HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քրեական պատասխանատվություն` քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու համար․ նոր նախագիծ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական միջավայրին հարելու կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելու, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար:

Մասնավորապես, քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու համար անձը կդատապարտվի 8-12 տարվա ազատազրկման, քրեական միջավայրին հարելու կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելու համար՝ 4-8 տարի ազատազրկման, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ 200-600 հազար դրամի տուգանք կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

Արդարադատության նախարարության՝ քննարկման ներկայացրած նախագծի շրջանակներում քրեական օրենսգրքում կսահմանվեն նաև «քրեական միջավայր», «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացությունները:

Նախարարության հաղորդմամբ՝ քրեական միջավայրի չեզոքացման և հետագա հաղթահարման ռազմավարությունը Հայաստանում դեռևս մշակված չէ: «Օրենսդրորեն այն ամրագրելու անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակության լայն շերտերի շրջանում այն կանխելու միտումով, քանզի պետք է գիտակցել, որ դրա դեմ պայքարը նպաստելու է միջանձնային հարաբերությունների, մարդկանց արժեհամակարգի բարելավմանը, ինչպես նաև վարքագծի կանոնների փոփոխմանը»,- հայտնել է նախարարությունը։

Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է նաև հետխորհրդային երկրների փորձը, ինչպես նաև ՄԻԵԴ նախադեպային պրակտիկան: Ըստ նախարարության, վերջերս համանման նախագիծ է մշակվել և ընդունվել Ռուսաստանի Դաշնությունում։

«Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում վաղուց նախատեսվել է քրեական պատասխանատվություն գողերի ընկերակցությանն անդամակցելու, ինչպես նաև «օրենքով գողի» կարգավիճակ ունենալու համար: Հատկանշական է, որ Վրաստանի «Կազմակերպված հանցավորության և բանդիտիզմի մասին» օրենքով էլ տրվել են «գողական աշխարհ», «գողական աշխարհի անդամ», «օրենքով գողի հեղինակությունն օգտագործելով վեճերի կարգավորում», «օրենքով գող» հասկացությունների բացատրությունները»,- նախագծում նշել է նախարարությունը:

Նախարարությունը հայտնել է նաև, որ Հայաստանի որոշ հաստատություններում գոյություն ունեցող քրեական միջավայրի առկայությանն անդրադարձել են նաև միջազգային հանրաճանաչ կառույցներ: Մասնավորապես՝ «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն» արձանագրել է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ոչ ֆորմալ բանտային աստիճանակարգության գոյության մասին: Քրեական միջավայրին անդրադարձել է նաև «Միավորված ազգերի կազմակերպության Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն» և հայտնել, որ ազատությունից զրկված անձանց միջև բռնության դեպքերի բարձր ցուցանիշը կարող է լինել քրեական ենթամշակույթի և ոչ ֆորմալ աստիճանակարգության արդյունքը:

«Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական միջավայր երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը»,- որպես նախագծի հիմնավորում՝ նշել է նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter