HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գումարվեց օպերատիվ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց օպերատիվ աշխատանքային խումբ՝ աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով:

Աշխատանքային խումբը գլխավորում է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, ՀՀ ոստիկանության պետի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալները, ըստ անհրաժեշտության մարզպետների տեղակալները, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, ինչպես նաև Հայանտառ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը:

Հուլիսի 19-ին տեղի ունեցավ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:

Ըստ նախարարության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում ԱԻ նախարար, օպերատիվ աշխատանքային շտաբի ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց աշխատակարգը, ըստ որի նիստերը գումարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ, իսկ հրատապ հարցերի դեպքում՝ անմիջապես: Քննարկումների արդյունքում խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկներ կներկայացվեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նախարար Ցոլակյանը ներկայացրեց հանրապետությունում առկա իրավիճակը:

Ըստ նախարարի, նախորդ տարիների համեմատ գրեթե բոլոր ուղղություններով աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. հրդեհներ, սողանքներ, քարաթափումներ, ջրահեղձումներ և այլն:

Նախարարը՝ կարևորելով օպերատիվ աշխատանքային խմբի ստեղծումը, շեշտեց արդյունավետ աշխատանքի կարևորությունը, որին կարելի է հասնել բոլոր շահագրգիռ կառույցների ներգրավմամբ համագործակցված աշխատանքի և ֆունկցիոնալ պարտականությունների կատարման դեպքում:

Արդյունավետ քննարկում ծավալվեց հատկապես արտակարգ իրավիճակների կանխարգելման և հնարավոր ռիսկերի նվազեցման վերաբերյալ, որի ժամանակ ընդգծվեց յուրաքանչյուր գերատեսչության անհատական պատասխանատվության կարևորությունը:

Ֆելիքս Ցոլակյանը շեշտեց հրդեհների առաջացման մի քանի պատճառ, որոնց թվում են ոռոգման բացակայությունը կամ ոչ պատշաճ իրականացումը, որոշ քաղաքացիների անփույթ և անպատասխանատու վերաբերմունքը շրջակա միջավայրի և հրդեհային անվտանգության կանոնների նկատմամբ:

Նախարարը շեշտեց, որ ԱԻ նախարարությունը ամենօրյա ռեժիմով իրականացնում է հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկում: Այստեղ չափազանց կարևոր է ինչպես քաղաքացիների սրտացավ վերաբերմունքը, այնպես էլ ոստիկանության հասցեական գործողությունները:

Ամառային հանգստի ակտիվ փուլում չափազանց կարևոր է Սևանա լճի հանգստյան գոտում անվտանգության կանոնների պահպանումը:

Նախարար Ցոլակյանը առաջարկեց ԱԻ նախարարության, ոստիկանության և «Սևան ազգային պարկի» համատեղ ջանքերով ապահովել լճի ափին հանգստացող քաղաքացիների անվտանգությունը:

Աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակներին վերաբերող բազմաթիվ այլ խնդիրներ ևս, որի արդյունքում որոշում կայացվեց տասնօրյա ժամկետում աշխատանքային խմբի քարտուղարին ներկայացնել առաջարկներ քննարկված հարցերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին նախարար Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց աշխատանքային խմբի անդամներին և մաղթեց արդյունավետ աշխատանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter