HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիետա Խաչատրյան

Փամբակը Ռոբինզոնի կղզին է հիշեցնում

Փամբակի համայնքապետարանի միջանցքի «տախտակամածը» փտելուց վերածվել է ամեն վայրկյան անցնողին գցել սպառնացող կամրջի. «Մի՛ նկարիր, էս տարի միջոց եմ ճարել' նորոգելու եմ»,-ասաց համայնքապետը, բայց եւ ցույց տվեց ծակված տանիքով ակումբը, որը նույն փոքրիկ համայնքապետարանի մի մասն էր, անկտուր մարզադահլիճը, որ էլի նույն գյուղապետարանի մի ուրիշ մասն էր: Իսկ համայնքապետարանն ինքը դրանց կից մի փոքրիկ, չնորոգված սենյակ էր, որտեղ սրտառուչ հարեւանությամբ իրար կողքի տեղավորված էին ճապոնական հեռուստացույցը, գրասենյակային նորաձեւ 6 աթոռ, մեկ սեղան եւ խորհրդային երկու փտած գրասեղան. ինչպես ասում են' անցյալն ու ներկան գիրկընդխառն: Ճանապարհից բավական հեռու, բարձրադիր ընկած համայնքապետարան բարձրանալն իսկական տանջանք էր, բայց համայնքապետը գոհ էր գյուղի վրա վերեւից իշխող այդ դիրքից:

Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոդք գավառ. խա Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածքի պատմական անունն է, որի մի փոքրիկ մասնիկ Փամբակը Վարդենիսի լեռների իր բաժին կիսաօղակի մեջ ապրում է քարտեզից ու կյանքից դուրս, դժվար կենցաղով՝ մենակ կռիվ տալով հիմնախնդիրների հետ: Դրանցից ամենամեծը ճանապարհն է, հետո' երաշտը: Երեւան-Շորժա-Վարդենիս հանրապետական նշանակության մայրուղու ասֆալտը վերջանում է հարեւան Ծափաթաղն անցնելուց հետո, դեպի Փամբակ մի քանի կիլոմետրի վրա: Դրանից հետո սկսվում է դարուփոսերի դժոխքը, որն ավտոբուսն արդեն անցնում է երեք անգամ ավելի դանդաղ, քան մինչ այդ գալիս էր: Ու այդպես մինչեւ Վարդենիս՝ Սեւանի ու սահմանային լեռների նեղուցում շարված տասնյակ սահմանամերձ գյուղերի բնակիչներին զրկելով մարդավայել ճանապարհով երթեւեկելու, իրենց ստեղծած բերքն ու բարիքը մոտակա Վարդենիս, Վայք ու Եղեգնաձոր տանել-վաճառելու, ընտանիքը կերակրելու հնարավորությունից:

Փամբակի համայնքապետ Հարություն Ազարյանը, Փամբակի եւ հարեւան գյուղերի զարգացման համար ճանապարհի ահավոր վիճակը լուրջ խոչընդոտ համարելով' դժգոհում է. «Փախստականներով գյուղ է' դրա՞ համար ոչ մեկի պետքը չէ, ո՞նց կարելի է մի ամբողջ տարածք սպասարկող ճանապարհը տասնամյակներով չնորոգել, ոնց որ աշխարհի ծայրում ապրենք...»: Թեեւ նկատում է, որ մինչեւ այս տարվա վերջ կառավարությունը ճանապարհը նորոգելու ծրագիր ունի, նույնիսկ ճանապարհի շինարարության համար մրցույթ է տեղի ունեցել, մրցույթն էլ ինչ-որ կազմակերպություն շահել է:

Եթե իսկապես Ճամբարակ-Շորժա-Վարդենիս ճանապարհն ասֆալտապատվի, դարակազմիկ նշանակություն կարող է ունենալ Վարդենիսի տարածքի սահմանամերձ գյուղերի համար, գուցե զարգանա տուրիզմը, աշխատատեղեր ստեղծվեն, մեր փողատերերն էլ արդեն նորոգված ճանապարհով իրենց քիթը Ծափաթաղից այն կողմ անցկացնեն ու մտածեն Սեւանին կպած Վարդենիսի մյուս գյուղերում եւս փոքր ձեռնարկություններ հիմնելու մասին: Մյուս կողմից էլ' ճանապարհը սարքելուց հետո ախր էս մեր փողատերերը սկսելու են ցանկապատել ու մաս-մաս խժռել Սեւանի ափամերձ տարածքը, ինչպես որ արվել է ճանապարհի ողջ բարեկարգ հատվածի երկայնքով մինչեւ Ծափաթաղ, ու գյուղացիք զրկվելու են իրենց բաժին Սեւանի ափին ազատ ու անվճար արեւահարվելուց: «Մեխի ու մուրճի արանքում մնալու պատմությունն է»,-ասում են փամբակցիք, բայց բարեկարգ ճանապարհ ունենալուն այլընտրանք չկա:

Առաջին հայացքից Փամբակը Ռոբինզոնի կղզին է հիշեցնում: Սարե՞րն են եկել-կպել տներին, թե՞ տներն են հենց սարերին բուսնել' հնարավոր չէ տարբերել. գեղեցիկ է, բայց միայն այդքան, գեղեցկության ետեւում սարի մարդկանց ամենօրյա դժվարություններն են, սակավահող տարածքից հաց եւ ապրուստի միջոց ստանալու հոգսը:

18 տարի փախստական կլինե՞ն

Փամբակի 611 բնակիչների մեծ մասը Ադրբեջանից գաղթած ընտանիքներն են, հիմնականում' Դաշտային Ղարաբաղի Զագլիկ գյուղից, կան նաեւ Կիրովաբադից եւ Բաքվից տեղահանվածներ: 225 տնից միայն 24-ն են պատկանում, ինչպես այստեղ ընդունված է ասել, «դաչնիկներին»: Մնացածը հիմնական բնակիչներն են, որոնք այստեղ են արդեն 18 տարի: Փամբակցիներին հիմնականում կերակրում են տնամերձները եւ ունեցած մի քանի գլուխ անասունը: Գյուղը 353 հա վարելահող ունի, բայց այն համարյա չի մշակվում. սարերի, թեքությունների վրա էրոզիայի ենթարկված հող է, մեծ խնամք ու ոռոգում է պահանջում, գյուղացին դեռ զգուշանում է հող վարձակալել, ցորեն ու գարի ցանել: Ժամանակին, սոցիալական նպաստ ստանալու հույսով, փամբակցիք զանգվածաբար հրաժարվում էին արդյունք չտվող հողից, որպեսզի նրանց ընդգրկեն սոցիալական նպաստների ցուցակներում: Հիմա կամաց-կամաց հասկանում են' իրենց կերակրողը հողն է, ու հակվում են հողը վարձակալելուն եւ մշակելուն: «Դեռ մարդ կա գյուղում, որ ասում է' փախստական ենք, թող մեզ օգնեն. ա՛յ մարդ, 18 տարի փախստական հո չեն լինի՞»,-դժգոհում է համայնքապետը: Հասկանալի է, որ մարդիկ հիշում են Դաշտային Ղարաբաղի իրենց ծաղկուն հողերը, բարեխառն կլիման, բայց նաեւ արդեն այս կյանքն է իրականությունը, եւ շատերը վաղուց արդեն հարմարվել են տեղի դաժան բնությանն ու փորձում են տնտեսություն հիմնել:

Վարձակալական հողերի առաջին աճուրդը տեղի ունեցավ 2002 թվականին. ոչ մի տեղացի այն ժամանակ հող չվարձակալեց, միայն Նոր Գեղիի «Մաքսֆրուտ» կազմակերպությունը 130 հա վարձակալեց: Բայց հիմա արդեն պահանջարկ կա եւ, համայնքապետի խոսքերով, աշնան բերքահավաքից հետո տեղի ունենալիք աճուրդին շատերն են սպասում, որ հող վարձակալեն. ահա այդ ժամանակ փամբակցին աջակցության կարիք կզգա, տեղին կլինի ե՛ւ պետության, ե՛ւ տարբեր կազմակերպությունների ու անհատների, ե՛ւ վարկային ծրագրերի աջակցությունը:

Համայնքապետի ոգեւորությունը, սակայն, ինչպես պարզ դարձավ գյուղացիների հետ զրույցներից, վերջիններս այնքան էլ չեն կիսում:

Այստեղ մինչեւ մայիսի կեսերը ցուրտ է, կարկուտը հաճախ փչացնում է բերքն ու ծաղկած այգիները, տնամերձից առաջին արդյունքը ստանում են հուլիսի վերջին, այսինքն' մինչ այդ նախորդ տարվա կարտոֆիլի ու անասունի տված կաթումածնի հույսին են: Ձմեռն էլ գալիս է նոյեմբերի կեսին, այստեղ Արարատյան դաշտ չէ: Այդ մի քանի ամսում փամբակցին պետք է կարողանա այնքան արդյունք ստանալ, որ մնացած 7-8 ամիսը գլուխը պահի:

Գյուղին տանջող մյուս խնդիրը խմելու եւ ոռոգման ջրի պակասն է: Խմելու ջուր կա' սարերից իջնող ինքնահոս ջուրն է, որը բավական տեղ իր հունով է գալիս, անցնում արոտավայրերով, հետո նոր խողովակ մտնում: Բազմիցս Վարդենիսի սանէպիդկայանի աշխատակիցները ստուգել են խմելու ջուրը եւ պարզել, որ այն վտանգավոր է առողջության համար: Մաքրման կայան պետք է ունենալ, բայց մաքրման կայան պահելը թանկ հաճույք է, գյուղի խղճուկ բյուջեով դա հնարավոր չէ: Գյուղացիք էլ խմելու ջուրը վերցնում են երկու խորքային հորերից, բայց դա հարցի լուծում չէ եւ բարդացնում է կենցաղը: Ոռոգման ջրի ջրատարն էլ է հին, սարսափելի քայքայված, մի կերպ կպցնում են իրար, ցելոֆանով փաթաթում, տեղ-տեղ խողովակաշար բոլորովին չկա' գողացել-տարել են:

Գյուղի բյուջեն, ապառքներն էլ հետը, 10 մլն դրամ է: Պետական հատկացումը դրանից 2 մլն 772 հազար դրամ է: Ապառքները հողի հարկի հին պարտքերն են եւ կազմում են 4մլն 600 հազ. դրամ: «Ժամանակին մի օրինագիծ էր ներկայացված Ազգային ժողով, որով նախատեսված էր սահմանամերձ գյուղերի ապառքները զիջել: Այդ օրինագիծը մերժվեց 1998թ.-ին, սակայն քննարկումների ընթացքը գյուղացու մեջ արմատավորեց հողի հարկը չվճարելու սովորույթը, որը նոր-նոր է հաղթահարվում: Ահա այդպես էլ գոյացան ապառքները»,-ասում է Փամբակի համայնքապետը: Ասենք' 100 հազ. դրամ հողի հարկի պարտքը փամբակցի ընտանիքի համար մեծ գումար է, հարեւան Նարիմանի, Զոդի համար գուցե դա մեծ փող չէ, բայց հողից աղքատ Փամբակի գյուղացու համար դա անհասանելի գումար է: Կան ընտանիքներ, որ բարեխիղճ մուծում են հարկը. օգտագործվող 198 հեկտարից անցած տարի, օրինակ, 79-ի համար հարկ չի մուծվել: «Այս տարի մարզպետն ասել էր, որ բյուջեն փաստացի եկամուտների վրա հաշվենք, տարվա մասով' առանց ապառքների»,-ասում է համայնքապետը:

Ուր էլ այցելում ենք, հետաքրքրվում ենք, թե արդյո՞ք մեր գյուղերում օգտվում են գյուղատնտեսական վարկերից: Փամբակում անցած տարի «Հայգյուղփոխբանկից» 19 ընտանիք վերցրել է առաջին վարկերը: Դրանք եղել են 600 դոլարի չափով, չափազանց բարձր' 29 տոկոս դրույքաչափով: Բանկից դժգոհ չէին, բայց վերցնողների մեծ մասը չի կարողացել արդյունք ստանալ, քանի որ շատերը խոզ են գնել, մինչդեռ գյուղում եղած ազարի վարակի հետեւանքով դրանց մեծ մասը կոտորվել է: Համայնքապետն, օրինակ, 20 խոճկոր էր գնել, որոնցից երեքն էին մնացել: Սակայն դա չի վախեցնում փամբակցիներին. կան մարդիկ, ովքեր ուզում են կրկին փորձել:

Փամբակում երիտասարդները շատ են

Գյուղի դպրոցը 102 աշակերտ ունի, 14-ն էլ ավարտել են այս տարի: Ուսուցիչները բոլորը գյուղից են, տնօրենը Գավառից է, բայց բնակվում է Փամբակում: Նորոգված դպրոց է ( նորվեգացիք են ֆինանսավորել ) , ձմռանը փայտի վառարաններ են դնում: Աշակերտներն իրենց դպրոցը շատ են սիրում. «Միակ նորմալ, կուլտուրական տեղն է»,-ասում են նրանք: Այս տարվա շրջանավարտներից 5-ը պատրաստվում են դիմել բուհեր: Ֆինանսական դժվարությունները շատ են խանգարում, կրկնուսույցի մոտ չեն կարողանում պարապել: Երիտասարդությունից հատուկենտ մարդիկ' մի տասը հոգի, գնացել են Ռուսաստան: Գյուղացիներից շատերի կարծիքով' արտագաղթի քչությունը նաեւ ճանապարհածախսի գումար չունենալու հետեւանք է:

Ավագ տարիքի վերաբնակներից շատերը տեղահանվելուց հետո այստեղ մահացան, եւ Փամբակում ներկայումս ավելի շատ միջին տարիքի մարդիկ եւ երիտասարդներ են ապրում ( 35-40 տոկոս ) : Եւ շատ բան կախված է լինելու նրանից, թե ինչ պայմաններ են ստեղծվելու երիտասարդների համար: Նրանց ծնողները, զրկված լինելով ունեցվածքից, քիչ բան են թողել զավակներին. զրոյից սկսելը նրանց համար դժվար է: Ահա հենց այստեղ պետք է երեւա պետության դերը, որը պետք է կարողանա հրատապ լուծել սահմանամերձ շրջանի երիտասարդ ընտանիքների աջակցության խնդիրը' օրենսդրությամբ եւ փաստացի:

Այստեղ է գտնվում Զոդից եկող բեռնագնացքներին սպասարկող «Արեգ» կայարանը: Աշխատանք ունեցող քիչ երջանիկներից են երկաթգիծը նորոգող բանվորները: «Եթե մի փոքրիկ գործարան լինի, ամեն ընտանիք գոնե մի աշխատող կունենա, կգոյատեւեն»,-համոզված են նրանք: Ի՞նչ գործարան: Գյուղացիք չգիտեն: Հարեւան Ծափաթաղում սփյուռքահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանն, օրինակ, անասնապահական ֆերմա եւ գորգագործական ֆիրմա է հիմնում: Երիտասարդությունն անասնապահությամբ է զբաղվում, ուրիշ աշխատանք չկա: Փամբակցի 611 բնակչից մատների վրա կարելի է հաշվել աշխատողներին. 8 հոգի աշխատում է երկաթգծի Փամբակի «Արեգ» ենթակայարանում, 8 մարդ' գյուղապետարանում, դպրոցում էլ 15 ուսուցիչ է զբաղված, տեխսպասարկման անձնակազմ եւս կա: Վերջ: Մնացածները երազում են աշխատանք ունենալու մասին, քանի որ միայն տնամերձով ընտանիք պահելը շատ դժվար է:

Դավիթին եւ Արթուրին հանդիպեցինք գյուղի կենտրոնը համարվող մի «բեսեդկայում», որտեղ գյուղացիները թուղթ են խաղում, նստում-զրուցում են, պատահում է' նաեւ խմում են: Մի խոսքով' այդ «բեսեդկան» գյուղի «մշակութային կյանքի» միակ ատրիբուտն է: Երկու տղաներն էլ այս տարի են ավարտել դպրոցը: Դավիթը որոշել է ուսումը շարունակել եւ պատմաբան դառնալ: Պատրաստվե՞լ է քննություններին, կարո՞ղ է դրամ գտնել քաղաք գնալու եւ այլ ծախսերի համար. «Աշխատողի համար դժվար չէ գումար ճարելը, բիզնես եմ անում»,-դիք-դիք գլուխ գովեց նա: «Ի՞նչ բիզնես»,-հարցրի: «Խառը,-ասաց,-ձկան գործ, լվացքի մեքենաների նորոգում»: 17-ամյա այս տղաների երազանքը գիտե՞ք որն է. որ գյուղի փոշոտ ու խորդուբորդ ճանապարհներն ասֆալտապատվեն, գյուղը ոռոգման ջուր ունենա ու նորմալ բերք ստանա: Մեծական երազանքներ ու մեծական հոգսեր: Նրանց համար գյուղում ոչ մի հետաքրքրություն չկա, միակ գնալու տեղը հարսանիքներն ու թաղումներն են: Ուրիշ գյուղերում ասֆալտապատ ինչ-որ տարածք կամ կենտրոն կա, որտեղ գյուղի երիտասարդությունը կարող է գոնե զբոսնել, իսկ այստեղ ծուռումուռ, հողի ու փոշու մեջ կորած փողոցներ են, որտեղով անցնող մեքենան փոշու ամպ է բարձրացնում կամ խրվում ցեխի մեջ: Երիտասարդության միակ զբաղմունքը հեռուստացույցն է: Մեկ էլ' ինչ-որ բրիտանական կազմակերպություն, որն աջակցության նապատակով երկու թերթ է բաժանորդագրվել գյուղի համար' «Հայոց աշխարհ» ու «Առավոտ»:

Երկաթգծի աշխատողների համար ժամանակին կառուցված մի քանի շենքերը եթե նորոգված լինեին, կարող էին գյուղի համար մշակութային կենտրոն դառնալ կամ տուրիզմի զարգացման հեռանկար բացել: Սակայն դրանք ավերված ու թալանված են, կարելի է ասել' սոսկ պատերն են կանգնած, եւ ավելի շատ Վարդենիսի բնակիչներն են տնօրինում դրանք' որպես ամառանոց. Սեւանի ափին շատ մոտ լինելու հանգամանքն է դեր խաղում: Մինչդեռ գյուղում սեփական տանիք չունեցող ընտանիքներ կան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter