HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարդարապատը» կոչ է անում այլեւս չմասնակցել կեղծ ընտրություններին

Ընտրական իրավունքի բացահայտ ու աղաղակող խախտումներով տեղի ունեցած Հրազդանի քաղաքապետի ընտրությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ քրեաօլիգարխիկ վարչախմբի վերջնական նպատակը Հայաստանում ամբողջատիրության հաստատումն է: 

Այդ նպատակի մասնակի իրականացման մասին է վկայում նաև նույն օրը Հայաստանի 39 համայնքների մի զգալի մասում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մեկական թեկնածուներով անցկացնելու փաստը: Օգտվելով ազգային պետություն կառուցելուն միտված այլընտրանքային քաղաքական մշակույթի և ռեալ դիմադրության բացակայությունից՝ վարչախումբը հետևողականորեն ու մեթոդաբար մեզ վերադարձնում է խորհրդային ամբողջատիրական քաղաքական մշակույթի ճահիճը:

Վարչախումբը լիակատար վերահսկողություն է հաստատել առկա քաղաքական համակարգի վրա, իսկ ընտրությունները վերածել է իր վերարտադրության անխափան մեխանիզմի: Նույնիսկ մեկ առանձին վերցրած համայնքում` ընդդիմության գրեթե ամբողջ ներուժի մոբիլիզացման և քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի բացառիկ հեղինակության ու առավելագույն թվով կողմնակիցներ ունենալու պարագայում հերթական անգամ ստիպված ենք արձանագրել, որ կատարելության հասցված ընտրակեղծիքների մեքենան անհաղթահարելի է:

Ընտրողներին քաղաքականապես հասուն չլինելու և ընտրակեղծիքների գործիք դառնալու մեջ մեղադրելը քաղաքական մանկամտություն է: Խորհրդային ամբողջատիրական քաղաքական մշակույթից դեռևս լիովին չկտրված ընտրողի տեսադաշտը փակվել է այդ մշակույթի վերարտադրվող տարատեսակով, ուստի նա չի կարող տեսնել իրավիճակը հաղթահարելու իրատեսական լուծումներ: Տիրապետող քաղաքական մշակույթի տիրույթում հայտնի գործելակերպերը` ընտրություններին մասնակցելը կամ դասական իմաստով դրանք բոյկոտելը, արդյունք չեն տալիս: 

Նշված քաղաքական-մշակութային փակուղուց դուրս գալու ճանապարհը քաղաքական ստեղծագործության միջոցով ժողովրդավարական այլընտրանքային քաղաքական մշակույթի ու համակարգի ձևավորման միջավայրի ստեղծումն է:

Առաջարկում ենք.

1. մերժել իշխանությունը յուրացրած բռնապետական վարչախմբի խաղի կանոնները և այլևս չմասնակցելով նրա վերարտադրության մեխանիզմի վերածված կեղծ ընտրություններին` խափանել տիրապետող քաղաքական մշակույթի և համակարգի սնուցումը ու վարչախմբի լեգիտիմացումը,

2. միասնական ջանքերի գործադրմամբ ձեռնամուխ լինել ժողովրդի իրական ցանկություններն ու նպատակներն արտացոլող զուգահեռ իշխանական մարմինների սաղմերի ձևավորման միջավայրի (այլընտրանքային նախախորհրդարան) ստեղծմանը,

3. հետևողականորեն համապատասխան ներուժ ու ռեսուրս կուտակելով (համախոհների համախմբում, ազգային պետության կառուցման հայեցակարգային-ռազմավարական հիմնադրույթների մշակում, ապագա իշխանության հիմնական մարմինների ձևավորման մեխանիզմների հստակեցում և այլն)՝ ստեղծել իրական լեգիտիմությամբ օժտված այլընտրանքային իշխանության հիմնական մարմինների համակարգ,

4. լեգիտիմ ու իրական իշխանության մարմինների համակարգի կայացմանը զուգընթաց բոլոր հնարավոր ձևերով նվազարկել ու չեզոքացնել վարչախմբի ներուժն ու ռեսուրսը` հասնելով ժողովրդի իշխանությամբ նրա վերջնական փոխարինմանը:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
Ընտրությունները բոյկոտելու ամենահաջող ձևը ընտրություններին մասնակցելն և դեմ քվեարկելն է: Եթե դեմ քվեարկածների թիվը գերազանցի մյուս թեկնածուներին տված ձայների քանակից, ապա դրանով մեծամասնությունը կապացուցի, որ ընդհանրապես չի վստահում ընտրական համակարգին, իշխանություններին: Իսկ հոդվածում նշված 4 կետերը կմնան սոսկ թղթի վրա գրված կետեր եթե իհարկե չնշվի իշխանափոխության օրինական ուղին: Իմ կարծիքով օրինական ընտրված կհամարվի այն թեկնածուն, որը համաժողովրդական` ,,Բաց քվեարկություն,, կոչվող ստորագրահավաքի միջոցով կհավաքի անհրաժեշտ քանակության ձայներ: Այս դեպքում այլընտրանքային խորհրդարանը և այլընտրանքային նապագահը կհամարվեն ժողովրդական, իսկ պաշտոնոկան ընտրություններով ,,ընտրվածները,, ավազակներ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես էլ եմ գտնում, որ առաջարկած 4 կետերը կարևոր են: ԱՆԱՐԴԱՐ ընտրությունների պայմաններում մնում է ՄԻԱՅՆ մեկ էֆեկտիվ միջոց - զուգահեռ իշխանական մարմինների ստեղծում: Հույս այլևս պետք ՉԷ դնել 5000 դրամանոց քաղաքական պ.ռնիկների վրա: Հրազդանյան ԱՆԱՐԴԱՐ ընտրություններից հետո ես էլ եմ մտքափոխվել - պիտի ԲՈՅԿՈՏԵԼ մայիսյան ընտրությունները, որպես չարիքի փոքրագույն: Ներկա օլիգարխային իշխանությունները ՉԵՆ ցանկանում արդար ընտրություններ-դա իրենց ձեռք ՉԻ տալիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter