HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բա որ օրենքով գող ես, ո՞նց ես գնացել Ղարաբաղ, ձեռդ զենք վերցրել...»

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Սիրելի ընթերցող, այս անգամ կպատմեմ մի հետաքրքիր պատմություն, որի մասին երբեք չեմ խոսել, սակայն ինքս եմ ականատես ու մասնակից եղել: Գրելուս պատճառը դարձավ, երևի թե, այն, որ վերջերս մի օրենքով գող սպանվեց, ում հոգեհանգստի հացը նաև մեզ բաժանեցին`մոմերի և խնկի հետ միասին:

1990-ականներ, «Նուբարաշեն» կլոր բանտի ամենասարսափելի հատվածը` մահապարտների բաժին, խցում 7 հոգով ենք` 5-ը քրեական աշխարհից, մեկը՝ նախկին զինվոր և ես: Երկուսը տարիքով են, իրենց կյանքն անցկացրել են սիբիրյան գաղութներում: Զրույց է սկսվում, որ խորհրդային տարիներին անչափահասների գաղութների չգրված օրենքների մասին, օրինակ՝ այնտեղ լոլիկ, կարմիր խնձոր ուտել չէր կարելի և առհասարակ` կարմիր գույնը արգելքի տակ էր: Կարմիրը ասոցիացվում էր կոմունիզմի հետ, իսկ կարմիր խնձորը նաև այլ բանի… պատմում էին, որ երբ ճաշի ժամ էր լինում անչափահասների գաղութում և հանկարծ գաղութի վրայով անցնում էր ինքնաթիռ, բոլորը ճաշը թափում էին, ամանները գլխի վերևում պահում, որ հանկարծ ինքնաթիռից արտաթորանք չընկնի, չփչանան… մի խոսքով` գաղութային «սնոտիապաշտություններ»:

Երիտասարդ զինվորը ստաժավորներին մի հարց տվեց.

-Տղե՛րք, մի բան հարցնեմ, բայց չխնդաք վրես` կին օրենքով գող լինու՞մ ա:

Ծիծաղն անխուսափելի էր, բայց…սիբիրյաններից մեկը, թե՝ չէ՛, չի լինում: Մյուսն էլ հակաճառեց՝ ես Ռուսաստանում հանդիպել եմ:

Ու այստեղ սկսվեց լրջագույն վիճաբանություն… Ա-ն պնդեց, որ կին արմատը, ելնելով իր ֆիզիոլոգիայից…, չի կարող օրենքով գող լինել ոչ մի պարագայում, որքան էլ նվիրված լինի գողական աշխարհին ու ապրի քրեական աշխարհի օրենքներով, բարքերով: Ասաց՝ կան կանայք, որ զոն են նայում, որ մասնակցում են սխոդկաների, համենայն դեպս՝ Ռուսաստանում, բայց երբեք գողին հավասար չեն: Իսկ Ռ-ն միանշանակ պնդում էր, որ Ռուսաստանում կան մի քանի կին օրեքնով գողեր: Մյուս երկու քրեական աշխարհի կյանքով ապրող տղաները միանշանակ բռնեցին Ա-ի կողմը` չկա և չի կարող լինել նման բան:

Մինչ այդ ես լուռ լսում էի, բայց տեսնելով, որ բանը հասավ նրան, որ սկսեցին մեկը մյուսի անցած գաղութային ճանապարհը քննել, և շատ լարված իրավիճակ ստեղծվեց, միջամտեցի՝ փորձելով մեղմել իրավիճակը.

-Տղե՛րք, ախպոր պես` էկեք հանգիստ նստեք` իզուր տեղը աղմուկի վրա հիմա կգան… Ռ-ը, դու էլ ասա՝ ով ես, ինչի՞ չես ասում…

Բոլորը լռեցին ու զարմացած մեկ ինձ են նայում, մեկ`Ռ-ին:

Ա. – Այսինքն` ո՞վ ա…

Ռ-ն լռում էր, երիտասարդ զինվորը, որ տեղյակ էր, նույնպես…

Ստիպված ես խոսեցի.

-Տղե՛րք, երբ ինձ մահապատիժ տվեցին, բերեցին էս կամեռ, ուրիշ տղերք էին, հներից մենակ զինվորն էր: Ինձ ասեցին, որ Ռ-ն օրենքով գող ա: Ռ-ին էլ հարցրեցի, ու ինքը հաստատեց:

Ռ-ի դեմքի հպարտությունն ու ինքնավստահությունն է՛լ ավելի ընգծվեց, մնացածը շվարած մնացին: Վայրկյաներ անց Ա-ն Ռ-ին.

-Դու օրենքո՞վ գող ես, էտենց բան ես ասել, որ քերո՞փ ես…

-Հա՛, էտենց ա`ես օրենքով գող եմ, - շատ վստահ պատասխանեց Ռ-ն:

-Բա ինչի՞ ոչ մեկ չգիտի, ինչի՞ մեզ չէիր ասում, Գողը բանտ ա գալիս, պռագոն են անում, կուրսի են պահում, հը՞, - զայրույթը հազիվ զսպելով՝ հարցրեց Ա-ն:

-Էտենց էր պետք.., համ էլ ստեղ բոլորս հավասար ենք` մահապատժի տակ, չեմ ուզում, որ էս գերեզմանում ինչ-որ ձև լարված զգաք, որ Գող կա կամեռում:

Սկսվեց հարցերի տեղատարափ.

-Բա որ օրենքով գող ես, ո՞նց ես գնացել Ղարաբաղ, ձեռդ զենք վերցրել` կռվել, ո՞նց ես` կամազի շոֆեռ էղել, ինչի՞ քո մասին չենք լսել…

Ռ-ն տեղից վեր կացավ ու նորից չափազանց ինքնավստահ, ձայնը բարձրացնելով ասաց Ա-ին ու մյուս երկուսին.

-Ժամանակին մենք ընտանիք էլ չունեինք` կին ու էրեխեք, անձնագիր էլ չունեինք, ոչ մի սեփականություն, բիզնեսներ… Դուք ո՞վ եք, որ ինձ հարցեր տաք, էտի մենակ իմ ու իմ ախպերների`Գողերի գործն ա:

Լռություն էր: Հետո Ա-ն տեղից վեր կացավ, մոտեցավ Ռ-ին.

-Դու հացի գող ես, ա՛յ…

Լռեց, նստեց տեղը ու ինձ նայեց.

-Մհե՛ր, էսի չի կարա օրենքով գող լինի, եթե նման բան լիներ` բեռթում վաղուց կիմանային:

Սպասում էր իմ արձագանքին, իսկ ես լռում էի:

-Տղե՛րք, ի՞նչ կասեք, - Ա-ն դիմեց բոլոր խցակիցներին:

-Ճիշտ ես ասում,- բոլորը միաբերան համաձայնեցին... ես լռում էի:

Ա.-ն ուղղակի հարցրեց ինձ.

-Մհե՛ր, մի բան ասա`ի՞նչ կարծիքի ես:

-Տղե՛րք, ես գողական կյանքից հեռու եմ, չեմ իմանում ձեր օրենքները, իմ կարծիքը չեմ արտահայտում, բայց ասեմ, որ հիմա չեմ կարա իրավունք վերապահեմ ու ասեմ`Ռ-ն օրենքով գող չի, եթե մարդը ասում ա`ասում ա: Մի խոսքով` կարելի ա բոլորին հայտնի օրենքով գողերին տեղյակ պահել էս իրավիճակի մասին:

Բոլորը նստեցին սեղանի մոտ ու սկսեցին քսիֆներ գրել բանտում այդ ժամանակ գտնվող երկու օրենքով գողերին: Ամեն մեկն իր գրածը տվեց մյուսին, ու բարձրաձայն կարդացվեց` նկարագրում էին ստեղծված իրավիճակը: Ես էլ գրեցի: Ռ-ն էլ գրեց, բայց ասաց.

-Իմ գրածը պարտավոր չեմ բարձր կարդամ, բայց որ լարվածություն չլինի կամեռում էհը...,- ու բարձրաձայն կարդաց:

Ռ-ն պարզ գրել էր, թե որ թվականին, որ սիբիրյան գաղութում, այն ժամանակ որ հայտնի ռուս օրենքով գողերն են իրեն օրենքով գող թագադրել`ճանաչել:

Իրավիճակը լարված էր, սպասում էինք պատասխանի…

Շարունակելի...

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter