
Տիգրան Խաչիկյանը հրաժարական է տվել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից
Տիգրան Խաչիկյանը հրաժարական է տվել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Խաչիկյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի´ հայրենակիցներ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ պաշտոնավարումը դադարեցնելու մասին: Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի հիմնարար բարեփոխման ուղղությամբ առկա քաղաքական աննախադեպ կամքը դեռ իրացման բազմաթիվ ուղղություններ ունի: Ինքս այս ողջ ընթացքում փորձել եմ իրականացնել այս հանձնառության իմ մասնաբաժինը, որի արդյունքում և մեր ընդհանուր թիմի հավաքական ջանքերով սահմանված ժամկետից շուրջ երկու ամիս առաջ, ի թիվս բազմաթիվ այլ նախագծերի, գրեթե պատրաստ են ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ քրեակատարողական ոլորտի ռազմավարությունների նախագծերը՝ որպես ոլորտի կայուն բարեփոխմանն ուղղված հայեցակարգային բնույթի փաստաթղթեր: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետին վստահության համար: Աստված պահապան բոլորիս...»:
Հիշեցնենք՝ Տիգրան Խաչիկյանը արդարադատության փոխնախարար էր նշանակվել 2019թ. ապրիլի 4-ին: Նշենք նաև, որ այսօր վարչապետի որոշմամբ՝ Սրբուհի Գալյանը նշանակվել էր արդարադատության նախարարի տեղակալ:
Մեկնաբանել