
Ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը
Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը ներկայացվել է նոր ցանցի վերջնական նախագիծը: Քննարկմանը ներկա են գտնվել քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակական հատվածի ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև՝ նոր ցանցի ներդրման միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամներ: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Կարևորելով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ դրա ներդրման շնորհիվ Երևանը վերջապես կունենա քաղաքի բնակիչներին վայել փոխադրական համակարգ:
Ըստ հաղորդագրության՝ եզրափակիչ հաշվետվություն են ներկայացրել Երևան այցելած բրիտանական WYG խորհրդատվական ընկերության պատվիրակության անդամները, որոնք մասնավորապես նշել են, որ հասարակական տրանսպորտի ժամանակակից միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների թվում ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաև ցանցի երկարությունը: Սա չի նշանակում, թե նվազելու է ծածկույթը, պարզապես կպակասեն կրկնվող գծերը, որի շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման և շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչը էապես կթեթևացնի սակագնային բեռը: Հասարակական տրանսպորտը հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին:
Հարցուպատասխանի միջոցով մասնակիցները ներկայացրել են նաև իրենց առաջարկներն ու դիտարկումները՝ նոր երթուղային ցանցի սպասարկման, ծրագրի ներդրման, նախատեսվող ավտոբուսների տեխնիկական հնարավորությունների, սակագնի հաշվարկման, էլեկտրատրանսպորտի զարգացման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել