HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը մնաց օրինական ուժի մեջ 

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քիչ առաջ մերժեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով դատախազության և Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքները:
Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Այսպիսով՝ ուժի մեջ մնաց առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատավոր Աննա Մաթևոսյանը մերժել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ:
Նշենք, որ դատավոր Աննա Մաթևոսյանը դատական ակտը կայացրել էր հունիսի 3-ին:
Այս որոշումը բողոքարկել էին և՛ դատախազությունը, և՛ Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Դատախազությունը պահանջում էր բեկանել քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ Վահագն Հարությունյանի պաշտպանը բողոք էր ներկայացրել, քանի որ համամիտ չէ դատական ակտում առկա որոշ ձևակերպումների և ներկայացված որոշ փաստական հանգամանքների հետ:
Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Վահագն Հարությունյանի պաշտպանը կարծիք է հայտնել, թե ցանկալի որոշում չստանալու դեպքում Հատուկ քննչական ծառայությունը նոր հիմք կգտնի՝ նրան կալանավորելու համար:
«Տեսնենք ՀՔԾ-ն հիմա ինչ է հորինելու»,-.մեզ հետ զրույցում ասաց պաշտպանը: Նա վստահ է, որ Հարությունյանին կալանավորելը ՀՔԾ-ի համար գերխնդիր է:
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ: Արդեն 8 ամիս է՝ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: Այս ընթացքում Հայաստանի դատարաններում մի քանի անգամ քննվել է նրա խափանման միջոցի հարցը, առաջին ատյանի երկու դատարաններ նրան կալանավորելու որոշում են կայացրել, սակայն Վերաքննիչ դատարանում այդ դատական ակտերը բեկանվել են:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter