
Նախնական գնահատականով՝ Արմավիրի մարզում նախատեսվում է ունենալ 20 խոշորացված համայնք
Համայնքների խոշորացման ծրագիրը չի շրջանցի նաև Արմավիրի մարզը: Համայնքների միավորման արդյունքում, նախնական գնահատականով Արմավիրի մարզում նախատեսվում է 20 խոշորացված համայնք: Ներկայում մարզն ունի 97 համայնք: Մարզպետարանի փոխանցմամբ՝ միավորման գործընթացի վերաբերյալ մարզում հանրային լսումներ դեռևս չի իրականացվել:
Փոխարենը հունիսի 21-ին մարզպետարանում՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ հանդիպում-քննարկում է եղել մարզի միավորվող համայնքների ղեկավարների հետ: Քննարկվել են համայնքների միավորման նախնական տարբերակները:
Համայնքապետերից մի քանիսը դժգոհություններ ունեին: Անունները չհրապարակելու պայմանով նշեցին, որ միավորվող համայնքների նախնական տարբերակներն ամենևին չեն բխում հայեցակարգից: Օրինակ՝ մարզպետարանը հայտարարում է, որ նոր ձևավորվող համայնքի կենտրոնը պետք է ունենա միավորվող համայնքների համար կենտրոնական դիրք, առնվազն 3000 բնակիչ և անհրաժեշտ նվազագույն ծավալի ենթակառուցվածքներ:
Նոր ձևավորվող համայնքների բնակավայրերի հեռավորությունը կենտրոնից չպետք է գերազանցի 20 կմ: Նոր ձևավորվող համայնքում պետք է առկա լինեն տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ նվազագույն ենթակառուցվածքներ՝ մանկապարտեզ, բուժկենտրոն, մշակույթի տուն և միջնակարգ դպրոց:
Համայնքապետերի խոսքերով՝ նշված պայմանները նախնական քննարկումների ժամանակ չեն պահպանվել և համայնքային կենտրոններ են ցանկանում դարձնել այնպիսի համայնքներ, որոնք, օրինակ՝ կենտրոնական դիրք չեն զբաղեցնում: Զրուցակցիս խոսքով՝ ամեն ինչ անելու են, որպեսզի շեղումներ թույլ չտրվի: Նշեց, որ այդ թեմայով տարակարծություններ ունի մարզպետարանի պաշտոնյաների հետ, և քանի որ նախնական տարբերակների քննարկում է, չի ուզում անունը հրապարակել, որ «չթարսվեն»:
«Որ գյուղից ազդեցիկ պաշտոնյա կա, այդ գյուղն էլ դառնալու է կենտրոն»,-հավելեց համայնքապետերից մեկը: «Հետք»-ն առաջիկայում անդրադառնալու է Արմավիրի մարզի համայնքների խոշորացման ծրագրին:
Մեկնաբանել