HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Երեք բնակելի տներում տեղավորված Արեգնադեմ գյուղի դպրոցը՝ նոր շենքի կառուցման սպասումով

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման չարչրկված հարցը կրկին օրակարգում է: Պահանջվող բոլոր փաստաթղթերը մոտ երեք ամիս առաջ ուղարկվել են Քաղաքաշինության պետական կոմիտե: Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի փոխանցմամբ, 2018թ-ին կազմված նախագիծը մերժվել էր:

«Սա երկրորդ նախագիծն է էս երկու տարվա մեջ: Անցած տարի որոշվել էր դպրոց կառուցել 70 աշակերտի համար, մենք այդ նպատակով հատկացրել էինք 0,3 հա գյուղի տարածքում, ու այս տարի պիտի սկսեին շինարարությունը, սակայն այդ նախագիծն այդպես էլ կյանքի չկոչվեց: Այս տարի որոշվեց, որ պետք է տիպային դպրոց կառուցվի 100 աշակերտի համար եւ ավելի մեծ տարածք է պետք: Մենք ավագանու նիստով 0,5 հա ենք հատկացրել, բոլոր պահանջվող թղթերն ուղարկված է, բայց թե երբ կհաստատվի նախագիծը, երբ կսկսեն շինարարությունը՝ ինձ հայտնի չէ»,- ասում է Ջեմմա Հարությունյանը:

Արեգնադեմը (նախկին Ազիզբեկով) երկրաշարժին ավերածությունների ենթարկվել էր, սակայն ինչպես պնդում են լավատեղյակները, կոնկրետ դպրոցի շենքը որեւէ վնաս չէր կրել: Գյուղի վարչական ղեկավար Աշոտ Պողոսյանն ասում է, որ մինչեւ երկրաշարժն աշխատել է Ամասիայի ժողովրդական կրթության բաժնում եւ շատ լավ է հիշում, թե ինչպիսին էր տարածաշրջանի գյուղերի դպրոցների վիճակը աղետից հետո:

«Դպրոցին բան չէր եղել՝ զոռով քանդեցին,- ասում է Աշոտ Պողոսյանը,- գյուղում կառուցված երեք տուն ժամանակավոր հատկացրին, որ երեխաները դուրսը չմնան, բայց արդեն 30 տարի է՝ հիմնականի տեղ օգտագործվում է: Մշտապես խոստումներ են հնչել, որ գյուղը կունենա նոր դպրոց, բայց ամեն անգամ դպրոցաշինական ծրագրերից դուրս ենք մնացել: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք ընդհանրապես խոսում էին համայնքների խոշորացումից հետո դպրոցների միավորման մասին, եւ հույսերս լրիվ կորցրել էինք»:

Չկա դպրոց՝ չկա գյուղ: Վարչական ղեկավարի խոսքով՝ Արեգնադեմից երիտասարդ ընտանիքների մի մասը հեռացել են՝ կապված դպրոցի անմխիթար վիճակի հետ: «Գնացել վարձով Գյումրի կապրին: Մարդկանց չես մեղադրի՝ ուզում են, որ իրենց երեխեքը լուսավոր, քարաշեն դպրոց հաճախեն, ձմեռանն էլ սալյարկի հոտից չթունավորվեն: Մեր դպրոցում եռակոմպլեկտ դասարաններ կան: Ուսման արդյունավետության մասին խոսելն ավելորդ է նման պայմաններում»,- ասում է Աշոտ Պողոսյանը: Արեգնադեմի դպրոցում սովորում է 39 աշակերտ, 2014թ-ին այդ թիվն ավելին է եղել՝ 63 աշակերտ: Այս տարի ունեցել են 3 շրջանավարտ, սեպտեմբերին սպասում են 4 առաջին դասարանցու: 

Դպրոցի պահակ Վիկտոր Մովսիսյանը բացում է մասնաշենքերից երկուսը՝ հարմարեցված դասասենյակները լուսանկարելու համար: Փայտե փտած հատակներ միջանցքներում, փայտազուրկ, բետոնե հատակներ՝ դասասենյակներում, 30-ամյա հնության դպրոցական գույք, չբացվող պատուհաններ: Դպրոցը չունի ճաշարան, սանհանգույց, սպորտային դահլիճ: Ձմռանը ջեռուցումն իրականացվում է սոլյարայուղի վառարաններով: Դրսում տեղադրված փայտե 3 զուգարանից մնացել են երկուսը, մեկն անցած տարի փլվել էր: Երեխաները լվացվելու նպատակով օգտվում են դրսում գտնվող աղբյուրից, որը ձմռանը սառչում է: Բակում կառուցված ինքնաշեն, փոքրիկ բեմը ծառայում է դրսում դպրոցական միջոցառումների անցկացման համար:

Նոր դպրոցի կառուցման հարցը բազմիցս բարձրացվել է նաեւ նախկին համայնքապետ Աղունիկ Հազրյանի օրոք: 2010թ-ին տիկին Հազրյանը դիմել էր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին եւ ստացել դպրոցի կառուցման խոստում: Ինը տարի առաջ եղել է պայմանավորվածություն, որ ռուսական կողմը կսկսի շինարարությունը, եթե որոշակի աջակցություն ցուցաբերի նաեւ հայկական կողմը: Նախկին գյուղապետն այդ նպատակով բանակցել է «Օրինաց երկիր» կուսակցության հետ եւ ստացել աջակցության խոստում, որ Կառավարությունը կստանձնի այդ պարտավորությունը: Տարածքը հատկացվել է, հիմքը գցվել, սակայն հայկական կողմը խոստումը չի կատարել, եւ ծրագիրը մնացել է անավարտ: Գյուղում հիմա էլ կարելի է տեսնել չկառուցված դպրոցի եւ սուտ խոստումների արդյունքը՝ բետոնե հիմքերից վեր խոյացող ամրանները:

Արեգնադեմում հույս ունեն, որ նոր իշխանության օրոք դպրոցի կառուցման երրորդ ծրագիրը չի ձախողվի, եւ 2020թ-ին արեգնադեմցի աշակերտները կսովորեն նոր, լուսավոր ու հարմարվետ շենքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter