HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մարզպետը բաց է թողել բողոքարկման ժամկետը. Նոր Գեղիի փողոցները Ֆրոնտիկ Թևոսյանի անունով կոչելու որոշման դեմ հայցը վերադարձվել է

Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը վերադարձրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայցադիմումը, որով նա պահանջում է անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 4 տարի առաջ կայացրած որոշումը՝ համայնքի մի շարք փողոցներ նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով կոչելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ուսումնասիրելով հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը՝ դատարանը վճռել է, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման, քանի որ «դատարան է ներկայացվել վիճարկման հայցի համար սահմանված երկամսյա ժամկետը լրանալուց հետո և բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը»: Նշենք, որ Կոտայքի մարզպետը դատարան է դիմել հուլիսի 8-ին:

Դատական ակտում նշված է, որ Կոտայքի մարզպետը Նոր Գեղի համայնքի ավագանուն հայցադիմումի առարկա հանդիսացող որոշումն անվավեր ճանչելու առաջարկով դիմել է 2018 թվականի դեկտեմբերի 17-ին, և դեկտեմբերի 25-ին ավագանին մերժել է առաջարկը:

«Դատարան դիմելու իրավունքը Կոտայքի մարզպետի մոտ ծագել է 17.12.2018 թվականի առաջարկը (դիմումը) Նոր Գեղի համայնքի ավագանու կողմից ստանալուց մեկ ամիս հետո` վիճարկման հայցի համար սահմանված երկամսյա ժամկետում, այն է` մինչև 18.03.2019 թվականը»,- գրված է դատարանի որոշման մեջ:

Դատական ակտից պարզ է դառնում, որ Ռոմանոս Պետրոսյանը Նոր Գեղիի փողոցները Ֆրոնտիկ Թևոսյանի անունով կոչելու որոշումն անվավեր ճանաչելու առաջարկով համայնքի ավագանուն դիմել է նաև 2019-ի մայիսի 27-ին, ու առաջարկը կրկին մերժվել է:

Դատարանը եզրակացրել է, որ մայիսի 27-ին դիմումը կրկին մերժելը հայցադիմումը դատարան ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը պահպանված լինելու հանգամանք դիտարկվել չի կարող, քանի որ մինչ այդ հայցվորն արդեն իսկ բաց թողած է եղել նույն հարցով ավագանու որոշման վերաբերյալ հայցադիմում ներկայացնելու ժամկետը:

Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարան այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում։

Նշենք, որ 2015 թվականին փողոցներն անվանափոխելու որոշում կայացրած ավագանու անդամներն են Մերուժան Մինասյանը, Շուշանիկ Նազլուխանյանը, Նանուլի Ոսկանյանը, Վանիկ Ավալյանը, Արմեն Բաբախանյանը, Վլադիկ Գրիգորյանը, Գագիկ Գևորգյանը, Վահան Գևորգյանը, Մանյա Կիրակոսյանը, Շիրալի Մամոյանը, Նաթելա Շմավոնյանը: Վերջին 8 անձինք այս պահին ևս ավագանու անդամ են:

Ավելի վաղ գրել էինք այն մասին, որ Նոր Գեղի համայնքի ավագանու անդամները 2015 թվականի մարտի 24-ի որոշմամբ համայնքի 18 փողոցներ անվանել են Ֆրոնտիկ Թևոսյանի անունով, և Կոտայքի մարզպետը դիմել է դատարան՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Որոշման պահին Ֆրոնտիկ Թևոսյանը եղել է համայնքի ղեկավարը: Ավագանու 11 անդամները նրան «ծննդյան նվեր են մատուցել»` փողոցները նրա անունով անվանակոչելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter