
Կրիայի պաշտպանության օրից մինչև տպիչի թուղթ «ուտել». համայնքապետարանների կայքերի նկատմամբ հսկողություն չկա
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջն է, որ 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքը պետք է ունենա պաշտոնական կայք: Դրա ստեղծումն ու վարումն ապահովում է համայնքի ղեկավարը: Համայնքի պաշտոնական կայքում ներբեռնման հնարավորությամբ առնվազն պետք է առկա լինեն համայնքի ղեկավարի և ավագանու ընդունած նորմատիվ իրավական ակտերը, համայնքի բյուջեն, բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունները, համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և այլն:
Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը` նշելով նիստի անցկացման վայրը և ժամանակը: 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում այդ տեղեկությունը հրապարակվում է նաև համայնքի պաշտոնական համացանցային կայքի միջոցով:
Արմավիրի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների պաշտոնական կայքերն ուսումնասիրելիս տխուր պատկեր է արձանագրվում: Համայնքների զգալի մասը օրենքով պահանջվող տեղեկատվությունը ամբողջությամբ չի հրապարակել: Կայքում նախատեսված բաժինները կամ դատարկ են, կամ՝ թերի լրացված: Մինչդեռ կայք ունենալու և տեղեկատվությունը հրապարակելու նպատակը համայնքապետարանի հաշվետվողականությունն ու թափանցիկությունն է:
Սարդարապատ համայնքի պաշտոնական կայքի հենց առաջին էջում ազդարարվում է, որ մայիսի 21-ը տիեզերքի համաշխարհային օրն է, 23-ը՝ կրիաների պաշտպանության համաշխարհային օրը, և այդպես շարունակ: Սակայն այցելուն որևէ տող չի գտնի, օրինակ, ավագանու նիստերի օրվա և ժամի, գնումների, աշխատակազմի մասին: Աշխատակազմի բաժնում նշված են միայն տեղեկություններ մանկապարտեզում աշխատողների վերաբերյալ, իսկ մյուսների մասին տեղեկությունը բացակայում է:
Համայնքի ղեկավարի և ավագանու նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հրապարակումը ևս «ճոխություն» են համարում, և կայքում հրապարակված չէ: Գնումների վերաբերյալ ոչ մի տվյալ հրապարակված չէ: Իսկ կայքի «հայտարարաություններ» բաժնում միայն համայնքի անձնագիրն է:
Սարդարապատի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գեղամ Մխիթարյանը օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության չհրապարակման «մեղքը» բարդեց աշխատակազմի օպերատորի վրա՝ ասելով, որ նա չի հրապարակել: Գ. Մխիթարյանն ասաց, որ պարբերաբար Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից հետաքրքրվում է, թե կայքը որ մասով է թերի: Աշխատակազմի ղեկավարը խոստացավ կարճ ժամանակահատվածում շտկել թերությունները:
Պաշտոնական կայքէջում պատշաճ չեն հրապարակվում Մեծամոր քաղաքի ղեկավարի որոշումները: Օրինակ, 2018թ. համայնքապետի վերջին որոշումը հրապարակվել է նույն տարվա հունիսի 18-ին. այդ օրվանից հետո որևէ որոշում չի հրապարակվել: Իսկ 2019թ. վերջին որոշումը հրապարակվել է փետրվարի 18-ին:
Գրեթե նույն պատկերն է Արշալույս համայնքի պաշտոնական կայքէջում: Հենց առաջին էջում գերակշռում են 2012թ-ի լուրերը: Համայնքապետարանի աշխատակազմի համար «ուշագրավ» նորություն է, և առաջին էջում հրապարակվել է, որ «Համակարգչային նոր վիրուսը տպիչ սարքի թուղթն է «ուտում»» կամ՝ «Երեւանի այգիներն ու ավտոբուսները կապահովվեն WiFi կապով», սակայն ուշադրության չի արժանացել համայնքի ղեկավարի որոշումների պատշաճ հրապարակումը:
2014թ. հունիսից մինչև 2019թ. ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում համայնքի ղեկավարի ոչ մի որոշում չի հրապարակվել: Չեն հրապարակվել նաև համայնքային բյուջեի ծախսային և եկամտային կատարողականները: Տեղեկություններ չկան նախագծերի, ավագանու նիստերի օրվա և ժամի վերաբերյալ:
Ուշագրավ է Բամբակաշատ համայնքի կայքի տիրույթային անվանումը (դոմեյն)՝ http://185.57.68.159/Pages/Home/: Այս համայնքում ևս հարկ չեն համարում կայքում հրապարակել որոշումների նախագծերը, իրազեկել ավագանու նիստերի մասին:
Ջրառատ համայնքի պաշտոնական կայք մտնելիս միանգամից կհայտնվեք 13.07.2023թ., քանի որ համայնքապետի ողջույնի խոսքը հենց այդ ամսաթվով է նշված: Այլ համայնքների կայքերում ևս ողջույնի խոսքերը «ապագայում» են տեղադրվել:
Կայքում տեղադրված չեն ո՛չ համայնքի ղեկավարի ու ավագանու որոշումների նախագծերը, ո՛չ էլ տեղեկատվություն նիստերի մասին:
Իսկ 3000 և ավելի բնակիչ ունեցող Մրգաշատ, Նալբանդյան, Մյասնիկյան, Քարակերտ համայնքների պաշտոնական կայքէջերն այս պահին չեն գործում:
Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արսեն Ղուկասյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում են 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքապետարանների կայքերը:
«Ես նորից կնայեմ այդ ամեն ինչը և ընդհանուր պատկերացում կկազմեմ»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Մեկնաբանել