HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիետա Խաչատրյան

«Գարին բոյ չտվեց, ցորենն էլ չորանում է»

Երեք ճակատագիր' նույն երկնքի տակ

Արկադի Նարինյանի ընտանիքը Բաքվից է տեղահանվել, 1989-ին տեղափոխվել են Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղ ու մնացել: Արկադին դպրոցում ռազմագիտություն է դասավանդում, 70 հազար դրամ աշխատավարձ է ստանում. 1000 մ տնամերձ հող ունեն, իսկ ընտանիքում 7 հոգի են' հայրը, մայրը, կինն ու երեք երեխան: Արկադիի ընտանիքը մեծ դժվարությամբ ընտելացավ գյուղի կյանքին, բայց, ի վերջո, կարողացան գյուղաբնակ դառնալ. «Կարտոֆիլ, լոբի, կաղամբ, պոմիդոր ենք աճեցնում ու տնամերձով մի կերպ ծերը ծերին հասցնում: Վարելահող ունենք, էս տարի ցանեցինք, բայց, ցավոք, շատ եմ փոշմանել, որովհետեւ երաշտ է, արդյունք չեմ ստանա' անձրեւ բոլորովին չեկավ»,- ափսոսում է Արկադին:

Ոռոգման ջուրը չի բավարարում հողամասերին անգամ, ջրագիծը հին է, պիտի նորոգվի, խողովակները լրիվ տարել են, մեծ գումարների հետ է կապված: Մյուսներն էլ Արկադիի նման ցանել են ու ձեռնունայն կանգնել, ջրելու հնար չկա, Աստծո հույսին են: «Ջրի ծրագիր պետք է լինի,-համոզված է Արկադին, հովանավոր գտնվի, խողովակաշար անցկացվի, գյուղի զարգացումը դրանից է կախված»,-խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում Արկադին: Թե չէ' ծախս են անում, ցանում ու ոչ մի արդյունքի չեն հասնում:

«Մարդ կա' 4-5 հեկտար է ցանել, անգամ 10 հեկտարով ցանող է եղել, չորացավ: Անցած տարի լավ էր, թեկուզ կարկուտը խփեց, բայց երաշտ չեղավ, էլի բերքը եղավ: Այս տարի սարսափելի երաշտ տարի է: Հողերը մի 6-7 տարի անմշակ են մնացել, էս տարի մի 15-20 հոգի վարձակալական հող են վերցրել-ցանել, որ բերք ունենան, դրանից էլ զրկվեցին: Գարին բոյ չտվեց, ցորենն էլ չորանում է: Մարդկանց մեծ մասը տնամերձի հույսին է, բայց այս տարի այստեղ էլ մի բարվոք վիճակ չէ, կարկուտը խփեց. ընկույզ չկա, տանձը' հազվագյուտ, ծիրանը լրիվ փչացավ մայիսի սկզբի ցրտահարությունից: Շատերն արդեն այս տարվա հետ հույս չեն կապում ու եկող տարվա լավ եղանակին են հայացք ուղղում»,-ասում է զրուցակիցս:

Արկադիի պատմելով' գյուղում աղքատներն ավելի շատ են, քան միջին բարեկեցություն ապահովողները: Մի 20 ընտանիք անասուն չունի' ծերեր են, անգամ երիտասարդների մի մասը չի կարողանում ընտանիքը կերակրելու համար բավարար քանակով անասուն պահել. շատ դժվար է անասնակեր ձեռք բերել: Խոտհարքներ մի 15 ընտանիք ունի, բայց նախ՝ շատ հեռու են գյուղից' 15 կմ, ապա' սարերի վրա են. ոտքով բարձրանում են սարը, մեծ դժվարությամբ խոտ հնձում, բայց տրանսպորտով տեղափոխելու ծախսն է շատ լինում: 30 լիտր վառելիք պիտի ունենա տրակտորը, բերելու ծախսը միայն այնքան է թանկացնում այդ խոտը, որ անիմաստ է դառնում այդպիսի թանկ անասնակերը:

«Կաթի, մրգի վերամշակման ձեռնարկություններ եթե հիմնվեն, աշխատատեղ կստեղծվի»,-ասում է Արկադին: Այս տարի նա եւս «Հայգյուղփոխբանկից» վարկ է վերցրել' անասնակեր գնելու համար. «29 տոկոսը շատ բարձր է, բայց ելք չկա»,- ասում է նա:

7 երեխայի հայր Սարգիս Գյուլումյանը «ԱրմենՏելի» Վարդենիսի կայանի աշխատակիցն էր, Փամբակի ու Ծափաթաղի հեռախոսակետերն էր սպասարկում: Տասնհինգ օր առաջ նրան կրճատեցին: 41-ամյա մարդը, որի տունը բնակվելու համար բոլորովին անպիտան ու ավերակված նախկին «Արեգ» կայարանի երկհարկանի շենքի մի կիսավեր բնակարանն է (դատարկ ու ավերակ շենքում էլ ուրիշ մարդ չի ապրում), մնացել է մի շատ փոքրիկ բոստանի ու երեխաների նպաստի հույսին: 50 հազար դրամ նպաստ են ստանում, տարվա նպաստի 2 ամսվանը թողնում են սոցիալական աշխատողներին: Թե ի՞նչ պետք է անի Սարգիսը, դեռեւս չի պատկերացնում, քանի որ նպաստով հնարավոր չէ 9 հոգու կերակրել:

6-15 տարեկան 6 երեխաների մայր Շուշանիկ Բաղդյանը սեփական տուն չունի. «Քուչումն եմ. պետությունն ասում է' թուղթ բեր, որ սեփականություն չունես: 1992 թվին որ ամուսնացել եմ, կիսուր-կեսրարիս տան վրա եմ գրանցվել: Կադաստրում մոտ 100 հազ. դրամի տուրք են ուզում, որ իբր պիտի սեփականաշնորհեմ, հետո իմ փայաբաժինը նվիրատվություն անեմ, հետո հանեն գրանցումից: Այդ գումարը չունեմ, գրանցված տեղում էլ չեմ ապրում, հիմա ի՞նչ անեմ»: Շուշանիկենց ընտանիքը ո՛չ տնամերձ ունի, ո՛չ էլ ուրիշ սեփականություն, բացի մի կովից, երկու ոչխարից, որոնց պահում է մոր գոմում: Նրա ընտանիքն ապրում է Շուշանիկի եղբայրների տանը, բայց անվերջ այնտեղ ապրել չեն կարող, այս ընտանիքին իր սեփական հարկն է հարկավոր:

Շուշանիկի ամուսինը որեւէ տեղ չի աշխատում, ինքը դպրոցի հավաքարարն է, 24 հազար դրամ աշխատավարձին գումարվում է երեխաների 40 հազար դրամ նպաստը: «2 ամսվա նպաստը' 80 հազար դրամ, Վարդենիսի սոցիալական աշխատողներն են ամեն տարի պահանջում, որ իրենց թողնեմ, եթե չտամ, նպաստը կկտրեն, մաղարիչ են ուզում. մի տարվա 10 ամիսը դու ես ստանում, 2 ամիսը՝ իրենք: Էդ նպաստով ու իմ աշխատավարձով է մեր ընտանիքն ապրում: Ասում են' Աղվան Վարդանյանը լավ նախարար է, կուզեի տեսնել նրան ու պատմել»,-ասում է Շուշանիկը ու ազատամարտիկի կին Էլմիրա Նաղդալյանի հետ հարմար դիրք ընդունում իմ լուսանկարչական սարքի դիմաց:

Փամբակի մարդիկ երկար հարմարվել են իրենց նոր բնակավայրին: Նրանց երբեմն օգնության է հասնում Սեւանը' ձուկը նեղ օրվա կերակուրն է: Սակայն հինումին տներով, հողե ճանապարհներով, ոռոգման ու խմելու ջուրը գրամով օգտագործող, զբաղմունքի ոչ մի հնարավորություն չունեցող այս գյուղը հնարավոր չէ երկար ժամանակ ելման դրության մեջ պահել: Պետության շունչն է հարկավոր, որ գեղատեսիլ բնության այս անկյունում գտնվող Փամբակը անհարմար բնակավայրից Հայրենիք դառնա:

Հ.Գ . Աշնանը գումարվելիք Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովն իր խնդիրներից մեկը պետք է համարի Հայաստանի գյուղերն ուժեղացնելը: Եթե դա հերթական «պտիչկան» չի լինելու Հայաստան-Սփյուռք կապերի' թղթի վրա մնացող պաշտոնական մեծ-մեծ կարգախոսների շարքում, պաշտոնյաներին եւ շահագրգիռ անձանց առաջարկում ենք վերցնել Հայաստանի քարտեզը եւ նայել Սեւանի ու հայ-ադրբեջանական սահմանի արանքում սեղմված Գեղարքունիքի մարզի գյուղերին: Նայելուց հետո քարտեզը ձեռքներիդ անցեք այդ գյուղերով ու զրուցեք մարդկանց հետ. դրանից հետո ամեն ոք կհասկանա իր անելիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter