HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պարզունակ վրեժխնդրությամբ փոփոխություններ չեն իրականացվում». Արա Շիրինյանը պատասխանել է Տիգրան Պասկևիչյանին

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանն անդրադարձել է իր խորհրդականի պաշտոնից ազատված Տիգրան Պասկևիչյանի բաց նամակին: Facebook սոցիալական ցանցում Արա Շիրինյանը գրել է.

«Պատասխանում եմ Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան գրառմանը և ինձ ուղված բաց նամակին, որովհետև կարևոր է, որ մեր ընդհանուր ընկերները, և ոչ միայն նրանք, իմանան նաև իմ դիրքորոշումը։

Եվ այսպես, մի կողմում Տիգրան Պասկևիչյանն է, որն ուզում է փոփոխություններ բերել Հանրային հեռուստաեթեր, տեսնում է բոլոր թերությունները և առաջարկում գրչի մի հարվածով վերացնել դրանք, իսկ մյուս կողմում «սառը անտարբերությամբ» (Տ.Պ.) կանգնած եմ ես՝ «խորհրդի ընտրված նախագահը», որը ցանկություն չունի աշխատելու, որովհետև կարծում է, թե փոփոխություններ իրականացնելու ընդունակ «մարդ չկա»: Այդ պատճառով հրաշալի նախագծեր և հայեցակարգեր մնացին թղթի վրա և Հանրայինի՝ այնքան մոտ թվացող բաղձալի փոխակերպումը 75 օրում (Պասկևիչյանի պաշտոնավարման ժամկետը) այդպես էլ տեղի չունեցավ:

Սակայն, եթե ամեն ինչ այդքան դյուրին էր, ապա ինչու՞ էր այդքան դժվար մնալ և մասնակցել բարեփոխումներին: Որովհետև մի բան է տեսնել փոփոխությունների անհրաժեշտությունը, ուրիշ բան է իրագործել դրանք գործող կառույցի իրական ժամանակում: Գրոհելու տրամաբանությանը ես գերադասել եմ պատասխանատվությունը՝ կատարածս բոլոր քայլերի համար: Համոզված եմ, որ ընտրել եմ երկար, բայց ճիշտ ճանապարհ:

Իրականում մեր անհամաձայնությունը եղել է միայն մեկ հարցի շուրջ, ավելի ստույգ՝ մի անձի: Սակայն ինձ համար ընդունելի չէ տասնամյակների ինստիտուցիոնալ մեղքը մի մարդու վրա բարդելը: Հանրայինն ինքն էլ եղել է քոչարյանական-սարգսյանական ռեժիմի զոհը, և պարզունակ վրեժխնդրությամբ փոփոխություններ չեն իրականացվում։ Ավելին՝ դա փոփոխություն չէր լինի, այլ միայն իմիտացիա: Հին և հայտնի գործելաոճ, որ հիմք է դնում պետության չգոյության: Եթե ես մտածեի, որ սա միակ ճանապարհն է, ես չէի հավակնի այս պաշտոնին։ Փոփոխությունների համար, այո, անհրաժեշտ է «ծավալուն և դժվարին աշխատանք», որը շատերը չեն կարող կատարել՝ գերադասելով քանդելու հեշտ ճանապարհը։ Դրա համար շատ բան չի պահանջվում. մի քանի դիպուկ արտահայտություն, մի քանի նեղացածների հավանություն և սուբյեկտիվ համոզմունքը նոր սնունդ է ստանում ատելության համար: Հին հաշիվները նոր արդյունք չեն ստեղծում: Հավատացնում եմ ձեզ, Հանրային հեռուստատեսությունը ձեռնամուխ է եղել փոփոխությունների իրագործմանը, բայց դրա համար ժամանակ է պետք, ջանք և համբերություն»:

Լուսանկարը` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի

Մեկնաբանություններ (1)

Ռուբեն Մարգարյան
Ուշադրություն դարձնենք Արա Շիրինյանի ասած հետևյալ նախադասությանը. «Գրոհելու տրամաբանությանը ես գերադասել եմ պատասխանատվությունը՝ կատարածս բոլոր քայլերի համար: Համոզված եմ, որ ընտրել եմ երկար, բայց ճիշտ ճանապարհ»: Այս պատճառաբանությունն այնքան էլ հիմնավոր չէ, քանի որ միշտ չէ, որ երկար ճանապարհը ճիշտ է լինում և տվյալ դեպքում Հանրային հեռուստաընկերության կարծրացած աշխատաձևը միայն գրոհելով կարելի է փոխել: Հեռուստաստադիտողը ցանկություն ունի հենց վաղվանից որակյալ հեռուստահաղորդումներ դիտի, ի՞նչ երկար ճանապարհի մասին է խոսքը: Արա Շիրինյանը կարող է իր անձնական հարցերում, որքան ուզում է դանդաղի, բայց ինչը վերաբերվում է հանրության համար չափազանց կարևոր այս հարցում դանդաղելուն, ապա դրա համար նա պետք է հարցնի Հանրայինի հեռուստադիտողներից և նրանց փոխարեն իրեն իրավունք չվերապահի հարցի լուծումը ավելորդ ձգձգել: Կոնկրետ ես և իմ շրջապատի շատ մարդիկ գտնում ենք, որ Հանրայինի աշխատանքի որակը անհրաժեշտ է բարելավել օր առաջ, առանց այն էլ ուշացրել են: Եթե Արա Շիրինյանը չունի լուրջ փոփոխություններ կատարելու վճռականություն, թող նա իր տեղը զիջի ավելի գործունյա մարդու: Կամ էլ նա պետք է ազատվի Հանրայինի ուղղաձիգ կառավարման ոճի ջատագով տնօրինուհուց, որն իր կարծիքից բացի ոչ մի ռացիոնալ քայլ չի ընդունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter