HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վալլեքսը» արձագանքել է պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը ՀՀ կառավարությանը նվիրելու հայտարարությանը

«Վալլեքս» խմբի ընկերությունների հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արեն Մկրտչյանի հրապարակային ելույթների ընթացքում «Վալլեքս» խմբի ընկերությունների գործունեությանն առնչվող տեղեկատվությանը։ Ստորեւ՝ հաղորդագրությունն առանց խմբագրման։

«Ողջունում ենք Ալավերդու պղնձաձուլական գործարանը ՀՀ կառավարությանը նվիրելու ՎՏԲ բանկի պատրաստակամության մասին Արեն Մկրտչյանի հայտարարությունը և հույս ունենք, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն կանի նաև բանկը (Տես՝ 24TV, 16 հուլիսի  2019 թ, հարցազրույց Արեն Մկրտչյանի հետ «ՎՏԲ բանկը պատրաստ է կառավարությանը նվիրել Ալավերդու պղնձաձուլական գործարանը»: Պատգամավորը «նվիրել» ասելով հավանաբար նկատի ունի գործարանի սեփականատեր ACP ընկերության գույքի և բաժնետոմսերի նկատմամբ ՎՏԲ բանկի գրավի իրավունքները կառավարությանը զիջելը)։ Վստահ ենք, որ գործարանի հետագա ճակատագրի հետ կապված անորոշությունն արագ կհաղթահարվի ՎՏԲ բանկի գույքային իրավունքները ՀՀ կառավարությանը փոխանցելու դեպքում: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը ՀՀ կառավարության հետ քննարկելու գործարանի աշխատանքը վերսկսելու կամ նրա հիմքի վրա նոր արտադրություն ստեղծելու ուղղությամբ համագործակցության հնարավորությունը։

Հղում կատարելով ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի հոդված 4-ի 4-րդ կետի և ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին ՀՀ օրենքի հոդված 3-ի պահանջներին, կարծում ենք ՀՀ ԱԺ պատգամավորը դատական վեճ ունեցող տնտեսվարողների հարաբերությունների առկայության պայմաններում իր հրապարակային ելույթներում պետք է պահպանի չեզոքություն: Իրականությունը հօգուտ մի կողմի ներկայացնող, ինչպես և  իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները երկրի օրենսդիր մարմինը ներկայացնող աձի հրապարակմամբ կարող են անհամաչափ ազդեցություն ունենալ ինչպես դատական վեճերի իրավաչափ ընթացքի, այնպես էլ հանրային ճիշտ ընկալման վրա»։

Մեկնաբանություններ (1)

Նանե
Էս երիտասարդը էսպես էլ գլխի չի ընկնում ուրա ընկել,իրար հակասող հայտարարություններով, իրար կռվացնող մտքերով, անհետևողական խոստումներով, էս մենակ պինդ նստածա Վալլեքսի վրա՞, բա պատկերասրահը տանում են մի ձեն հանի այ պատգամավոր, բա սիրտդ ահա ընկնում վարչապետի ընկեր Սուքիասյան ազգանունը լսելու՞ց , բա խոսի, բա ասա, Վալլեքսին հիմի ով ասես կխփի, բա Սուքիասյանների դեմ խոսա, երեք ամիսա ալավերդցիներն ընկել են ետևիցդ. ոչ զանգերին ես պաատսխանում, ոչ հանդիպում, ինչ որ գերգաղտնի գիշերային հանդիպումներ ես անում պիվա խմում ինչ որ ջահելների հետ որ ի՞նչ անես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter