
ԲԴԽ նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ վեթինգի, Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության մասին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության ժամանակ Ռուբեն Վարդազարյանը գաղտնի քվեարկությամբ ստացել է 8 կողմ ձայն: Նրան դեմ է քվեարկել ԲԴԽ-ի միայն մեկ անդամ: Այս մասին խորհրդի շենքի դիմաց հավաքված լրագրողներին ասաց Վարդազարյանը, որը, հիշեցնենք, այսօր ընտրվել է ԲԴԽ նախագահ:
Վարդազարյանն ասաց, որ այլևս չի կարող լինել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, քանի որ ԲԴԽ նախագահ ընտրվելու դեպքում կասեցվում են դատավորի իր լիազորությունները:
Անդրադառնալով դատավորների վեթինգին՝ Վարդազարյանը նշեց, որ գուցե գործընթացը, որը կիրականացվի, վեթինգ անունը չստանա, բայց լինելու է մի գործընթաց, որի ընթացքում դատավորներն ավելի պարզ կլինեն, ավելի մատչելի կդառնա նրանց գործունեությունն ու եկամուտների և գույքի հայտարարագրումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների հրաժարականի վերաբերյալ հայտարարությունից հետո Վարդազարյանը միակ դատավորն է եղել, որ ասել է, թե պատրաստ է հրաժարական տալ: Թեև, ի վերջո, նա հրաժարական չտվեց, լիազորությունները կկասեցվեն օրենքի ուժով:
Հարցին՝ դատավորի պաշտոնից հրաժարական տալու պատրաստակամություն հայտնելիս Վարդազարյանը հեռահար նպատակներ ունե՞ր ԲԴԽ նախագահի պաշտոնին հավակնելու, վերջինս պատասխանեց. «Ես պայծառատես չեմ, ես նույնիսկ Դատավորների ընդհանուր ժողովի օրը վստահ չէի` ինձ քվե կտան, թե՝ ոչ»:
Հարցին՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը համարո՞ւմ եք դատավորի անկախությունը խոչընդոտելու փորձ, Վարդազարյանը պատասխանեց, թե Դավիթ Գրիգորյանը կներկայնա ԲԴԽ, որից հետո ինքը դիրքորոշում կհայտնի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մեկնաբանել