
«Հերթապահ մաս» հաղորդաշարում հնչեցվածի համար քաղաքացին փոխհատուցում է պահանջում ոստիկանությունից
Քաղաքացի Արտյոմ Գասպարյանը հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ՝ վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջի մասին: Գասպարյանը, որպես փոխհատուցում՝ պահանջում է 1 մլն 500 հազար դրամ:
Նշենք, որ Արտյոմ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնատար անձին՝ միջնորդի միջոցով, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու փորձի համար։ Այնուհետև մեղադրանքը խստացվել է: Այժմ գործը դատարանում է, սակայն դատական ակտ դեռ չի կայացվել:
Հայցվոր Գասպարյանը նշում է, որ 05.11.2018թ. ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդաշարով, որպես օպերատիվ ամփոփագիր հաղորդվում և դրա հետ միասին վազող տողով նշվում է, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել են հանցագործության 98 դեպք: Որից հետո մանրամասն նշվում է, թե ինչպիսի հանցագործություններ են կատարվել՝ որպես հաստատված փաստ նշելով, որ բացահայտվել է կաշառակերության 7 դեպք:
Արտյոմ Գասպարյանը հայցադիմումում նշել է, որ հաղորդաշարից կարելի է հստակ հասկանալ՝ ապացույցներ են ձեռք բերվել, որ ինքն իր համաձայնությունը տալով՝ կատարել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ, իսկ հաղորդաշարում ցուցադրվել է իր լուսանկարը:
Գասպարյանը գտնում է, որ հաղորդաշարում հնչեցված արտահայտություններով ոչ միայն խախտվում է իր անմեղության կանխավարկածը, այլև դրանք պարունակում են զրպարտանք և վիրավորանք, քանի որ ասվածը չի համապատասխանում իրականությանը և արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը:
«Հաղորդաշարի ամբողջ էությունից այնպիսի տպավորությոն է ստեղծվում, որ արդեն իսկ բացահայտվել է հանցագործություն, իսկ ցուցադրվող անձինք հանդիսանում են հանցագործներ, այնինչ՝ ոստիկանությունը պետք է խորապես գիտակցեր, որ միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության պայմաններում կարելի է անձին համարել հանցանք կատարած»,- նշում է Արտյոմ Գասպարյանը:
Նա վիրավորանքի համար պահանջում է ոստիկանությունից բռնագանձել 500 հազար դրամ, իսկ զրպարտելու համար՝ 1 մլն դրամ: Բացի այդ, պահանջում է դատարանի միջոցով ոստիկանությանը պարտավորեցնել վիրավորանքի և զրպարտության համար հրապարակավ ներողություն խնդրել իրենից:
Մեկնաբանել