HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ակտիվ ընթերցանության ռազմավարություն․ մշակվում է հայ գրականության 7-րդ դասարանի նոր դասագիրք

«Հմուտ ընթերցողները օգտագործում են ակտիվ ընթերցանության տարատեսակ ռազմավարություններ, որոնք օգնում են նրանց հասկանալու տեքստը: Կախված ընթերցելու նպատակից` ճիշտ ընտրված ռազմավարություններն առավելագույնս մեծացնում են նյութի ընկալումն ու ընթերցանության արդյունավետությունը»,- այսօր ակտիվ ընթերցանության ռազմավարություն թեմայով աշխատաժողովի ժամանակ նշեց «Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը։

Հրատարակչության հրավիրած աշխատաժողովի ժամանակ ներկայացվեցին ակտիվ ընթերցանության ռազմավարության ինը կետերը, որոնք հնարավորություն կտան աշակերտին ավելի լավ պատրաստվել և հետաքրքրությամբ սովորել։ Ըստ այդ կետերի էլ կկազմվի հայ գրականության 7-րդ դասարանի նոր դասագիրքը։ Սոկրատ Մկրտչյանն ասաց, որ այսօր եղած դասագրքերը չեն համապատասխանում աշակերտների պահանջին, և նպատակն այս պահին յոթերորդ դասարանի գրականության նոր դասագրքի պատրաստումն է։ Մկրտչյանն ասաց, որ ընթերցանության կարևոր ռազմավարություններից մեկն այն է, թե ինչպես է կատարվում կանխատեսումը, այսինքն՝ տեքստը կարդալու ընթացքում ինչպիսի կանխատեսումներ կարող է անել ընթերցողը, արդյոք կանխատեսումները համապատասխանում են իրականությանը, թե՝ ոչ, ցույց կտա տեքստի հետագա ընթացքը։ Կարևորվում է այն, որ սովորողը դուրս բերի տեքստի կարևոր հատվածը և փորձի ամփոփել այն։ «Զանգակ» հրատարակչության տնօրենն ընդգծեց, որ դասագրքում տեսքտերից հետո լինելու է եզրակացության հատվածը, որով պետք է նկարագրվի թեման, հերոսները և հարցուպատասխանների հատվածը։ Առանձնացրեց պատկերավորման և մտապահման աշխատանքները։

Աշխատաժողովն առաջին անգամ էր անցկացվում, ներկա էին մարզային դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ։ Մ․ Հերացու անվան դպրոցի հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի Արմինե Խառատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարևորվում է տարվող աշխատանքը, քանի որ գրքի ստեղծման աշխատանքներում ներգրավված են նաև ուսուցիչները։ Ըստ նրա՝ փոփոխության կարիք ունի ոչ միայն ուսուցանվող նյութը, այլ նաև մեթոդիկան, որով դասավանդվում է։ Խառատյանն առաջարկում է ավելի հստակ կազմակերպել դասագրքերում ներկայացվող նյութը, որպեսզի խուսափեն անիմաստ կրկնություններից, նաև արդիականացնել նյութի մատուցման ձևերը։

«Մեզ մոտ կրթությունն անցել է խորհրդայինից, բայց դեռևս մնում է խորհրդայինի մեջ։ Դրա համար չենք կարողանում առաջ գնալ։ Աշակերտներն ընթերցել սիրում են, սակայն նրանք ուրիշ պահանջեր ունեն», - հավելեց հայոց լեզվի և գրականության ուսուցիչը։

Փորձագետ, դասախոս Սերոբ Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ այսօրվա դասագրքերը նման են տեքստերի ժողովածուների, և պետք է այդ դասագրքերը դարձնել աշխատանքային, և աշակերտին սովորեցնել տեքստերի հետ աշխատանքներ կատարել։

«Այսօրվա դասագքրերը չեն համապատասխանում ժամանակաշրջանին, հիմնականում ուսումնասիրում ենք փաստական տվյալներ՝ ով էր, երբ եղավ, ինչ եղավ, մինչդեռ ավելի լավ է մտածողական հմտություններ սովորեցնել»,- նշեց Խաչատրյանը։

Աշխատաժողովը հնարավորություն կտա ստեղծել գրականության նոր դասագիրք, որը կներկայացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter