HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է առանձնապես ծանր հանցանք կատարած անձին ներում շնորհելիս հաշվի առնել տուժողի կամ տուժողի իրավահաջորդի կարծիքը

Արդարադատության նախարարությունն առաջարկում է օրենքով ամրագրել, որ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու դեպքում նախարարությունը պետք է ծանուցի տուժողին կամ նրա իրավահաջորդին:

«Ներման մասին» օրենքի նախագծի փոփոխությունները հրապարակվել են իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում:

Ըստ նախագծի՝ տուժողը կամ նրա իրավահաջորդը նախարարության ծանուցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, կարող է գրավոր կարծիք ներկայացնել նախարարություն՝ ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ: Նշված ժամկետում կարծիք չներկայացնելը արգելք չէ ներման խնդրագիրը հանձնաժողովի նիստում քննարկելու համար:

Նշվում է նաև, որ անձնական գործը, հանձնաժողովի եզրակացությունը, ներման  խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը ենթակա չէ հրապարակման և փոխանցման երրորդ անձանց:

Ըստ նախագծի՝ ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագրերը հրապարակման պահից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում են հանրապետության նախագահի պաշտոնական ինտերնետային կայքէջում:

Առաջարկվում է փոփոխություն նաև ներման խնդրագրերը մերժելու դեպքում նոր խնդրագրեր ներկայացնելու կարգում: Գործող օրենքով ներման խնդրագրերը մերժելու դեպքում, եթե առկա չեն բացառիկ հանգամանքներ, ներման նոր խնդրագրերը հանրապետության նախագահի քննարկմանը կարող են ներկայացվել ներման նախորդ խնդրագրերի մերժման օրվանից մեկ տարի հետո:

Առաջարկվում է ավելացնել հետևյալ հոդվածը՝

«Բացառիկ կարող են ճանաչվել դատապարտյալի՝ առողջական վիճակով պայմանավորված կյանքին սպառնացող անմիջական վտանգը, դատապարտյալի՝ առանց խնամքի մնացած երեխայի առկայությունը, արտակարգ կամ ռազմական դրությունը, քրեակատարողական հիմնարկում առաջացած արտակարգ իրավիճակներում դատապարտյալի կողմից ցուցաբերված բացառիկ օգնությունը և համանման այլ հանգամանքներ:

Հանգամանքը բացառիկ գնահատելու հարցը լուծում է վարչապետի աշխատակազմը՝ դատապարտյալի ներման խնդրագիրը ստանալու պահից 3 օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ հանգամանքը գնահատվում է բացառիկ, ներման խնդրագրի քննությունը շարունակվում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով»:

Հիշեցնենք, որ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ՝ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Ներման խնդրագիրը քննարկելու նպատակով նախարարությունը ներման խնդրագիրն ստանալու պահից մեկամսյա ժամկետում ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ և ներկայացնում վարչապետին:

Անձնական գործն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, վարչապետն այն ուղարկում է ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով` ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:

Հանձնաժողովը ներման խնդրագիրն ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում, վարչապետին ներկայացնում է եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ:

Վարչապետը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում, հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն` կցելով ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, անձնական գործը և հանձնաժողովի եզրակացությունը:

E-draft.am-ը նախարարությունների աշխատանքային հարթակն է, որոշման նախագիծը նախ պետք է կառավարության հավանությանն արժանանա, ապա՝ խորհրդարանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter