
«Զվարթնոցի» ցուցանիշներն ու միտումները. ուղեւորներ, բեռներ, թռիչքներ
2019 թ. առաջին 6 ամիսների ընթացքում Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը ընդունել եւ ճանապարհել է 1.252.438 ուղեւորի: 2018-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 1.130.864 մարդ:
Այսինքն՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանի գլխավոր օդային դարպասներից օգտվողների թիվն անցյալ տարվա նույն ամիսների համեմատ ավելացել է 121.574 ուղեւորով:
Ստորեւ ներկայացվող գրաֆիկում երեւում է, որ ուղեւորահոսքի միտումները պահպանվում են՝ հունվարից հետո փետրվարին նկատվում է անկում, որից հետո աճ է սկսվում: Ընդհանրապես, փետրվարը եղել եւ մնում է ամենապասիվ ամիսը տարվա մեջ:
Բեռնափոխադրման ծավալների լավագույն ցուցանիշները վերջին տարիներին գրանցվել են 2017-ին: Ինչպես 2018-ին, այս տարի էլ արձանագրված ծավալները զիջում են 2017-ի թվերին, չնայած տարեվերջին պատկերը կարող է փոխվել: Նշենք, որ բեռնափոխադրման ցուցանիշների կորը, ի տարբերություն ուղեւորափոխադրման, որեւէ օրինաչափության չի ենթարկվում:
Հետաքրքիր պատկեր է թռիչք-վայրէջքների սեգմենտում: Ըստ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի տվյալների՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին «Զվարթնոցում» ավելի շատ թռիչք-վայրէջք է եղել, քան 2018-ի նույն հատվածում, սակայն ապրիլի ու մայիսի ցուցանիշները զիջել են նախորդ տարվա նույն ամիսների թվերին: Այդուհանդերձ, 2019-ի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ կտրուկ աճ է գրանցվել:
Հետաքրքիր է, որ «Զվարթնոցի» կոնցեսիոն կառավարիչ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն վիճակագրությունը վարում է թռիչքների ու վայրէջքների գումարային հաշվարկով, իսկ ՔԱԿ-ը մեկ թռիչքն ու մեկ վայրէջքը հաշվում է մեկ հատ՝ որպես թռիչք-վայրէջք: «ԱՄՕ»-ի տրամադրած տվյալների համաձայն՝ եթե 2018-ի առաջին կիսամյակում «Զվարթնոցում» կատարվել է ընդհանուր 10.499 հատ թռիչք ու վայրէջք, ապա այս տարվա առաջին 6 ամիսներին այդ թիվը եղել է 10.975:
Շեշտենք, որ ռուս-վրացական լարվածությունից հետո, երբ ռուսական եւ վրացական օպերատորները որոշեցին որպես միջանկյալ հարթակ օգտագործել Հայաստանը, չվերթները «Զվարթնոցում» աճել են: Դա, բնականաբար, նշանակում է նաեւ ուղեւորահոսքի աճ: Անկախ դրանից՝ չմոռանանք, որ ամառային զբոսաշրջային ամիսներն ամենահագեցածն են: Փաստացի ծավալները կտեսնենք 2019-ի երկրորդ կիսամյակում: Դրանք որոշիչ կլինեն նաեւ արտադրական տարեկան ցուցանիշների ձեւավորման հարցում:
Հաջորդիվ կանդրադառնանք Գյումրու «Շիրակ» օդանավակայանի կիսամյակային տվյալներին:
Լուսանկարը՝ zvartnots.aero-ի
Մեկնաբանել