
Ինչի՞ համար են մեզ պետք դատարանները, դատարանների գոյության տրամաբանությունը
Գոռ Հովհաննիսյան
Արդարադատություն իրականացնելը մարդկային հասարակության հնագույն ու կարևորագույն խնդիրներից մեկն է և հին ժամանակներից պատկանում է մարդկային կազմակերպված համակեցության նախապայմանների թվին: Թագավորի, գերագույն քրմի և զորավարի հետ միասին դատավորը մարդկային հանրության վաղնջագույն դրսևորումներից է: Նա արդեն կար, երբ դեռ չկային խորհրդարանները, նախարարներն ու կուսակցությունները: Դեռ հնագույն ժամանակներից նրա պաշտոնն առանձնանում էր բացառիկ արժանապատվությամբ ու վեհությամբ: Արդարադատությունն ու իրավունքի ի կատար ածումը հազարամյակներ շարունակ դիտվել են իբրև ծիսակատարություն, իսկ դատարանը` պաշտամունքի վայր[1]:
1. Իրավական պետությունը և արդարադատությունը
ՀՀ Սահմանադրության 6-րդ գլուխը (Դատական իշխանությունը) սերտ կապի մեջ է իրավական պետություն հիմնելու սահմանադրի որոշման հետ (Սահմ. 1-ին հոդ.): Իրավունքների պաշտպանության և դատարանների իրավասության մասին սահմանադրական կարգավորումները իրավական պետության սկզբունքի էական տարրերն են[2]: Իրավական պետական կարգը կարող է գոյություն ունենալ, եթե օրենսդրի ու գործադիրի կողքին ուժեղ Երրորդ իշխանություն` արդարադատություն կա կանգնած: Իրավական պետությունը դրսևորվում է հատկապես արդարադատության պետական գործառույթում[3]: Արդարադատությունն իրավական պետության հիմնասյունն է: Այն ապահովում է արդար հասարակական կարգը և երաշխավորում է իրավունքների պաշտպանությունն ու իրավական անվտանգությունը[4]:
Դատավորների իրավական վիճակը, դատարանների կազմակերպումը, դատական վարույթների ձևավորումը իրավական պետության միջուկն են, որը ոչ միայն պահանջներ է ներկայացնում նյութական իրավունքին, այլ նաև պահանջում է իրավունքի իրացվելիություն: Իրավունքի իրական ուժը, արդարության ու ազատության չափը կախված են գործունակ և վճիռ կայացնելու ուժ ունեցող արդարադատության միջոցով իրավունքի իրականացումից[5]: Իրավունքը կողմնորոշման վստահելի նմուշ է այնքան ժամանակ, քանի դեռ այն հուսալիորեն գործադրվում և կյանքի է կոչվում: Իրավական պետության նախապայմանը իրավական հուսալիությունն է: Քաղաքացու պաշտպանությունը պահանջում է ուժեղ և անկախ արդարադատություն: Միայն չեզոք, անկախ դատարանների գոյությունը կարող է ի վերջո երաշխավորել, որ օրենքները հարգվեն, ու արդարություն տիրի[6]:
2. Մասնավոր իշխանության արգելքը և պետական իշխանության մենաշնորհը
Պետության նախասկզբնական խնդիրն իր քաղաքացիների անվտանգության ապահովումն է: Ժամանակակից պետության նպատակը մասնավոր իշխանությունից քաղաքացիների պաշտպանությունն է, հենց հանուն որի էլ, ըստ Թոմաս Հոբսի (1588-1679), մարդիկ ընդհանրապես պետություն են ստեղծել[7]: Այդ իսկ պատճառով իրավական պետության առաջնային խնդիրն է արգելել մասնավոր անձանց միջև իրավական պահանջների ինքնագլուխ բռնի իրականացումը և շահագրգիռ անձանց ցույց տալ դատարան տանող ճանապարհը, որպեսզի նրանք այնտեղ կանոնակարգված ընթացակարգով առանց բռնության լուծեն իրենց վեճը և ստանան պարտադիր ուժ ունեցող վճիռ[8]: Այսպես ինստիտուցիոնալ ճանապարհով հաղթահարվում է բռունցքի իրավունքի և բռնության (homo homini lupus est[9]), կամայականության և քաղաքացիական պատերազմի (bellum omnium contra omnes[10]) բնական վիճակը (staus naturalis) և ձեռք բերվում քաղաքացիական վիճակը (status civilis), այն է` քաղաքացիների` ուժով պաշտպանված խաղաղ համակեցությունը[11]: Դատական իշխանությունում արտահայտվում են փաստորեն մասնավոր իշխանության արգելքն ու պետական իշխանության մենաշնորհը[12]:
Միայն անկողմնակալ ատյանի կողմից իրավական վեճերի պարդադիր լուծումն ըստ նախապես սահմանված ընդհանուր կարգի կարող է ապահովել տևական պետական խաղաղ համակեցություն[13]: Այս խաղաղ համակեցության ստեղծումն ու պահպանումը, որը յուրաքանչյուր սերնդի գիտակցության մեջ ու գործերում պետք է միշտ թարմացվի, պետության բոլոր նպատակներից ամենահիմնականն է[14]: Խոսքը պետության իշխանության մենաշնորհի մասին է, որին համապատասխանում է մասնավոր անձանց իշխանության արգելքը[15]: Երկուսն էլ պատկանում են արդի իրավական պետության հիմնարար ու պարտադիր հիմունքների և մարդկային քաղաքակրթության պատմության կարևորագույն նվաճումների թվին[16]:
Պետությունն իր իշխանության մենաշնորհի ուժով պարտավորվում է արգելել մասնավոր իշխանության գործադրումն ու սպառնալիքը, պաշտպանել քաղաքացիների իրավական բարիքները փոխադարձ ոտնձգություններից և դրանով ստեղծել անվտանգության ընդհանուր վիճակ, որը պետության ներքին ինքնիշխանության էական հիմքն է[17]: Պետությունն իրավական խաղաղություն և իրավական անվտանգություն երաշխավորելու իր խնդիրը կարող է կատարել միայն այն դեպքում, երբ արդյունավետորեն հաստատում է լեգիտիմ ֆիզիկական ուժի իր մենաշնորհն ընդդեմ բռնությունների: Խաղաղության պահպանելու քաղաքացիների պարտականությունը և պետության իշխանության մենաշնորհը կարծես միևնույն մեդալի երկու կողմերն են. պետության իշխանության մենաշնորհին համապատասխանում է ինքնադատաստանից նրա քաղաքացիների հրաժարումը: Պետությունն իր վրա է վերցնում իր քաղաքացիների անվտանգության ապահովումը և խախտումների դեպքում պատժում է նրանց[18]: Այդ իսկ պատճառով արդյունավետ գործող արդարադատության ապահովումը բխում է պետության նախասկզբնական շահից, եթե նա չի ուզում խաղաքարտի վրա դնել իրավունքին ենթարկվելու քաղաքացիների պարտականությունը, նրանց կողմից իր խաղաղության կարգի ընդունումը և դրանով իսկ ի վերջո իր` իբրև խաղաղություն հաստատող ուժի հեղինակությունը: Պետական իշխանության մենաշնորհը, խաղաղություն պահպանելու քաղաքացիների պարտականությունը և իրավունքների դատական պաշտպանությունը գտնվում են անխզելի կապի մեջ և պայմանավորում են մեկմեկու[19]:
3. Արդարադատության ապահովման և իրավունքների պաշտպանության պահանջի իրավունքը
Եթե պետությունն ի շահ ներպետական խաղաղության իր ձեռքն է վերցնում իշխանության մենաշնորհը և արգելում է քաղաքացուն լինել իր իսկ գործով դատավոր, ապա նա պարտավոր է իր վրա վերցնել և երաշխավորել իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Այդ նպատակով նա պարտավոր է ստեղծել մանրակրկիտ կազմակերպված դատական համակարգ, որն իր պարտադիր վճիռներով հարթում է կոնֆլիկտները և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց կատարումը պետության հարկադիր կատարման իշխանության միջոցով[20]:
Այսպիսով, դատարանի մատչելիության պահանջի իրավունքը պետության փոխհատուցումն է իշխանության մենաշնորհն իր ձեռքը վերցնելու և քաղաքացիներին իշխանության գործադրումն արգելելու դիմաց: Դատարան դիմելու հնարավորությունը իրավունքին հնազանդվելու և իշխանությունից հրաժարվելու քաղաքացու պարտավորության հատուցումն է[21]: Որքանով որ քաղաքացուն նյութական իրավունքում սուբյեկտիվ պահանջի իրավունք է տրվում, այդքանով իրավական պետությունը պարտավոր է դրանց իրականացման համար անկախ դատարաններ տրամադրել նրան: Սա քաղաքացու` իրավունքին հնազանդվելու հակառակ երեսն է. ինչպես որ նրանից իրավունքին ենթարկվել է ակնկալվում, այդպես էլ նա պետք է կարողանա դատական ընթացակարգով իրականացնել նյութական իրավունքով իրեն տրված իրավական պահանջները[22]: Քանի որ ժամանակակից պետությունն արգելում է անհատին դիմել ինքնադատաստանի, ուստի նա ինքն է կրում իր քաղաքացիների արդյունավետ պաշտպանության պատասխանատվությունը[23]: Պետության կողմից իրավական անվտանգության երաշխավորումը նրա քաղաքացիների հնազանդության նախապայմանն է ու նաև հետևանքը` subiectio trahit protectionem – protectio trahit subiectionem[24]:
Այդ պատճառով իրավական պետությունը կրում է պետականորեն արդարադատություն ապահովելու պարտականություն. քաղաքացին ունի փաստացի արդյունավետ դատական վերահսկողության և իրավունքների համակողմանի պաշտպանության պահանջի իրավունք իրավունքի բոլոր ոլորտներում[25]:
Արդարադատություն ստանալու պահանջի իրավունքը ենթադրում է դատարանի անխոչընդոտ մատչելիություն, դատավարության` սահմանված կարգով անցկացում, վեճի առարկայի փաստացի համակողմանի քննություն, ինչպես նաև պարտադիր ուժ ունեցող վճիռ[26]: Ընդ որում դատավարությունը պետք է անցկացվի և ավարտվի ողջամիտ ժամկետում (ՀՀ Սահմ. 19-րդ հոդ. առաջին մաս): Արդյունավետ դատական պաշտպանության իր խոստումը պետությունը չի կատարում, եթե դատավարությունը տարիներ է տևում[27]: Իրավունքի ժամանակին պաշտպանությունն է միայն արդյունավետ պաշտպանություն: Իրավունքների արդյունավետ և հավասար պաշտպանության իրավունքը պահանջում է, որ պետությունը երաշխավորի նաև ունեզուրկների իրավունքների պաշտպանությունն անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու միջոցով (ՀՀ Սահմ. 20-րդ հոդ. առաջին մասի երկրորդ նախ.):
Իրավական պետության սկզբունքից է բխում նաև արդյունավետ քրեական հետապնդումը, քրեական դատավարությունում ճշմարտության հնարավորինս լիակատար բացահայտման հանրային շահը և ծանր հանցագործությունների քննությունը: Իրավական պետության սկզբունքը կարող է իրականություն դառնալ միայն, եթե երաշխավորված է, որ հանցագործները գործող օրենքների շրջանակում դատապարտվում և արդարացի պատժի են արժանանում[28]:
Այսպիսով, երկրում գործուն արդարադատության ապահովումը պետության առաջնային պարտականությունն է[29]: Նա պետք է քաղաքացիների տրամադրության տակ այնպիսի դատարաններ դնի, որոնք իրենց կողմից կատարման ենթակա բոլոր խնդիրները կարողանան հաղթահարել օրենքով սահմանված կազմով, ողջամիտ ժամկետում և անհրաժեշտ բարեխղճությամբ: Միաժամանակ նա պետք է հոգ տանի իր դատարանները պատշաճ աշխատակազմով ու գույքով համալրելու մասին, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց խնդիրները[30]: Ընդ որում արդարադատության ոլորտում որակի երաշխավորումը հանրային խնդիր է, որին կարելի է հասնել միայն իշխանության բոլոր երեք ճյուղերի համագործակցության միջոցով[31]:
Օգտագործված գրականության ցանկ
Alexy, Robert: Theorie der Grundrechte. Univ., Habil.-Schr.-Göttingen, 1984, Suhrkamp Verlag, Frankfurt am Main 2006.
Classen, Claus Dieter: Artikel 92, in: von Mangoldt, Hermann/Klein, Friedrich/Starck, Christian (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, 6. Auflage, Franz Vahlen Verlag, München 2010, S. 643–664.
Degenhart, Christoph: Gerichtsorganisation, in: Isensee, Josef/Kirchhof, Paul (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland. Rechtsquellen, Organisation, Finanzen, 3. Auflage, C. F. Müller Verlag, Heidelberg 2007, S. 725–760.
Heister-Neumann, Elisabeth: "Große Justizreform" - Der Weg zu einer zukunftsfähigen Justiz. Zeitschrift für Rechtspolitik (ZRP) 1/2005, S. 12–15.
Herzog, Roman: Ziele, Vorbehalte und Grenzen der Staatstätigkeit, in: Isensee, Josef/Kirchhof, Paul (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland. Aufgaben des Staates, 3. Auflage, C. F. Müller Verlag, Heidelberg 2006, S. 81–116.
Heyde, Wolfgang: Rechtsprechung, in: Benda, Ernst/Maihofer, Werner/Vogel, Hans-Jochen (Hrsg.): Handbuch des Verfassungsrechts der Bundesrepublik Deutschland, 2. Auflage, Walter de Gruyter Verlag, Berlin, New York 1994, S. 1579–1636.
Hill, Hermann: Verfassungsrechtliche Gewährleistungen gegenüber der staatlichen Strafgewalt, in: Isensee, Josef/Kirchhof, Paul (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland. Freiheitsrechte, C. F. Müller Verlag, Heidelberg 1989, S. 1305–1352.
Hopfauf, Axel: Einleitung, in: Schmidt-Bleibtreu, Bruno/Hofmann, Hans/Hopfauf, Axel (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, 12. Auflage, Carl Heymanns Verlag KG, Köln 2011, S. 3–89.
Hopfauf, Axel: Vorbemerkungen vor Art. 92, in: Schmidt-Bleibtreu, Bruno/Hofmann, Hans/Hopfauf, Axel (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, 12. Auflage, Carl Heymanns Verlag KG, Köln 2011, S. 1830–1863.
Huber, Peter Michael: Art. 19, in: von Mangoldt, Hermann/Klein, Friedrich/Starck, Christian (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, 6. Auflage, Franz Vahlen Verlag, München 2010, S. 1759–1916.
Isensee, Josef: Grundrechtsvoraussetzungen und Verfassungserwartungen an die Grundrechtsausübung, in: Isensee, Josef/Kirchhof, Paul (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland. Allgemeine Grundrechtslehren, 2. Auflage, C. F. Müller Verlag, Heidelberg 2000, S. 353–484.
Isensee, Josef: Staat und Verfassung, in: Isensee, Josef/Kirchhof, Paul (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland. Verfassungsstaat, 3. Auflage, C. F. Müller Verlag, Heidelberg 2004, S. 3–106.
Isensee, Josef: Gemeinwohl im Verfassungsstaat, in: Isensee, Josef/Kirchhof, Paul (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland. Aufgaben des Staates, 3. Auflage, C. F. Müller Verlag, Heidelberg 2006, S. 3–79.
Klein, Oliver: Das Untermaßverbot - Über die Justiziabilität grundrechtlicher Schutzpflichterfüllung. Juristische Schulung (JuS) 11/2006, S. 960–964.
Maurer, Hartmut: Rechtsstaatliches Prozessrecht, in: Badura, Peter/Dreier, Horst (Hrsg.): Festschrift 50 Jahre Bundesverfassungsgericht. Band 2. Klärung und Fortbildung des Verfassungsrechts, Mohr Siebeck Verlag, Tübingen 2001, S. 467–503.
Papier, Hans-Jürgen: Justizgewähranspruch, in: Isensee, Josef/Kirchhof, Paul (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland. Freiheitsrechte, C. F. Müller Verlag, Heidelberg 1989, S. 1221–1232.
Sachs, Michael: Verfassungsrecht II. Grundrechte, Springer Verlag, Berlin, Heidelberg, New York 2000.
Schmidt-Aßmann, Eberhardt: Der Rechtsstaat, in: Isensee, Josef/Kirchhof, Paul (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland. Verfassungsstaat, 3. Auflage, C. F. Müller Verlag, Heidelberg 2004, S. 541–612.
Sodann, Helge: Das Spannungsverhältnis von Qualität und Quantität in der Justiz. Die Öffentliche Verwaltung (DÖV) 18/2005, S. 764–771.
Stern, Klaus: Das Staatsrecht der Bundesrepublik Deutschland, C. H. Beck Verlag, München 1988.
Stilz, Eberhard: Justizgewährungsdefizit. Deutsche Richterzeitung (DRiZ) 2006, S. 320–325.
Wolff, Heinrich Amadeus: Artikel 92, in: Umbach, Dieter/Clemens, Thomas (Hrsg.): Grundgesetz. Mitarbeiterkommentar und Handbuch. Band 2. Art. 38-146 GG, C. F. Müller Verlag, Heidelberg 2002, S. 975–1002.
Zippelius, Reinhold: Allgemeine Staatslehre. Politikwissenschaft. Ein Studienbuch, 16. Auflage, C. H. Beck Verlag, München 2010.
[1] Տես Hopfauf: Vorbemerkungen vor Art. 92, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 1831.
[2] Տես Maurer: Rechtsstaatliches Prozessrecht, in: Badura/Dreier (Hrsg.): Festschrift 50 Jahre Bundesverfassungsgericht, Tübingen 2001, S. 469.
[3] Տես Degenhart: Gerichtsorganisation, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2007, S. 726.
[4] Տես Heister-Neumann: "Große Justizreform" - Der Weg zu einer zukunftsfähigen Justiz. Zeitschrift für Rechtspolitik (ZRP) 1/2005, S. 13.
[5] Տես Heyde: Rechtsprechung, in: Benda/Maihofer/Vogel (Hrsg.): Handbuch des Verfassungsrechts der Bundesrepublik Deutschland, Berlin, New York 1994, S. 1580.
[6] Տես Hopfauf: Vorbemerkungen vor Art. 92, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 1833; Zippelius: Allgemeine Staatslehre, München 2010, S. 46; Wolff: Artikel 92, in: Umbach/Clemens (Hrsg.): Grundgesetz, Heidelberg 2002, S. 978.
[7] Տես Isensee: Staat und Verfassung, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2004, S. 52, 55; Herzog: Ziele, Vorbehalte und Grenzen der Staatstätigkeit, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2006, S. 97; Stern: Das Staatsrecht der Bundesrepublik Deutschland, München 1988, S. 932; Hopfauf: Einleitung, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 72.
[8] Տես Heyde: Rechtsprechung, in: Benda/Maihofer/Vogel (Hrsg.): Handbuch des Verfassungsrechts der Bundesrepublik Deutschland, Berlin, New York 1994, S. 1581: Իրավական պետության պատմության մասին տես Schmidt-Aßmann: Der Rechtsstaat, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2004, S. 547.
[9] Մարդը մարդուն գայլ է:
[10] Բոլորի պատերազմն ընդդեմ բոլորի:
[11] Տես Hopfauf: Einleitung, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 66; Isensee: Staat und Verfassung, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2004, S. 53, Isensee: Grundrechtsvoraussetzungen und Verfassungserwartungen an die Grundrechtsausübung, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2000, S. 412.
[12] Տես Heyde: Rechtsprechung, in: Benda/Maihofer/Vogel (Hrsg.): Handbuch des Verfassungsrechts der Bundesrepublik Deutschland, Berlin, New York 1994, S. 1582; Hopfauf: Vorbemerkungen vor Art. 92, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 1833.
[13] Տես Classen: Artikel 92, in: von Mangoldt/Klein/Starck (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, München 2010, S. 644.
[14] Տես Isensee: Gemeinwohl im Verfassungsstaat, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2006, S. 40.
[15] Տես Isensee: Staat und Verfassung, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2004, S. 55; Herzog: Ziele, Vorbehalte und Grenzen der Staatstätigkeit, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2006, S. 92; Classen: Artikel 92, in: von Mangoldt/Klein/Starck (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, München 2010, S. 644; Papier: Justizgewähranspruch, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 1989, S. 1222.
[16] Տես Hopfauf: Vorbemerkungen vor Art. 92, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 1833.
[17] Տես Isensee: Gemeinwohl im Verfassungsstaat, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2006, S. 39; Herzog: Ziele, Vorbehalte und Grenzen der Staatstätigkeit, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2006, S. 97.
[18] Տես Zippelius: Allgemeine Staatslehre, München 2010, S. 44; Hopfauf: Vorbemerkungen vor Art. 92, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 1833.
[19] Տես Maurer: Rechtsstaatliches Prozessrecht, in: Badura/Dreier (Hrsg.): Festschrift 50 Jahre Bundesverfassungsgericht, Tübingen 2001, S. 468.
[20] Տես Herzog: Ziele, Vorbehalte und Grenzen der Staatstätigkeit, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2006, S. 91; Hopfauf: Vorbemerkungen vor Art. 92, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 1834.
[21] Տես Isensee: Staat und Verfassung, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2004, S. 56; Huber: Art. 19, in: von Mangoldt/Klein/Starck (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, München 2010, S. 1857; Classen: Artikel 92, in: von Mangoldt/Klein/Starck (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, München 2010, S. 644; Herzog: Ziele, Vorbehalte und Grenzen der Staatstätigkeit, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2006, S. 98; Papier: Justizgewähranspruch, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 1989, S. 1224; Schmidt-Aßmann: Der Rechtsstaat, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2004, S. 580; Maurer: Rechtsstaatliches Prozessrecht, in: Badura/Dreier (Hrsg.): Festschrift 50 Jahre Bundesverfassungsgericht, Tübingen 2001, S. 491.
[22] Տես Stilz: Justizgewährungsdefizit. Deutsche Richterzeitung (DRiZ)2006, S. 320.
[23] Տես Hopfauf: Einleitung, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 67, 72; Sachs: Verfassungsrecht II, Berlin, Heidelberg, New York 2000, S. 43.
[24] Հնազանդությունը ենթադրում է պաշտպանություն, պաշտպանությունը` հնազանդություն: Տես Klein: Das Untermaßverbot - Über die Justiziabilität grundrechtlicher Schutzpflichterfüllung. Juristische Schulung (JuS) 11/2006, S. 960; Alexy: Theorie der Grundrechte, Frankfurt am Main 2006, S. 414; Hopfauf: Einleitung, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 72.
[25] Տես մանրամասն ԳԴՀ Դաշնային սահմանադրական դատարանի հետևյալ որոշումները` BVerfGE 88, 118 [123]; 104, 220 [231]; 113, 273 [310 ff.].
[26] Տես BVerfGE 54, 277 [291]; 107, 395 [401]; 112, 185 [207].
[27] Տես Sodann: Das Spannungsverhältnis von Qualität und Quantität in der Justiz. Die Öffentliche Verwaltung (DÖV) 18/2005, S. 765.
[28] Տես Hopfauf: Vorbemerkungen vor Art. 92, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 1834; Hill: Verfassungsrechtliche Gewährleistungen gegenüber der staatlichen Strafgewalt, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 1989, S. 1324.
[29] Տես մանրամասն Stilz: Justizgewährungsdefizit. Deutsche Richterzeitung (DRiZ)2006, S. 320.
[30] Տես Stilz: Justizgewährungsdefizit. Deutsche Richterzeitung (DRiZ)2006, S. 323.
[31] Արդարադատության մեջ որակի ու քանակի հարաբերակցության մասին մանրամասն տես Sodann: Das Spannungsverhältnis von Qualität und Quantität in der Justiz. Die Öffentliche Verwaltung (DÖV) 18/2005, S. 764.
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել