HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Եթե դատավորների ընդհանուր ժողով չի եղել, պատերի տա՞կ պիտի երդվեի». Նախշուն Տավարացյանը ելույթ ունեցավ ԲԴԽ նիստին

Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանին ԲԴԽ անդամի լիազորությունից զրկելու հարցով նիստին այսօր ելույթ ունեցավ գործընթացը նախաձեռնած ԲԴԽ անդամներից Գրիգոր Բեքմեզյանը: Վերջինս նշեց, որ Նախշուն Տավարացյանը պաշտոնը ստանձնած է համարվել այն պահից, երբ նա ընտրվել է ԲԴԽ անդամ:

«Եթե Տավարացյանն ընտրվել է նոյեմբերին, ինչո՞ւ մինչ այժմ չի ներկայացել նիստերին»,- հարցրեց Բեքմեզյանը՝ հիշեցնելով նաև, որ Տավարացյանը անհարգելի պատճառով 2018թ. նոյեմբերից խորհրդի որևէ նիստի չի մասնակցել, իսկ Դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են տարվա ընթացքում ԲԴԽ նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում, և իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին մեկ անգամ չհայտնելու դեպքում։

«Հիմա հարց է առաջանում՝ արդյոք ԲԴԽ-ն պետք է աչք փակի՞ Դատավորների ընդհանուր ժողովի վրա. բա իրավական հետևանքնե՞րը։ Հարցը Դատավորների ընդհանուր ժողովից եկել է ԲԴԽ դաշտ և այժմ չի կարելի թույլ տալ, որ աչք փակենք այս երևույթի վրա։ Ստացվում է, որ ցանկացած դատավոր, որն ընտրվել է ԲԴԽ անդամ, ցանկացած պահի կարող է ասել՝ ես հրաժարվում եմ այս պահին երդվելուց, մի երկու տարի հետո կորոշեմ՝ երդվեմ, թե ոչ, ընդ որում՝ երկու տարի ԲԴԽ-ն պետք է գործի առանց այդ մեկ անդամի, առանց բավարար քանակի ձայներ ունենալու՝ դրանով իսկ վտանգի տակ դնելով իր կողմից կայացված որոշումների իրավաչափությունն ու օրինականությունը»,- ասաց Բեքմեզյանը:

Վերջինիս խոսքով՝ գուցե այս առնչությամբ պատճառաբանություններ հնչեն, որ ԲԴԽ անդամը չի ծանուցվել խորհրդի անդամի նիստերի մասին, սակայն ըստ նրա՝ խորհրդի անդամը պետք է գոնե մեկ անգամ գար ԲԴԽ:

Գրիգոր Բեքմեզյանին հարցեր ուղղեց հուլիսի 11-ին ԲԴԽ անդամ ընտրված դատավոր Մեսրոպ Մակյանը: Վերջինս խնդրեց հստակեցնել, թե երբվանից է Տավարացյանը համարվում պաշտոնը ստանձնած, և Բեքմեզյանը պատասխանեց՝ ընտրվելու պահից՝ նոյեմբերի 8-ից:

Մակյանը հետաքրքրվեց, թե երկրորդ անգամ երբ է Տավարացյանն առանց հարգելի պատճառի բացակայել ԲԴԽ նիստից: Բեքմեզյանը պատասխանեց, որ ինքը 2018-ին ԲԴԽ անդամ չէր, հստակ պատասխանել չի կարող, բայց փաստեց, որ իր՝ ԲԴԽ անդամ լինելուց հետո առնվազն երկու նիստի Տավարացյանը բացակայել է, ինչն արդեն լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու հիմք է:

Մակյանը նկատեց, որ 2018-ի նոյեմբերից մինչև տարեվերջ ԲԴԽ առնվազն երկու նիստ եղել է, և եթե Տավարացյանը դրանց չի մասնակցել. այդ դեպքում ինչո՞ւ ԲԴԽ-ն դեռ այն ժամանակ չի անդրադարձել նրա լիազորությունը դադարեցնելու հարցին: Ի պատասխան՝ Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ Տավարացյանը՝ որպես ԲԴԽ անդամ, դիտարկվել է միայն հուլիսի 11-ից հետո, երբ երդվել է:

Ելույթով հանդես եկավ Նախշուն Տավարացյանը:

«Եթե դուք ձեր ափից հոտ քաշելով եք իմանում նիստերի մասին և մասնակցում դրանց, ես ձեզ ասելու բան չունեմ»,- դիմելով Գրիգոր Բեքմեզյանին՝ ասաց Նախշուն Տավարացյանը: Վերջինս նշեց, որ ինքը ԲԴԽ նիստերի մասին չի ծանուցվել, և հարց տվեց, թե ինչպես կամ ինչու պիտի գար խորհրդի նիստերին:

Անդրադառնալով ԲԴԽ անդամ ընտրվելուց անմիջապես հետո չերդվելու հանգամանքին՝ Տավարացյանը նշեց, որ ինքը քմահաճույքից ելնելով չէ, որ չի երդվել:

«Ստեղծված իրավիճակից ելնելով՝ ես հարկադրված հրաժարվել եմ երդվել»,- ասաց Տավարացյանը՝ հիշեցնելով, որ իր ընտրվելուց հետո Վճռաբեկ դատարանի արական սեռի ներկայացուցիչ դատավորները դժգոհել են, որ իրենից շատ ձայներ են ստացել, բայց գենդերային հավասարությունը պահպանելու հանգամանքով պայմանավորված՝ ինքն է դարձել ԲԴԽ անդամ:

«Պարոն Բեքմեզյանը շատ բարձր ձայնով հնչեցրեց, որ ես անգործություն եմ ցուցաբերել, անհարգելի պատճառներով չեմ ներկայացել նիստերին: Ուրեմն Ձեզ հիշեցնեմ, եթե ես պաշտոնը ստանձնած ԲԴԽ անդամ եմ համարվում, ուրեմն որոշ արտոնություններ կան, որոնք պետք է իմ նկատմամբ կիրառվեին։ 2018թ. նոյեմբերի 8-ից մինչ այսօր պետք է ինձ մակագրվող գործերը լիներ ընդամենը 25 %, սակայն ես աշխատում եմ չափազանց ծանրաբեռնվածությամբ, իմ աշխատավարձի մեջ տարբերություն չի եղել, այսինքն ես չեմ օգտվել ԲԴԽ անդամին տրված արտոնությունից»,- ասաց Տավարացյանը:

Վերջինս, հիշեցնելով, որ դատական դեպարտամենտից ընդամենը երկու ծանուցում է ստացել ԲԴԽ նիստերի վերաբերյալ, հարց ուղղեց՝ նման պայմաններում ԲԴԽ-ն է անգործության մատնվել, թե ինքը: Տավարացյանը նշեց, որ քննարկման առարկա է դարձել այն հարցը, թե ինչու է ինքն ընտրվելուց միայն 9 ամիս անց երդվել:

«Բա ի՞նչ աներ Նախշուն Տավարացյանը, եթե Դատավորների ընդհանուր ժողով չի եղել, Նաշխուն Տավարացյանը որտե՞ղ գնար երդվեր, պատերի տա՞կ պիտի երդվեի»,- հարցրեց դատավորը, ապա հիշեցրեց, որ նոյեմբերի 8-ից հետո դատավորների հաջորդ ընդհանուր ժողովը եղել է հուլիսի 11-ին, որի ընթացքում ինքը երդվել է:

«Ես էլ ունեմ ընկերներ, հարազատներ, շրջապատ, ամեն մեկն իր ձևով է ընկալում և ձեր ամեն մի հայտարարությունից հետո հեռախոսիս զանգերի մեջ տեղ չի լինում. սա դատավորի արժանապատվության հետ կապված հարց է, սա դատավորի բարի համբավն արատավորող հարց է, հիմա ի՞նչ, ես դատական հայց ներկայացնե՞մ իմ բարի համաբավն արատավորելու համար»,- ասաց Տավարացյանը:

Այսօրվա նիստին խորհուրդը մերժեց՝ Դատավորների ընդհանուր ժողովի նախագահ Երվանդ Խունդկարյանին որպես վկա խորհուրդ հրավիրելու վերաբերյալ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի միջնորդությունը: Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստի օրվա և ժամի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի:

Հիշեցնենք, որ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես են եկել ԲԴԽ անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Գրիգոր Բեքմեզյանը և Հայկ Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter