
Քրեական գործ՝ ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքով
Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Գրավոր ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 12.02.12 թվականին Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թիվ 25/22 ընտրական տեղամասում՝ ժամը 12:15-ի սահմաններում, մի քաղաքացի փորձել է քվեարկել Հրազդան քաղաքում հաշվառված Բենիկ Մարգարյանի փոխարեն:
Մասնավորապես՝ ներկայացրել է վերջինիս անվամբ անձնագիրը եւ ստացել քվեաթերթիկ, սակայն մինչ քվեախուց մտնելը տեղամասային ընտրական հանձնաժողովը պարզել է, որ տվյալ անձը Բ. Մարգարյանը չէ:
Կեղծիքի բացահայտումից հետո տվյալ անձը, թողնելով չքվեարկված քվեաթերթիկը եւ վերցնելով Բ. Մարգարյանի անվամբ անձնագիրը, դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: «Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ»,- հաղորդում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Մեկնաբանել