
Քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորությունները
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների (ՀՀՄ) միության ներկայացուցիչներին՝ միության նախագահ Հայկ Ալոյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է նախարարության հանրային կապերի բաժինը, հանդիպմանը քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորություններին, ոլորտում պետական կառավարման մոտեցումներին, առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված նախատեսվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Փոխնախարար Լիլիա Շուշանյանը ներկայացրել է ոլորտում պետության մոտեցումներն ու առաջիկա քայլերը և կարևորել մասնագիտական կառույցների ներգրավվածությունն այս գործընթացներում: «Ողջունելի է, որ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ մեր և տնտեսվարողների մոտեցումները համընկնում են»,-նշել է Լ.Շուշանյանը:
Իր խոսքում փոխնախարարն ընդգծել է պատասխանատու հանքարդյունաբերության միջավայր ձևավորելու առաջնահերթությունը և ակնկալել ընդերքօգտագործման ոլորտի կազմակերպությունների աջակցությունը:
Միության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել և համագործակցել ոլորտի կարգավորմանն ուղղված նախաձեռնություններում:
Մեկնաբանել