HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Յուրայիններին՝ ամեն ինչ, հակառակորդներին՝ օրենքներ

Իջևանում ապօրինի անտառահատումներն օրինականացնելու պահանջով միջպետական ավտոմայրուղին փակելը, ավելի վաղ Սևանի լողափի տնտեսվարողների՝ Երևան-Սևան մայրուղին փակելը, առհասարակ, փողոց փակելը՝ իբրև խնդրի հանրայնացման ամենաարդյունավետ մեթոդ, Կառավարության համար տագնապի ազդանշան է՝ կառավարման համակարգում ինչ-որ բան այն չէ: Իշխանությունը շարունակում է փնտրել ոչ թե լուծումներ, այլ պատժելու հնարավորություններ:

Հայաստանում երկրի կառավարումը երբեք արդյունավետ չի եղել: Նախկինում էլ պետությունն անարդյունավետ էր կառավարվում, պարզապես պետական գերատեսչությունների հետ գործ ունենալու տհաճությունը փոխհատուցվում էր կոռուպցիայի, կաշառքի միջոցով լուծված հարցերով:

Ինչու՞ են դժգոհ այսօր քաղաքացիները, երբ, թվում է՝ իշխանությունը սկսել է կոռուպցիայի դեմ տոտալ պայքար:

Խնդիրն այն է, որ այսօր էլ պետական գերատեսչությունների հետ շփվելը նույնքան տհաճ ու բարդ է, որքան նախկինում: Գումարած՝ գործդ դոփում է տեղում, որովհետև չինովնիկները վախենում են կաշառք վերցնել, դժգոհում են իրենց աշխատավարձերից, լավագույն դեպքում՝ նախընտրում ոչինչ չանել: Ակնհայտ են նաև սաբոտաժի դրսևորումները:

Իջևանում մարդիկ դուրս են եկել փողոց, պահանջում են «տուն պահելու» իրավունք՝ անտառը ապօրինի հատելու միջոցով: Հիմնավորումն էլ «երկաթյա» է՝ իրենք անտառի հարևանությամբ են ապրում, ուրեմն կարող են օգտվել անտառից: Սևանցիները լճի հարևանությամբ են, ուրեմն կարող են իրենց թույլ տալ օգտվել լճից՝ ձուկ, ափամերձ տարածքների սեփականաշնորհում, լճի անարգել աղտոտում…

Հեղափոխությունը կարո՞ղ էր փոխել բոլորիս սպառողական վերաբերմունքը բնության հանդեպ, քաղաքացիներին առավել պատասխանատու դարձնել, իշխանությունների հետ շփումը դառնար պակաս նվաստացուցիչ…
Գուցե կարող էր, եթե այդ ազդակը հեղափոխության առաջնորդները գործով, իրենց անձնական օրինակով դարձնեին կենսաձև:

Հայաստանի տնտեսական, սոցիալական վիճակը թույլ չեն տալիս արագորեն լուծել մարդկանց աշխատատեղերի, արժանապատիվ սոցիալական վիճակի խնդիրները, բայց նման իրավիճակում պետք է գործի չգրված այլ կանոն՝ սոցիալական լարվածությունը հնարավոր է հանդարտեցնել իշխանությունների սոցիալական վիճակի ու ժողովրդի սոցիալական վիճակի միջև բևեռացման նվազեցմամբ:

Հեղափոխության օրերին, երբ երկրի ապագա կառավարիչները ժողովրդի մեջ էին, շփումը քաղաքացիների հետ հորիզոնական էր, երկրում մեկնարկային մթնոլորտը չափազանց դրական էր:

Կար գիտակցություն. տնտեսությունը տասնամյակներ չի աշխատել, երկրում ծանր տնտեսական, սոցիալական վիճակ է, և բոլորս ենք դրա շահառուն, բոլորս կձգենք մեր գոտիները, սոցիալական նույն պայմաններում կլինի թե՛ իշխանությունը, թե՛ ժողովուրդը:

Բայց ի՞նչ եղավ. ժողովրդի աջակցությամբ իշխանության եկած մարդիկ, առանց րոպե կորցնելու, սկսեցին օգտվել իշխանության ընձեռած բոլոր հարմարավետություններից՝ կառավարական առանձնատներ, սպասարկող մեքենաներ, թիկնապահներ, որոնք ավելի շուտ սպասավորների, լաքեյների դեր են կատարում հեղափոխական իշխանավորների համար՝ վերարկու պահել, անձեռոցիկը վերցնել, կրակայրիչը մոտեցնել, ծխախոտ մատուցել և այլն, և այլն:

Պաշտոնների նշանակման սկզբունքը նույնն է, ինչ նախկինում էր. արժանիքների առաջին հորիզոնականում հավատարմությունն է մեկ մարդու, բոլոր հարցերի պատասխանների հասցեատերն էլ նույն այդ մեկ մարդն է՝ վարչապետը: Պետական համակարգի տրանսֆորմացիան ՀՀԿ-ից՝ ՔՊ, ավարտական փուլում է:

Այդպիսով՝ իշխանական էլիտայի ու «ներքևի» միջև սոցիալական անջրպետը անսպասելի և շատ արագ առաջացավ: Օլիգարխիան այսօր էլ իշխանության կողքին է և իրեն չափազանց անկաշկանդ է զգում: Նոր իշխանությունը նախկինում իշխանությունների հետ համագործակցած, հարկերը թաքցրած օլիգարխին ներկայացնում է որպես երեխաների ու մշակույթի համար մտահոգ բարեգործի:

Եթե իշխանություն ունեցող հեղափոխականներին, օլիգարխներին կարելի է ճարպիկ լինել, օգտվել ընձեռված հնարավորություններից, ինչու՞ նույնը չի կարող անել «ներքևը»:

Հանրահավաքների, բողոքի ակցիաների մասնակիցները կվկայեն, որ տասնյակ հազարավոր մարդկանց միջավայրում կորած դրամապանակը գտնում էր իր տիրոջը: Համընդհանուր բարոյական մթնոլորտը չափազանց կարևոր գործոն է:
Իշխանությունների վարքն ու կեցությունը կարող է ազդել յուրաքանչյուրիս վարքի վրա: Հեղափոխության օրերին կար ընդհանուր նպատակ, և մեզնից յուրաքանչյուրն ուներ իր մասնակցությունը, իր պատասխանատվությունը և ընդհանուր նպատակին հասնելու համար պատրաստ էր զրկանքների:

Այդ մթնոլորտն այսօր չկա: Իրականությունը չափվում է Վիճկոմիտեի թվերով:

Արդեն իրենց սպառել են խոսքերը, թե Հայաստանի ժողովրդի իշխանությանը ոչինչ չի սպառնում, որ «Հայաստանում հաստատված է ուղիղ ժողովրդաիշխանություն»:

Վարչապետը օր օրի կորցնում է իր համար կենսական միակ հենարանը՝ ժողովրդին: Ժողովրդին չեն կարող փոխարինել ո՛չ ուժեղացված ոստիկանությունը, ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ նախկին իշխանությունների հենարան, այսօր արդեն՝ բարձր պաշտոններ զբաղեցնող չինովիկները, ո՛չ «խոշոր տնտեսվարողներ» դարձած օլիգարխները, ո՛չ պատեհապաշտ կուսակցականները:

Մեկնաբանություններ (1)

Սամվել Ճշմարիտյան
Փառք Աստծո Հայաստանում կան սթափ մտածողներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter