HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարության խորհուրդները` շոգ եղանակը հաղթահարելու մասին

Քանի որ օդերեւութաբանները ջերմաստիճանի բարձրացում են կանխատեսել առաջիկա օրերին, առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս շոգ եղանակը հաղթահարելու համար, որոնք ներկայացնում ենք ստորեւ:

Երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը մարդու մոտ կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ: 

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաև մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը: Իր կենսագործունեության համար անհրաժեշտ հաստատուն ջերմաստիճանն ապահովելու համար ստիպված շատ ավելի ինտենսիվ են աշխատում օրգանիզմի մի շարք օրգան-համակարգեր, հատկապես սրտանոթային և շնչառական համակարգերը, ինչի արդյունքում առաջանում են գործունեության խանգարումներ: Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ներքին օրգաններից դեպի մաշկային և ենթամաշկային ծածկույթներ արյան տեղաբախշման արդյունքում հաճախանում է պուլսը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, տատանվում զարկերակային ճնշումը, շնչառությունը կարող է հաճախանալ մոտ 2 անգամ: Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում նաև կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ թուլանում են պայմանական ռեֆլեքսները, առաջանում են շարժողական համակարգի խանգարումներ, իջնում է աշխատունակությունը, ինչպես նաև արգելակվում է սեկրետոր գեղձերի հյութարտադրությունը:

Ազդեցությունն առավել վտանգավոր է բացօթյա պայմաններում տարվա տաք եղանակներին ֆիզիկական ծանր աշխատանք կատարելիս, քանի որ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի աշխատանքի սուր խանգարումներ: 

Ուլտրամանուշակագույն ճառագայթման մեծ քանակով ենթարկվելը թողնում է բացասական հետևանք. մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում, կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն և այլն:

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու, ինչպես նաև մրսածությունից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարզ կանոնները.

  • Խմել օրական շուրջ 3 լիտր հեղուկ` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ջուրը ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցն է: Թանն իր մեջ պարունակող օրգանական թթուների, սպիտակուցների և աղերի շնորհիվ ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հյութերից ամռանը նախապատվությունը տվեք լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։ Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն այն պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
  • Ուշադիր լինել արևահարվելուց: Ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում չընդունել  արևային լոգանք: 
  • Ցանկալի է կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, խրախուսելի է` բամբակյա կտորից հագուստ:
  • Աշխատել հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:
  • Հեղուկներ ընդունելիս շատ չսառեցնել, ցանկալի է խմել գոլ կամ մի փոքր հովացրած:
  • Հնարավորինս զերծ մնալ շաքարավազ պարունակող գազային ըմպելիքներից:
  • Չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում երկար ժամանակ չգտնվել, երկարատև արևի տակ կայանված փոխադրամիջոցներում չնստել:
  • Արգելվում է երեխաներին և ընտանի կենդանիներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:
  • Խրախուսվում է, որ երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը:
  • Խուսափել ցերեկային ամենաշոգ ժամերին բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից:
  • Պետք է հետևել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։