Հայերի Սիրո տոնը Սուրբ Սարգիսն է
Այսօր կաթոլիկ եկեղեցում սիրահարների հովոնավոր սրբի` Վալենտինի տոնն է: Իսկ հայ առաքելական եկեղեցու` Սուրբ Սարգսի տոնը, այս տարի նշվում էր փետրվարի 4-ին:
Սուրբ Սարգիսը համարվում է սիրո բարեխոս, սիրահարների հովանավոր, սիրո կողմնակից, սիրահարներին իրենց նպատակին հասցնող, օգնող, չարիքներից ազատող սուրբ: Ըստ ավանդության` նա, իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Այս օրը երիտասարդները պատարագի միջոցով հնարավորություն ունեն զգալ սիրո խորհուրդը:
Արդեն մի քանի տարի է` Հայ առաքելական եկեղեցին այս տոնը հռչակել է նաև որպես երտասարդների օրհնության օր: Չնայած այս հանգամանքին` հայ երիտասարդների մի մասը շարունակում է սիրո օրը տոնել ոչ միայն Սուրբ Սարգսի հիշատակության, այլև կաթոլիկ եկեղեցու տոն հանդիսացող Սուրբ Վալենտինի օրը:
«Սիրո օրը շատ չի լինում, ինչու չնշել այն երկու անգամ, եթե կա առիթը», -ասում է 24-ամյա Անահիտը:
«Հայերի սիրո տոնը Սուրբ Սարգսի հիշատակության օրն է, իսկ Վալենտինը ոչ թե սիրո տոն է, այլ բիզնեսմենների: Այն կաթոլիկ եկեղեցում էլ այն կերպ չի նշվում, ինչպես մենք ենք պատկերացնում»,-ասում է Տեր Ասողիկ Քահանան:
Կաթոլիկ եկեղեցին ունեցել է Սուրբ Վալենտին անունով երեք սուրբ, որոնց կենսագրությունները չեն համապատասխանում ամբողջ աշխարհով մեկ տարածված այդ տոնի խորհուրդը լուսաբանող պատմության հետ:
Այս կարծիքին է նաև Տեր Հակոբ Քահանան, ում խոսքերով` Եվրոպայում հնարել են Վալենտինի տոնը, որպեսզի գործարար մարդիկ կարողանան հուշանվերները իրացնել, բայց այն ոչ մի կապ չունի հոգևոր պատկերացումների հետ:
Երիտասարդներից շատերին Վալենտինի տոնի հետ կապված դուր են գալիս վաճառվող տարբեր առարկաները, միմյանց բացիկներ նվիրելու գաղափարը. «Շատ եմ սիրում, երբ այդ օրը քաղքում բազմազան սրտիկներ կան, տարբեր գեղեցիկ առարկաներ ու հուշանվերներ, որոնք սիրում եմ և’ ստանալ, և’ նվիրել»,- ասում է Մարինեն:
«Սուրբ Սարգսի տոնի իմաստը, ի տարբերություն Վալենտինի, բովանդակության, ոչ թե ձևի մեջ է, -ասում է Տեր Ասողիկ Քահանան և ավելացնում,-վերջին տարիներին երիտասարդները ավելի շատ Սուրբ Սարգսի տոնն են նշում, ինչը շատ ուրախալի է: Հայ եկեղեցին ամեն ինչ անում է, որ այն ավելի մասսայական դառնա»:
Ի տարբերություն այն երիտասարդների, որոնք նշում են սիրո այս երկու տոնն Էլ, կան այնպիսիք, ովքեր ոչ միայն չեն նշում Սուրբ Վալենտինի օրը, այլև կարծում են, որ այն ընդհանրապես չպետք է նշել Հայաստանում. «Իսկ եթե հարցը ավելի շատ սիրո տոներ ունենալն է, ապա մենք` հայ քրիստոնյաներս, սիրո երկու օր ունենք` Սուրբ Սարգսը և Տեառնընդառաջը», -ասում է Նարեկը:
Մարգարիտա Ղազարյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել