
Սաթօ Մուղալեանի «Մոխիրների խրախճանքը» գիրքը բացահայտում է Քյոթահիայից Երուսաղեմ հասած կապույտ հախճապակու անհայտ էջերը
Գյումրիում գործող Իտալիայի հյուպատոսարանում օրերս տեղի ունեցավ Նյու Յորքում բնակվող, հայազգի Սաթօ Մուղալեանի հեղինակած «Մոխիրների խրախճանքը» գրքի շնորհանդեսը, որտեղ ներկայացված է Անատոլիայի նահանգի Քյոթահիա (Կուտինա) քաղաքի հայ խեցեգործներից Դավիթ Օհաննեսեանի կյանքն ու գործունեությունը:
«Ես Դավիթ Օհաննեսեանի թոռնուհին եմ: Իմ պապը ծնվել է 1884թ-ին, Անատոլիայի Քյոթահիայում (Կուտինա), որտեղ էլ սովորել է խեցեգործության գաղտնիքները: 1915թ-ի վերջին նա ձերբակալվել է եւ դատապարտվել մահվան, սակայն կարողացել է խուսափել ու կնոջ, երեք զավակների հետ տարագրվել Հալեպ, որտեղ ապրել է երկու տարի ու տեղափոխվել Երուսաղեմ՝ 1919թ.-ին հիմնելով կերամիկայի իր արհեստանոցը»,- ասում է Սաթօ Մուղալեանը:
Պատմական Հայաստանի Քյոթահիա(Կուտինա) բնակավայրը 15-րդ դարից հայտնի է եղել կերամիկայի արտադրությամբ: Քյոթահիայի հայ վարպետները մեծ ավանդ են ունեցել տարածաշրջանի խեցեգործության զարգացման գործում՝ նրանց աշխատանքներն արտահանվել են անգամ եվրոպական երկրներ: 18-րդ դարի 1-ին կեսին Քյոթահիայում պատրաստված կավե խնկամանը՝ զարդարված խաչի պատկերով ու հայերեն գրերով՝ նվիրված Սբ. Աստվածածնին, ներկայում պահվում է Ցինցինատիի թանգարանում (ԱՄՆ, Օհայո նահանգ):
17-18-րդ դարերում Կուտինայի հախճապակու արվեստը պարզապես ծաղկում էր: Այդ շրջանի լավագույն նմուշները պահպանվում են Էրմիտաժում, Լուվրում, Վենետիկի Սբ. Ղազարի Մխիթարյան միաբանության թանգարանում, արվեստի ու պատմության Բրիտանական թանգարանում: Հայ վարպետների հախճասալիկներով զարդարված են Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի Հարության տաճարը, Կեսարիայի Սբ. Կարապետ վանքի Հրեշտակապետաց եկեղեցին, Կ.Պոլսի և Նոր Ջուղայի մի քանի եկեղեցիներ։
«Պապս կերամիկայի արհեստը սովորել է Մինասյան եղբայրների արհեստանոցում եւ 1907թ.-ին Քյոթահիայում սեփական արհեստանոցն է բացել: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ այնտեղ երեք հայտնի արհեստանոց է եղել՝ «Մինասյան», «Մեհմեդ օղլի» եւ «Օհաննեսեան»,-պատմում է խեցեգործ պապի երաժիշտ թոռնուհին,- ցեղասպանության հետեւանքով Հալեպում հայտնված պապս իր կերամիկական գործերով անգլիացիների շրջանում հայտնի է դարձել շնորհիվ Մարկ Սայքսի, որի հրավերով ձեւավորել է նրա տունը Յորքշիրում»:
Դավիթ Օհաննեսեանը հայտնի է եղել պատմական հուշարձանների վերանորոգման հմտություններով եւ փորձառությամբ: Նրա ստեղծած սալիկներով երեսապատվել են Կոստանդնուպոլսի կարեւոր շինությունները: Օսմանյան կայսրության տարածքում կազմակերպված ցուցահանդեսներում Դավիթ Օհաննեսեանի աշխատանքները բազմիցս արժանացել են պարգեւների: Օհաննեսեանը Հարություն եւ Դավիթ Մինասյանների հետ մեծ քանակությամբ խեցեղեն է արտահանել Ֆրանիսա եւ Անգլիա:
«1980-90-ականներին սկսեցի ուսումնասիրել բոլոր հրատարակված նյութերը, որոնք վերաբերում էին Դավիթ Օհաննեսեանի կյանքին ու արվեստին,-պատմում է Սաթօ Մուղալեանը,- եւ հասկացա, որ մեծ բացեր կան: Նաեւ ուսումնասիրեցի 10-րդ դարի հայկական Քյոթահիայի մասին եղած հրապարակումները՝ հատկապես Կարօ Քիուրքմանի 2006թ-ին հրատարակած «Կավե եւ կրակե հրաշքը» գիրքը, Տիգրան Գույումճեանի Քյոթահիայի խեցեգործության վերաբերյալ ակնարկները, նաեւ Արշակ Ալպոյաճեանի հուշամատյանը, որտեղ կարեւոր աղբյուր է հանդիսացել Օհաննեսեան անունը: Ճիշտն ասած, բնավ չէի նախատեսած գիրք գրել, սակայն երբ խորացա նյութերի մեջ, զարմանալի քանակությամբ անհայտ փաստաթղթեր գտա՝ որոշեցի ամփոփել այդ ամենը գրքում»:
Սաթօ Մուղալեանը պրոֆեսիոնալ ֆլեյտահար է: «Մոխիրների խրախճանքը» գիրքը գրելու վրա ծախսել է 12 տարի, որից 7-ը՝ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունների, Թուրքիա, Սիրիա, Երուսաղեմ, Անգլիա կատարած ճամփորդությունների վրա: Գիրքը հրատարակված է անգլերենով, սակայն հեղինակի խոսքերով, եթե ցանկություն հայտնեն ընթերցողները, կաշխատի նաեւ հայերեն տարբերակով հայ հանրությանը ներկայացնել:
Ցեղասպանությունից հետո հայ փախստական խեցեգործների շնորհիվ Կուտանիայի հախճապակի պատրաստելու արհեստը վերածնվեց Երուսաղեմում:
Արտերկրում, չիմացության պատճառով, հաճախ հայ խեցեգործների աշխատանքները ներկայացվում են որպես իսլամական: Սակայն, մասնագետների պնդմամբ, մահմեդական խեցեգործները հիմնականում սիմետրիկ դիզայնով աշխատանքներ են կատարում, իսկ հայ խեցեգործների ստեղծած եղնիկներն ու այլ կենդանիներ գտնվում են շարժման մեջ: Կուտանիայից Երուսաղեմ հասած կապույտ սալիկների իրական պատմությունը ներկայացնելով՝ Սաթօ Մուղալեանը փորձել է պատմության համար պահպանել Արեւմտյան Հայաստանում ծնունդ առած եւ աշխարհում հայտնի հայկական խեցեգործության ավանդույթները:
«Ես ծրագրել եմ ճամփորդել եւ խոսել, ինչպես նաեւ շարունակել գրել Երուսաղեմի հայկական խեցեգործության մասին,- ասում է Սաթօ Մուղալեանը,-շատ կարեւոր է ուշադրություն դարձնել Գարագաշեան, Պալեան, Սանդրունի, Լեփեճեան եւ Անդրէասեան ընտանիքների կողմից Երուսաղեմում ներկայում ստեղծվող գեղեցիկ աշխատանքներին, ինչպես նաեւ աջակցել Գյումրու մեջ վերջերս վերածնված խեցեգործական ավանդույթներին»:
Մեկնաբանել