HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի կենտրոնական մասի այգին անմխիթար վիճակում է. Մայր Աթոռը բարեկարգելու ծրագիր է կազմում

Էջմիածնի կենտրոնական հրապարակին հարող այգին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին փոխանցվել է 2006թ.: Մինչ այդ այգին պատկանում էր քաղաքապետարանին: Այս տարիների ընթացքում այգու կանաչ զանգվածն ավելացնելու ուղղությամբ ներդրումներ գրեթե չեն իրականացվել: Բուն այգու հատվածի միակ «նորությունը» տեղադրված լուսատուներն են: Ամառվա ամիսներին չկա կանաչ խոտ: Տարածքը չոր է ու չխնամված: Տպավորությունն այնպիսին է, որ այգին չի ոռոգվում:

Այգու տարածքում, որը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում, շատ է մարդկանց անցուդարձը: Պատահականություն է, որ տարածքում չոր խոտից հրդեհ չի բռնկվում: Մեկ լուցկու հատիկը կամ ծխախոտի գլանակը բավարար է հրդեհի համար:

Նշենք, որ ներդրումների բացակայության պատճառով այգում հանգիստ անցկացնել գրեթե հնարավոր չէ: Երկաթյա նստարանների մի մասը կոտրված է, չներկված: Իսկ ծառերն այնքան մեծ են ու չխնամված, որ թեթև քամուց հնարավոր է չորացած ճյուղերը պոկվեն ու ընկնեն քաղաքացիների վրա:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Հետք»-ին փոխանցեց, որ Մայր Աթոռի տարածքը վերջին երկու տասնամյակների ընթացքում բարեկարգվել և անճանաչելիորեն փոխվել է` հպարտության զգացում առաջացնելով յուրաքանչյուր այցելուի մոտ: Հսկայածավալ այդ աշխատանքը կատարվել է ըստ գոտիների, ըստ առաջնահերթությունների և գործառնական նշանակության:

«Առաջիկայում հերթը նաև Ձեր կողմից հիշատակած այգունն է: Սակայն, այդ այգին միշտ եղել է Մայր Աթոռի բակային տնտեսության աշխատակիցների խնամքի ներքո, կատարվել են անհրաժեշտ աշխատանքները, այդ թվում նաև` ոռոգումը: Ակնհայտ է, որ այգին կարիք ունի հիմնական բարեկարգման, ոռոգման ցանցը ևս հնացած է և գտնվում է վթարային վիճակում: Այդուհանդերձ, անցյալ տարի տեղադրվեցին այգու նոր լուսատուները` լուծելու այգու լուսավորության հարցը: Այս այգին ևս Սուրբ Էջմիածնի մյուս այգիների բարեկարգ վիճակին բերելու նպատակով Մայր Աթոռի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլերը: Ներկայիս մի խումբ մասնագետների կողմից կազմվում է այգու բարեկարգման նախագիծը, որպեսզի քաղաքի բնակչության համար ստեղծվի ժամանակակից բոլոր պահանջներին համահունչ գեղեցիկ, խնամված կանաչապատ գոտի»,- ասում է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Տեղեկատվական համակարգի տնօրենը փոխանցեց, որ ծրագիրն իրագործվելու է բարերարի միջոցով: Իսկ ծրագրի հետաձգումը պայմանավորված էր հիմնականում այգու շուրջը տարբեր ժամանակներում իրականացվող կառուցապատումների և հիմնանորոգությունների շինարարական աշխատանքներով, ինչը թույլ չէր տալիս իրականացնել այգու վերջնական բարեկարգումը: Օրինակ` տարածքում կառուցվել են Ս. Հրեշտակապետաց եկեղեցին, Ս. Հովհաննես Մկրտիչ - Ս. Վարդան մատուռը և դրա հետնամասում գտնվող ուսումնական կառույցները, մոմավառության մատուռը և այլն:

Տեր Վահրամ քահանա Մելիքյանի փոխանցմամբ՝ այգու հարևանությամբ իրականացվող աշխատանքները մոտենում են ավարտին: Առաջիկայում Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի հաստատմանը կներկայացվի նաև մշակվող նախագիծը: Այս բոլոր նախապատրաստական քայլերից հետո միայն հնարավոր կլինի ձեռնարկել հիշատակված այգու վերապլանավորման և բարեկարգման աշխատանքները և մատնանշել հստակ ժամկետներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter