HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Գերմանիայի դեսպանությունը վիզաների հարցում խոստանում է շտկել իրավիճակը, իսկ Լեհաստանի դեսպանությունը կարգավորման մասին չի խոսում

Հայաստանում օտարերկրյա դեսպանատների մուտքի արտոնագրեր տրամադրելու գործընթացը շարունակում է խնդրահարույց մնալ: Հուլիսի 1-ին Հայաստանում Լեհաստանի դեսպանության մասին մեր հրապարակմանը բազմաթիվ արձագանքներ եղան, հիմնականում Հայաստանի քաղաքացիներից: Հուլիսի 2-ին «Հետք»-ի ֆեյսբուքյան էջում հայտարարութուն տեղադրեցինք՝ խնդրելով քաղաքացիներից՝ եթե Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններում մուտքի արտոնագրի տրամադրման դժվարությունների են հանդիպել, ապա մեզ ուղարկեն իրենց պատմությունները: Հիմնական դժգոհությունները կապված էին կրկին Լեհաստանի դեսպանության, ինչպես նաև Գերմանիայի դեսպանության հետ: Այս հրապարակման մեջ կներկայացնենք քաղաքացիների պատմություններից մի քանիսը, Հայաստանում Լեհաստանի և Գերմանիայի դեսպանությունների արձագանքը, ինչպես նաև Լեհաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարություններին ուղարկված մեր պաշտոնական հարցման պատասխանները:


Ծրագրերի մասնակցության չեղարկումներ, ձախողված գործնական այցեր

«Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպության հետազոտող և խորհրդի անդամ Արփի Մանուսյանը հուլիսի 1-4-ը պետք է մասնակցեր Բեռլինի Freie համալսարանում կայանալիք Literature and Politics գիտաժողովին, որը նրա խոսքերով՝ կարևոր էր իր հետազոտական հետաքրքրությունների, ինչպես նաև անկախ հետազոտողների խումբ ներկայացնող իր կազմակերպության համար: Եվ քանի որ մինչև Արփիի Գերմանիա մեկնելը՝ մայիսի 19 -հունիսի 2-ը, նրա ամուսինը գործուղման հրավեր էր ստացել Պորտուգալիայից, ուստի որոշեցին միասին մեկնել, և Պորտուգալիայի մուտքի արտոնագիր ստանալու համար դիմեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հույս ունենալով, որ վերջինս, հաշվի առնելով Բեռլինի Freie համալսարանից և Friedrich Shlegel հիմնադրամից և Արփիի կազմակերպությունից մասնակցությունը հաստատող փաստաթուղթը, Պորտուգալիա այցից հետո Գերմանիա մեկնելու հանգամանքը, ինչպես նաև նրա ամուսնու հրավեր-նամակը, կտրամադրի բազմակի մուտքով արտոնագիր: Սակայն Ֆրանսիայի դեսպանատունը տրամադրեց ընդամենը մեկ մուտքով արտոնագիր և Արփին ստիպված եղավ դիմել Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն:

Վիզայի պայմանավորվածություն ձեռք բերելու համար Արփին իր փորձերը սկսել էր դեռևս Պորտուգալիայից՝ առցանց հերթագրման համակարգի միջոցով: Օր ամրագրելու բոլոր ջանքերը ապարդյուն անցան, նույնիսկ այն դեպքում, երբ նրան երկու անգամ հաջողվել է ամբողջությամբ լրացնել իր տվյալները, սակայն վերջին պահին համակարգը ներողություն է խնդրել՝ տեղեկացնելով, որ իր ընտրած և մյուս բոլոր օրերն արդեն զբաղված են: Տուրիստական գործակալություններին դիմելուց հետո էլ Արփիին չհաջողվեց մուտքի արտոնագիր ստանալու համար օր ամրագրել, ինչի հետևանքով նա բաց թողեց Բեռլինում կայանալիք գիտաժողովը:

«Նման վերաբերմունքը մարդու իրավունքների և արժանապատվության ոտնահարում է: Անհրաժեշտ է, որ Հայաստանում օտարերկրյա դեսպանությունները գործնականում դրսևորեն այն բարիդրացիական վերաբերմունքը, որի մասին հատկապես խոսում են նախորդ տարվա թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, իսկ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարությունը, բացի նմանօրինակ խնդիրներին ֆորմալ արձագանքելուց, պարտավոր է դեսպանատների հետ բանակցել իրական լուծումների շուրջ՝ մինչև վիզաների ազատականացմանը հասնելը»,- ասում է «Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպության հետազոտող և խորհրդի անդամ Արփի Մանուսյանը:

ՏՏ կազմակերպությունում որպես HR մենեջեր աշխատող Մարինե Մելիքյանն էլ պատմում է, որ իրենց աշխատակիցները չեն կարողանում գործուղումների մեկնել, ինչի պատճառով տուժում է բիզնեսը.

«Եթե նախկինում հնարավոր էր նամակ գրել և խնդրել, որ գործուղում մեկնող աշխատակիցների համար հնարավորինս մոտ օր նշանակեն, ապա այս տարի ոչ մի կերպ հնարավոր չի համագործակցել։ Արդեն 3-րդ աշխատակցի մասով ստիպված ենք չեղարկել, քանի որ ամբողջ հունիս ամիսը փորձել ենք օնլայն օր վերցնել, ապարդյուն։ Անգամ ԻՏՁՄ տնօրենն է նամակ գրել՝ անպատասխան։ Ես անձնական գործերով 5 ամիս առաջ օր ունեի, անգամ խնդրել եմ նամակով, որ իմ օրերը չեղարկեն և տրամադրեն աշխատակիցներիս, ու էլի մերժել են՝ պատճառաբանելով, որ օնլայն պիտի արվի։ Ու այդպես ստիպված տուժեց բիզնեսը, քանի որ հնարավոր է՝ զրկվենք նոր հաճախորդի նոր նախագծից, իսկ եվրոպացիները նախընտրում են աշխատել այն երկրների հետ, որտեղ վիզաների խնդիր չկա։ Չափազանց լուրջ հարց է, որը լուծում է պահանջում։ էլ չեմ խոսում դեսպանատան աշխատակիցների արհամարհական վերաբերմունքի մասին»,- պատմեց Մարինեն։

Ռաֆիկ Ենգիբարյանը այս տարվա օգոստոսին պետք է մեկներ Գերմանիա կամավորական ծրագրին մասնակցելու նպատակով, և անհրաժեշտ էր D կարգի ազգային վիզա ստանալ, սակայն Գերմանիայի դեսպանությանը նամակ գրելուց հետո տեղեկացվել է, որ հերթագրվելու համար ազատ օրեր կան միայն օգոստոս ամսվա համար, և մինչև փորձել է գրանցվել այդ օրերը նույնպես զբաղեցվել են:

«Երբ օր փորձեցինք նշանակել, հունիսի և հուլիսի համար ազատ օր չկար, նամակ գրեցինք դեսպանատանը, որ մեր ծրագիրը պետք է սկսվի օգոստոսի 1-ին և մեզ հարկավոր է մինչ այդ ստանալ վիզա: Դեսպանատունը մեզ տեղեկացրեց, որ ազատ օրեր կան միայն օգոստոս ամսվա համար, որոնք հասանելի են իրենց համակարգում, մինչև փորձեցինք գրանցվել գոնե օգոստոսի սկզբին դեսպանատուն գնալու համար, արդեն այդ օրերի մեծ մասն էլ էին զբաղված: Ու հիմա մենք ստիպված ենք ուշ սկսել մեր ծրագիրը, քանի որ ավելի շուտ գործերը հանձնելը անհնար է գրեթե, չնայած հրավերը օգոստոսի 1-ով է, եթե տոմս գնած լինեինք ավելի վատ դրության մեջ էինք հայտնվելու»,- պատմեց Ռաֆիկը:

Նշենք, որ D տեսակի ազգային վիզան նախատեսված է մեկ մուտքի և շարունակական գտնվելու կամ բազմակի հաջորդական և ընդհանուր առմամբ 3 ամսից ավելի տևող մուտքերի համար: Ազգային վիզայի վավերականության ժամկետը չի կարող գերազանցել 1 տարի ժամանակահատվածը:

Լեհաստանի դեսպանատանն առնչվող նամակները ևս շատ էին, դրանք նույնությամբ կրկնում էին այն պատմությունը, որի միջով անցել էր «Հետք»-ի լրագրողը և որին անդրադարձել էր հուլիսի 1-ի հրապարակման մեջ:

Դժգոհությունները հիմնականում վերաբերում են առցանց հերթագրման  համակարգին, ինչպես նաև դեսպանության աշխատակիցների անհարգալից և արհամարհական վերաբերմունքին: 

Քաղաքացիներից մեկն էլ «Հետք»-ին ուղարկած նամակում նույնիսկ նշել էր, որ Հայաստանում Լեհաստանի դիվանագիտական ներկայությունը վերանայման կարիք ունի: Նշենք, Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը մուտքի արտոնագրեր է տրամադրում նաև Շվեյցարիա, Սլովակիա և Սլովենիա այցելությունների համար:

Լեհաստանի դեսպանատան պատասխանը հակասում է իրականությանը

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով գրավոր հարցում ուղարկեցինք Հայաստանում Լեհաստանի դեսպանություն՝ նշելով, առցանց հերթագրման համակարգի, պաշտոնական հրավերների և այլ հարցերի մասին:

Դեսպանությունը մեզ ուղարկեց անստորագիր մի պատասխան, որում ասվում էր, թե գրանցման համակարգը երբեք փակ չի եղել, սակայն ծանրաբեռնվածության պատճառով e-konsulat համակարգում խնդիրներ են առաջանում: Հարցումն ուղարկելուց առաջ e-konsulat համակարգում նշվում էր, որ հասանելի ժամկետներ կան հուլիսի 4-ից սկսած, սակայն դրանից հետո նույնպես հասանելի ժամկետներ չեն նշվել, իսկ այս պահին համակարգն ընդհանրապես հասանելի չէ: Եվ չնայած այս ամենին, դեսպանությունն ընդգծել է, որ շաբաթական 140-180 մարդ է գրանցվում, և Հայաստանի քաղաքացիներին շաբաթական տրամադրվում է մի քանի հարյուր արտոնագիր:

Լեհաստանի դեսպանությունն իր պատասխանում նշել է նաև, որ իրենք կանոնավոր կերպով տրամադրում են մուտքի արտոնագրեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր ճանապարհորդում են Լեհաստան և այլ եվրոպական պետություններ տարբեր հրավերների` այդ թվում նաև միջազգային կազմակերպությունների տրամադրած հրավերների հիման վրա: Այստեղ հարկ է նշել, որ «Հետք»-ի լրագրողը Շվեյցարիայում կայանալիք գիտաժողովին մասնակցելու համար ունեցել է Եվրահանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնի հրավերը, որի մասին տեղեկացրել են Լեհաստանի դեսպանությանը, սակայն մյուս փաստաթղթերի հետ մեկտեղ այն ևս չի դիտարկվել: Դեսպանությունն անտեսել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության նոտան:

Լեհաստանի դեսպանությունը չի պատասխանել մեր այն հարցին, թե Հայաստանի քաղաքացիները այսուհետ ինչպես կարող են դեսպանության միջոցով մուտքի արտոնագիր ստանալ, երբ այսպիսի խոչընդոտներ են առկա:

Լեհաստանի ԱԳՆ-ն տեղյակ է իրավիճակից, և սակայն լուծում չի առաջարկում

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությանը հարցում էինք ուղարկել հունիսի 28-ին, պատասխանը ստացել ենք այսօր: 

Արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ տեղյակ է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունում մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում առկա իրավիճակից, և դա կապում է վիզայի հայտերի զգալի ավելացման հետ: 

Լեհաստանի ԱԳՆ-ն նույնպես ընդգծել է, որ հերթագրման e-konsulat համակարգը երբեք փակ չի եղել և հասանելի է քաղաքացիներին, այսինքն՝ կրկին իրականությանը հակասող տեղեկություն է հաղորդում:

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը մեզ ուղղված պատասխանում նշել է իր գործառույթների տիրույթում իրականացվելիք աշխատանքների մասին, սակայն այդպես էլ չի նշել իրավիճակը հարթելու ճանապարհը:

Գերմանիայի դեսպանությունը ներողություն է խնդրում՝ խոստանալով շտկել իրավիճակը

Հայաստանում Գերմանիայի դեսպանությանն ուղարկված մեր գրավոր հարցմանը պատասխանել է գործերի ժամանակավոր հավատարմատար Քլաուս Վենդելբերգերը՝ ընդգծելով, որ դեսպանությունը շարունակաբար ջանում է բարելավել վիզայի համար դիմող անձանց մատուցվող ծառայությունները, այդ թվում նաև՝ հերթագրման հնարավորությունները: Վենդելբերգերը նշել է, որ վիզայի համար գրանցվելու հերթերը մեծ պահանջարկի հետևանք են: Ըստ դեսպանության՝ 2016թ. ընթացք է տրվել Շենգենյան վիզայի 11 000 դիմումի, 2017-ին՝ 13 000, 2018-ին՝ 15 800, իսկ 2019-ին ընթացիկ տեմպերով նախատեսում են 17 000 դիմում:

2018թ. դեսպանությունը փորձել է դիմումների ընդունումը պատվիրակել այդպիսի ծառայություններ մատուցող ընկերության, ինչի շնորհիվ  հնարավոր կլիներ կրկնապատկել ընդունման ծավալները, սակայն Գերմանիան և Հայաստանը չեն կարողացել պատվիրակման հետ կապված որոշ հարցերի շուրջ համաձայնության գալ:

«Մենք անկեղծորեն ցավում ենք, որ ներկայում մեր համակարգն առաջիկա օրերին և շաբաթներին հերթագրվելու հնարավորություն չի տալիս: Դա նրանից է, որ բոլոր ժամերն ամրագրված են, ինչը բարդացնում կամ երբեմն նույնիսկ բացարձակ անհնարին է դարձնում նաև այդ ամրագրումներն առաջ բերելու հնարավորությունը: Մենք ներողություն ենք խնդրում հատկապես այն անձանցից, որոնք չեն կարողանում հերթագրվել իրենց անհրաժեշտ ժամանակահատվածում»,-նշել է Քլաուս Վենդելբերգերը: Ըստ նրա՝ այս իրավիճակը իրենք չեն կարող հանդուրժել և աշխատում են հերթագրման համակարգի լայնածավալ բարելավման ուղղությամբ, փոփոխություներն ուժի մեջ կմտնեն մի քանի շաբաթից:

«Կրկին անգամ ցավում ենք վիզաների դիմումների հերթագրման համակարգի ներկայիս վիճակի համար՝ գիտակցելով մարդկանց ճամփորդելու ազատության կարևորությունը: Ուստի մեծ ճիգերով աշխատում ենք հերթերն ընդունելի նվազագույնի հասցնելու ուղղությամբ»,- եզրափակել է գործերի ժամանակավոր հավատարմատար Քլաուս Վենդելբերգերը:  

Մեր հարցմանը նմանատիպ պատասխան է տվել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը՝ շեշտելով դեսպանատան ծանրաբեռնված աշխատանքի, ինչպես նաև այդ ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն ուղղված գործողությունների մասին:

Պաշտոնական մեկնաբանության համար դիմեցինք նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, խոստացան մոտ օրերս արձագանքել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնել էր՝ սա սկզբունքային հարց է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության համար, ինչպես նաև տեղեկացրել էր, որ Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը հրավիրվել է ԱԳՆ պարզաբանումներ տալու:

Հ.Գ. Այնուամենայնիվ պետք է նշենք, որ անհասկանալի է մնում, թե քաղաքացիների այսքան դժգոհությունների առկայության պարագայում ինչպես են դեսպանատները հարյուրավոր, հազարավոր հայտեր ընդունում և մուտքի արտոնագրեր տրամադրում, երբ հերթագրման համակարգերը պարզապես չեն գործում: Մեր հետագա հրապարակումներում կփորձենք ստանալ նաև այդ հարցի պատասխանը, ինչպես նաև կանդրադառնանք Հայաստանում հավատարմագրված այլ դեսպնությունների՝ մուտքի արտոնագիր տրամադրելու գործընթացին:

Տես նաև՝

Լուսանկարում ձախից՝ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը, աջից՝ Լեհաստանինը

Մեկնաբանություններ (1)

Ջիվան Օհանյան
Ես նույնպես Լեհական կողմի անմարդկային վերաբերմունքի զոհն եմ։ Արդեն մեկ ամիս է անդադար հետևում եմ e-konsulat-ին գրանցվելու համար։ Այն մեկ ակնթարթում փոխում է անհասանելի օրերի ամսաթիվը։ Ես չեմ կարողանում հասկանալ, թէ երբ են հասցնում այդ մի քանի հարյուր հոգին (ըստ լեհական դեսպանատան տվյալների) մի ակնթարթում լրացնել անկետաները և գրանցվել համակարգում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter