
Համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել մարզպետների մասնակցությամբ, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հաղորդում է նախարարության լրատվական ծառայությունը:
Սուրեն Պապիկյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ծավալները, համաձայն որի՝ 2019թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամեմատ համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով կամ 3,6 տոկոսով։ Միաժամանակ նախարարը մարզպետներին հանձնարարել է ուսումնասիրություններ անցկացնել ցածր ցուցանիշներ արձանագրած համայնքներում, բացահայտել դրանց պատճառները և ներկայացնել խնդրի հաղթահարման համակարգային լուծումներ։
Երկրում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում մարզերի տարբեր համայնքներում մեկնարկած շինարարական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և դրանք կյանքի կոչելու նպատակով նախարարը մարզպետներին հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումների միջոցով համայնքներին տեխնիկական, մասնագիտական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերել՝ տեղերում նախագծերի մշակման աշխատանքների գործում։
Մեկնաբանել