HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Գերագույն արժեքը Մարդն է, իր ազատ տեղաշարժի, ուսումնառության իրավունքով: Հուսադրող էին տարբեր բարձրաստիճան այրերի խոսքն ուսման շարունակականության, գիտության զարգացման ու մասնագետների ներգրավման մասին:

Անսալով ՀՀ վարչապետի կոչին, որդիս, առժամանակ ընդհատելով ուսումը, վերադարձել է Հայաստան՝ ՀՀ ԶՈւ ծառայելու: Հիմա էլ համարվում է Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտի (МФТИ)  ասպիրանտուրայի 1-ին կուրսի ուսանող: (2018թ. ամռանն, ավարտելով ՄՖՏԻ-ի մագիստրատուրան, ուսման շարունակականությունը չընդհատելով, ընդհանրական կարգով ընդունվել է նույն հաստատության ասպիրանտուրայի անվճար բաժին):

ՊՆ տեխնոլոգիական (գիտական) վաշտում ընդգրկվելու Պն-ի հայտարարած մրցույթի 1-ին փուլում, ցավոք, չի հավաքել բավարար միավորներ: Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով (օրինակ՝ 8 տարի ՌԴ-ում ռուսերենով ուսուցմամբ և թեստերի միայն հայալեզու լինելով, …): Կարծում եմ այս անհաջող արդյունքը չի կարող ստվերել իր անցած ուսումնական ուղին և կարողությունները: Հավելեմ նաև, որ Շանթը և մի քանի ուսանողներ, 2011թվին ուղեգրվել են ՀՀ ԿԳՆ-ի կողմից ուսումնառության, սակայն 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն թվի որոշման արդյունքում, հայտնվել են անհավասար ու հանիրավի անօրեն վիճակում (այս խնդրին քաջատեղյակ են համապատասխան պետական մարմինները), այլապես որդիս կունանար տարկետման իրավունք և հնարավորություն ուսումն ավարտին հասցնել:

Ինձ բնավ հաճելի չի փաստել, որ որդիս ունի առողջական ոչ կրիտիկական խնդիրներ (ողնաշարի, սրտի, հարթաթաթության, …), որոնք հայտնաբերվել են Զինկոմիսարիատի կողմից դեռ 2010 և 2015 թվականներին: Հիմա հասակը գերազանցում է 170 սմ-ը, իսկ քաշը 45-47 կգ է (որը զարմանալիորեն համարվում է նորմալ):

Պետական բարձրաստիճան այրերը կարևորում են երկրում գիտության և մտավոր ներուժի գրավմանը, խթանմանը: Ուսումնառելով ֆիզիկայի բնագավառում աշխարհի  լավագույն ԲՈւՀ-երից մեկում (8 Նոբելյան մրցանակակրի հիմնական աշխատավայր, ևս 2 Նոբելյան մրցանակակրի alma-mater (մայր բուհ), Ֆիզտեխի 3 շրջանավարտ դարձել են տիեզերագնաց) և նկատի առնելով վերը նշված առողջական հանգամանքները, կրկին խնդրում եմ հնարավորություն ընձեռել որդուս իր ծառայությունն առավել արդյունավետ անցկացնել ՊՆ այնպիսի օղակում, որտեղ առավելագույնս կօգտագործվի իր ներուժը: 

Դեմ եմ ցանկացած օրինազանցության: Սակայն մի՞թե օրենքի տառին հետևելով, չդիտարկելով տարբեր դեպքեր, այդկերպ չենք անտեսում երիտասարդ Մարդու ճակատագիրը: Մի՞թե ճկուն, բազմակողմանի համալիր մոտեցմամբ ավելի մարդասիրական ու արդյունավետ չենք օգտագործի մարդու հնարավորությունները: Հաճախ փաստարկում են՝ նախադեպ չի եղել: Բայց չէ՞ որ նախադեպերից են ծնվում նոր ուղիներ… Երիտասարդներ, որոնց համար Հայրենիք գաղափարն առաջնային է եղել (հրաժարվել են այլ երկրում առաջարկված քաղաքացիությունից), հիմա սեփական Հայրենիքում զգում են իրենց գիտելիքներն անպետք: Քանիցս իմ հարցադրմանը, պատասխանել են՝ գիտելիքները կկիրառվեն զորամասում…

Երիտասարդ մի քանի ուսանողների վերադարձին առնչվող, ամիսներ առաջ հղած նամակներից շատերին անգամ պատասխան չի եղել: Պարզապես, վհատեցնող է:

Որդուս զորակոչի հետ կապված դիմել եմ ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին, ՀՀ ՊՆ նախարարին, ՊՆ ԶՈւ ԳՇ, ԿԳՆ, ԱԺ հանձնաժողովներ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, ՊՆ-ին կից հանրային խորհուրդ, ՀՀ նախագահին, ՀՀ կառավարություն:

Երբևէ չէի նախընտրի հանրայնացնել այն կարգի խնդիր, որը ներառում է նաև անձնական տարրեր: Հստակեցնեմ՝ իմ որոշումն է որպես ծնող և երիտասարդն անհաշտ է հրապարակայնացմանը: Իմ որդին դասալիք չի և վերադարձել է Հայրենիք իր մտավոր կարողությունները ԶՈւ-ում կիրառելու: Ինձ տեսանելի վերջին քայլն է, որ հուսամ կվերադարձնի հավատն առ Հայրենիքի հոգածություն իր զավակների, նրանց գիտելիքների կարևորության հանդեպ, կխթանի նրանց վերադարձը:

Համին Գրիգորյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter