի առաջնահերթության հարցը»,- հայտնեց համայնքապետի տեղակալը:

Բայցեւայնպես, համայնքում բնակչությունը բազմաշերտ է եւ անհրաժեշտ է կիրառել այնպիսի գործիքներ, որոնք հնարավորություն կտան սոցիալական բոլոր խավերին ներգրավել համայնքային կառավարմանը: Նկատի ունենալով, որ միջինից բարձր տարիքային խումբը նույնպես առաջարկներ կունենա եւ նրանց ձայնը նույնպես լսելի պետք է լինի, Աշտարակի համայնքապետարանում մտածել են հաջորդ տարվա բյուջեի նախագիծը քննարկել քաղաքային զբոսայգում, որտեղ տարբեր տարիքային եւ սոցիալական  հետաքրքրությունների տեր մարդիկ են հավաքվում:

Այսպիսով, տեղին չեն պատճառաբանությունները, որ հանրային քննարկումներ հնարավոր է կազմակերպել միայն համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցներով: Պարզապես պետք է գտնեք բնակչության հետ ավելի ազատ ու անկաշկանդ շփվելու ձեր հարթակը:       

Տեսանյութը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter