
Բարձրագույն դատական խորհուրդը Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման նիստը դռնբաց է անցկացնում
Բարձրագույն դատական խորհրդում քիչ առաջ մեկնարկեց ԲԴԽ նիստը՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։
Նիստը հրավիրվել է ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյան և Լիպարիտ Մելիքջանյանի նախաձեռնությամբ:
Նիստը սկսվելուն պես Նախշուն Տավարացյանը միջնորդեց այն անցկացնել դռնփակ՝ պատճառաբանելով, որ քննարկվող հարցը վերաբերում է իր անձին:
Ի պատասխան ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի հարցի, թե որ նորմով առաջնորդվելով է Տավարացյանը նիստը դռնփակ անցկացնելու միջնորդություն ներկայացնում՝ Տավարացյանը պատասխանեց, որ առաջնորդվում է Վարչական դատավարության օրենսգրքով:
ԲԴԽ անդամները հեռացան խորհրդակցան սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու և վերադառնալով որոշեցին նիստն անցկացնել դռնբաց:
Նշենք, որ Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ է ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, բայց որպես դատավոր՝ երդվել է 2019 թվականի հուլիսի 15-ին՝ այսինքն՝ ընտրվելուց շուրջ 9 ամիս անց:
Նա չի մասնակցել ԲԴԽ երկու նիստի և չի հայտնել չմասնակցելու հարգելի պատճառի մասին, որից ելնելով է բարձրացվել նրա լիազորությունների դադարեցման հարցը:
Տավարացյանը, սակայն, նշում է, որ իրեն չեն ծանուցել ԲԴԽ-ում տեղի ունեցած նիստերի և դրանց օրակարգի մասին:
Մեկնաբանել