
Պայթյուն Սիսիան քաղաքում. կա զոհ
Հուլիսի 19-ին, ժամը 07:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 07:05-ի սահմաններում Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Վ.Հ.-ն (ծնված 1945 թ.) տեղում մահացել է:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 18-ին , անհայտ անձը ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի՝ տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից միջանցքի մետաղական դռան բռնակի դրսի հատվածին, որի արդյունքում տարածքի սեփանակատերը՝ Սիսիան քաղաքի 1945 թվականին ծնված բնակիչը ժամը 05:40-ի սահմաններում անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտանաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել