
Պոմպակայանները չեն աշխատում. Աղավնատուն գյուղի մի հատվածում 20 օրից ավելի ոռոգում չի կատարվել
Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի «կանալներ» կոչվող տարածքում 20 օրից ավելի գյուղացիները ոռոգման ջուր չունեն: Խաղողի այգիները թառամել էին չորությունից, ինչն անկասկած անդրադառնալու է նաև բերքի վրա: Չորացել էին նաև բանջարաբոստանային մշակաբույսերը: Մեծ առուն հոսում է հողամասերի գլխամասով, սակայն ոռոգելու հնարավորություն չկա, անպայման պոմպով պետք է ջուրը բարձրանա:
Գյուղի այդ հատվածում ոռոգումն իրականացվում է երեք պոմպակայանների միջոցով: Այս օրերին, երկու պոմպակայաններն անսարք էին, իսկ մյուսի ուղղությունն այլ է, և գյուղացիները չեն կարողանում ջուրը տեղ հասցնել:
Պավլուշ Հովհաննիսյանը ցույց էր տալիս թառամած այգին և նշում, որ իրենց պոմպակայանի անսարքությունը լուրջ բան չէ, առավելագույնը մեկ ժամվա հարց է: Սակայն, 20 օր է՝ «Էջմիածին» ՋՕԸ-ից ասում են, թե այսօր կամ վաղը կվերանորոգեն ու այդպես էլ որևէ աշխատանք չեն կատարում:
«Որ վարձավճարն ուշացնում ենք, մեզ գցում են դատարանի դռնելը, բա իրանց ո՞վ պիտի գցի դատարանի դուռը: Թե մեղավորը միշտ գյուղացին է»,-ասում է Պավլուշ Հովհաննիսյանը: Նա ցույց էր տալիս նաև իր այգու հարևանությամբ հերկված, բայց դատարկ հողերը: Ասում է, գյուղացիներն այս տարածքում չեն կարողանում ցանք կատարել, քանի որ չգիտեն, թե երբ ջուր կունենան:
«Որ ջուրը տվեցին, ստեղ իրար են սպանելու: Պատկերացրեք 20 օր հողը ջուր չի տեսել, ամեն մեկս էլ փորձելու ենք րոպե առաջ ջրել: Թող գան տեսնեն, թե ինչ է կատարվելու»,-ասում է գյուղացին: Երկրորդ պոմպակայանը քիչ հեռվում է, որը ևս անսարք է:
Հավաքվածքներից Սահակ Միսակյանն էլ ասաց, որ ՋՕԸ-ի աշխատակից է, և հաստատեց, որ 20 օր է ջուր չունեն գյուղացիները: Նա նշեց, որ գյուղում նաև ջրի բաշխման հարց կա: Որպես օրինակ՝ ցույց տվեց իր հողամասը: Վերադասները հարևան Լեռնամերձ գյուղին ջուր տալու համար չեն սպասել, որպեսզի իր հողի ոռոգումն ավարտի և ջուրը կեսից փակել են: Նոր ցանած լոբու կեսը ջրվել է, իսկ շարունակությունը՝ մնացել չոր հողի մեջ: Նույնը նաև թարխունը:
«Եթե ես իրենց աշխատակիցն եմ, ինձ հետ են այդպես վարվում, պատկերացրեք, թե սովորական գյուղացիների հետ ինչ են անում: Ոչ մի մարդկային բան չկա: Իմ հողի կեսն է ջրվել: Կես ժամն ի՞նչ էր խանգարում, որ չթողեցին նորմալ ջրեմ: Ջուր մեկ էլ կտան լավագույն դեպքում 3-4 օր հետո: Սերմը չոր հողի մեջ ի՞նչ պիտի լինի, որ ջրեմ էլ չի ծլի»,-ասում է Սահակ Միսակյանը:
Ջրային կոմիտեի լրատվության պատասխանատու Մարգարիտ Սարգսյանը «Հետք»-ին ասաց, որ պոմպակայանի մասեր ձեռք բերելու հարց է առաջացել, այդ իսկ պատճառով են աշխատանքները դանդաղել: «Այսօր պոմպերից մեկը կվերանորոգվի, վաղն էլ՝ հաջորդը»,-հավելեց Մարգարիտ Սարգսյանը:
Մեկնաբանել