HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նինա Կարապետյանց. «Մենք, կարծես, չափից շատ ենք թավշում»

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

 

Հարգարժան Նինա Կարապետյանց, բարի օր Ձեզ

Օգտվելով այս առիթից` շնորհակալություն եմ հայտնում տասնամյակների Ձեր արդյունավետ իրավապաշտպան գործունեության համար: Դուք մշտապես մարդկանց կողքին եք, որոնց իրավունքները խախտվել են պետական մարմինների կողմից:  

Անկախացումից ի վեր մեր երկրում դատական համակարգի կայացմանը, մարդու իրավունքների գերակայության հաստատմանը գործնականում աջակցում են Եվրոպական կառույցները, Արևմուտքը: Ինքս անցնելով սովետական միությունից ժառանգած դատաիրավական համակարգի ճիրանների միջով` հազարավոր քաղաքացիների հետ միասին վկայում եմ՝ չլիներ միջազգային կառույցների և իրավապաշտպան ՀԿ-ների գործունեությունը, մինչ օրս բանտերում ու ոստիկանության բաժանմունքներում կշարունակվեին ամենօրյա խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը: 

Դատական իշխանությունն անկախ է, բայց ոչ մարդու իրավունքներից և օրենքներից, որոնք գործիք են այդ իրավունքները պաշտպանելու և իրացնելու համար: Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց վիրահատական միջոցներով դատական համակարգում հեղափոխության մեկնարկի մասին: Նույն տրամաբանության մեջ էր նաև Ձեր հարցազրույցը՝ դատարանների դիմաց ակցիաների օրը: Այս թեմաների շուրջ հրավիրում եմ Ձեզ հարցազրույցի:

-Ինչու՞, ի տարբերություն Եվրոպական կառույցների և ԱՄՆ-ի, Ռուսաստանի իշխանությունները չեն աջակցում մեր երկրում դատաիրավական ոլորտի զարգացմանն և կայացմանը:  

- Ռուսաստանի Դաշնությունը շատ ավելի այլ բովանդակության ներդրումներ է կատարում մեր երկրում. Ռուսաստանը, որը մեր նախորդ հանցավոր ռեժիմների թեթև ձեռքով դարձել է Հայաստանում ամենակարևոր ստրատեգիական օբյեկտների համասեփականատեր կամ որոշ դեպքերում սեփականատեր, նպատակահարմար չի գտնում ներդրում կատարել այն ոլորտներում, որոնք բերելու են քաղաքացիական հասարակության զարգացման: Բայց հենց մեր քայլերը պիտի լինեն այնպիսին, որ կախված չլինենք որևէ այլ պետության նպատակներից, շահերից: Մենք պիտի զարգանանք էնպես, ինչպես մեզ համար է արդյունավետ ու նպատակային քաղաքացու, պետության, ժողովրդավարության զարգացման տեսանկյունից: Մենք պիտի կատարենք դատաիրավական համակարգի փոփոխությանն ուղղված լուրջ քայլեր ու առհասարակ բոլոր ոլորտների:

- Ինչու՞ են հենց այսօր և հենց ռուսամետ ուժերը փորձում խոչընդոտել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների, քաղաքացիական նախաձեռնությունների, խմբերի կամ թե անհատների գործունեությունը:

- Այսօր պարզապես դա տեսանելի է դարձել: Նախ ՝ ժամանակին այդ ամենն արվում էր, բայց այդքան էլ տեսանելի չէր: Եվ երկրորդ՝ Ռուսաստանի համար այսօր դա օրհասական խնդիր է, քանի որ շատ հեշտ է, այսպես ասած, չակերտներում գնել քաղաքական գործիչների, ուժերի, բայց քաղաքացիական հասարակության որոշ ուժեր ուղղակի չեն վաճառնում, քանի որ այլ առաջնահերթություններ ունեն: Ու շատ կարևոր էր, որ քաղաքացիական հասարակությունը հեղափոխության օրերին անմասն չմնաց դեպի ժողովրդավարություն տանող պրոցեսներից, հետևաբար այդ հասարակությանը որպես թշնամի են ընկալում, անգամ անվանում են ընտրել ՀԿ-ների համար՝ «օտարերկրյա գործակալ»: Սա վիրավորական է, իհարկե:

- Քրեական օրենսգրքում կա մի հոդված, որը երբեք չի կիրառվել՝ դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելն է: Արդյո՞ք սա վկայում է, որ երբևէ նման դատավճիռ չի կայացվել, նման դատավոր չի եղել, թե՞...

-Հելսինկյան ասոցացիան՝ որպես իրավապաշտպան կառույց, դիմել էր գլխավոր դատախազություն, թե ուժի մեջ մտնելուց հետո քանի անգամ է այդ հոդվածը կիրառվել: Մեկ տարուց ավելի է մենք դրա պատասխանը չենք ստացել: Հասկանում ենք՝ ինչու չենք ստացել, քանի որ գլխավոր դատախազը պատասխան չունի: Պատասխանը, բնականաբար, լինելու էր բացասական, որ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Առնվազն գոնե Եվրոպական դատարանից վճիռներ կային նախորդ ռեժիմի ժամանակ, երբ ակնհայտ անմեղ մարդկանց քրեական պատասխանատվության են ենթարկել կոնկրետ դատավորներ: 

-Մեր դատարանները օրենքներին հակասող բազմաթիվ որոշումներ են կայացրել և կայացնում, հաճախ չեն գործում իրավունքի գերակայությունից ելնելով: Նման իրավիճակում, արդյո՞ք գործադիր իշխանության պարտականությունն է միջոցներ ձեռնարկել դատական իշխանությունը օրենքի և իրավունքի դաշտ բերելու համար:

-Ես ավելի շատ օրենսդիր մարմնի գործառույթներն եմ այստեղ տեսնում փոփոխություններ կատարելու առումով: Անհրաժեշտ են հեղափոխական փոփոխություններ, որովհետև առանց այդպիսի փոփոխությունների հնարավոր չէ կարգի հրավիրել համակարգը... բայց պարգևատրներ են նշանակվում և կոչումներ են բարձրացվում նախորդ ռեժիմներին ծառայած պաշտոնյաներին. այս պայմաններում, իմ կարծիքով, հնարավոր չէ առաջընթաց ապահովել: 

-Ինչպե՞ս եք գործնականում պատկերացնում անցումային արդարադատության իրականացումը:

- Անցումային արդարադատությունը պետք է արձագանքի բոլոր այն հարցերին, որոնց պատասխանները մենք չենք կարողացել ստանալ մի քանի տասնամյակ: Այն չի կարող սահմանափակվել զուտ օրենքների մակարդակում հարցեր լուծելով, որովհետև կան հարցեր, որոնց վաղեմությունն է անցել, կան օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, և ամեն ինչ բացատրվում է օրենքով: Ինձ համար անցումային արդարադատությունը պետք է լինի իրավունքի բացառիկ գերակայության տեսանկյունից: Դա կարող է շատ երկար տևել, բայց յուրաքանչյուր անձ, ում իրավունքը խախտված է եղել, պիտի հնարավորություն ունենա վերականգնելու իր խախտված իրավունքը: Դա միշտ չէ, որ կարող է դրսևորվել նյութական հատուցումով, բայց առնվազն գոնե մարդիկ պիտի իմանան, որ պետությունը փորձել է ինչ-որ կերպ վերականգնել խախտված իրավունքը: Անպայման պիտի լինի լյուստրացիայի ինչ-որ բլոկ: Մենք անպայման պիտի իմանանք այն մարդկանց անուններն, ովքեր հանցանքներ են գործել պատվերով, բայց մնացել են անպատիժ: Պետք է իմանանք բոլոր այն պաշտոնատար անձանց անունները, ովքեր թալանել են պետությունը, ժողովրդին և դրա հետևանքով մենք ունեցել ենք ոչ միայն հետընթաց, այլև մարդկային զոհեր, արտագաղթ: Եվ անպայման պիտի ունենաք քրեական պատասխանատվության ենթարկված մարդիկ՝ անկախության պահից սկսած մինչև մեր օրերը տեղի ունեցած հանցագործություններով, որովհետև ցանկացած իշխանավոր պիտի իմանա, որ ինքը պատասխանատվություն է կրելու իր կատարած հանցանքի համար: Եվ դա է լինելու միակ երաշխիքը, որ հաջորդիվ եկող իշխանությունները երբեք իրենց թույլ չտան այն լկտի, ոչ պետականամետ պահվածքը, որը մենք տեսել ենք վերջին տասնամյակներին: 

-Ի՞նչ եք կարծում` 4-րդ իշխանությունը ի՞նչպիսի դերակատարություն ունի այսօր՝ հեղափոխությունից հետո:

- Մեդիայի դերը ցանկացած ժողովրդավարական հասարակությունում բացառիկ է, քանի որ միջոց է լսելի դարձնելու այլ տեսակետներ կամ այն ձայները, որոնք տեսանելի ու լսելի չեն նույնիսկ իշխանությունների համար: Այսօր այդ դաշտը լիարժեք կազմավորված չէ: Կան լրատվամիջոցներ, որոնք գոնե ինձ համար անձնապես վստահելի աղբյուր են, սակայն կարծես վերջերս ստեղծվեցին կամ գնվեցին լրատվամիջոցներ, որոնց նպատակը ֆեյք լուրերի տարածումն է և իրավիճակի խարխլումն է: Եվ շատ դժվար է այս իրավիճակում շարքային քաղաքացուն կողմնորոշվել, տարբերակել ինֆորմացիոն հոսքի մեջ՝ որն է իրականությունը, որը՝ կեղծիք: Ցավոք, սա չի կարելի կարգավորել, դա կդիտվի որպես միջամտություն մեդիայի գործունեությանը: Բայց դրանք հաճախ տարածում են ատելության խոսք և խտրականություն, ինչը մեր իրավապահ մարմինների կողմից համարժեք գնահատականի չի արժանանում: Հատկապես այն մեդիաները, որոնք ինտերնետային տիրույթում են, վերահսկողությունից բացառապես դուրս են: 

-Ինչպե՞ս անել, որ իշխանության բոլոր թևերի գործունեությունը կախված չլինի երկրի նախագահի, վարչապետի անձից, նրանից, թե որ կուսակցությունն է եկել իշխանության: Ինչպե՞ս անել, որ պետական մեխանիզմը անխափան աշխատի իրավունքի գերակայությունից ելնելով և առաջնորդվելով օրենքներով: 

- Պետք է ինստիտուցիոնալ առումով լինի պաշտպանվածություն և կադրերի առումով նույնպես, իսկ քաղաքացին լինի պահանջատեր: Այն պահին, երբ հասարակությունը պահանջատեր չեղավ, իշխանությունը մոնստր դառնալու շանսեր ունի: Ամեն մեկը իր տեղում պիտի լինի: Միայն նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների մասին չէ խոսքը, այլ՝ վարչության պետեր, բաժնի պետեր, գլխավոր մասնագետներ և այլն: Երբ հարց ես բարձրացնում, ասում են՝ դե՛ համակարգն է մեղավոր, չէ՛, կոնկրետ անձ է մեղավոր, օրինակ՝ դատավոր, դատախազ, քննիչ է մեղավոր: Պիտի անձնապես պատասխանատվություն լինի: Բայց ես այդ ցանկությունը չեմ տեսնում նոր իշխանությունների մոտ. մենք, կարծես, չափից շատ ենք թավշում ու թավշում ոչ նրանց նկատմամբ, ովքեր դրան արժանի են: Ժողովրդի հանդեպ թավիշը մառացել ենք, թավշում ենք նախկին հանցավոր ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ:  

Անչափ շնորհակալ եմ հարցազրույցի համար, բարեմաղթանքներով` Մհեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter