HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքն ինքնավարություն է ուզում ազգապահպանության նկատառումներով

2006թ. մայիսին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի կրթական ռեսուրս-կենտրոնի կրթության բաժնի ղեկավար Ռոբերտ Աքոյանն ազատվեց աշխատանքից: Պատճառը վրացերենին չտիրապետելն էր: Նրան փոխարինեց վրացերենի իմացությամբ ու վրացական պետական մարմիններում աշխատանքային փորձ ունեցող, նախկինում Վրաստանի ազգային անվտանգության նախարարության մարմիններում աշխատած Մարինե Զալալյանը: Վրացական խորհրդարանի ընդունած «Լեզվի մասին» օրենքով վրացերենը պետական լեզու է ճանաչված: Դա նշանակում է, որ Վրաստանի ամեն մի քաղաքացի պարտավոր է տիրապետել եւ տեղական ու պետական գերատեսչությունների հետ հարաբերություններում կիրառել երկրի պետական լեզուն: Հակառակ դեպքում կզրկվի աշխատանքից այնպես, ինչպես Ռոբերտ Աքոյանը:

Չնայած խորհրդային ավանդույթի ուժով Ջավախքում դեռ պահպանվել է ռուսաց լեզվով գրագրությունը, սակայն դա չի նշանակում, որ Ջավախքի հայը կարող է միայն հայերենի իմացությամբ բուհ ընդունվել կամ աշխատանքի տեղավորվել: Ախալքալաքում քիչ հայեր, ովքեր կարող են ազատ խոսել վրացերեն, առավել եւս աշխատանք գտնել վրացերենի իմացությամբ:

Ախալքալաքի «Ռեֆորմների եւ դեմոկրատիայի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավաբան Արարատ Եսոյանը վրացերենին կիսատ-պռատ է տիրապետում: Այդ գիտելիքներով էլ քննություններ է հանձնել դատավոր դառնալու համար ու սպասում է պատասխանի: «Եթե դատավոր դառնամ, բայց ասեն, որ գործավարությունը պետք է վրացերեն կատարեմ, կհրաժարվեմ դատավորի աթոռից»,-համոզված պնդում է իրավաբանը:

Նաիրի Իրիցյանը երեք տարի առաջ ընտրվել է Ախալքալաքի քաղաքապետ: Այդ ընթացքում միայն մեկ անգամ է վրացերենով գրված նամակ ստացել ու ստիպված դիմել է թարգմանչի օգնությանը: Ախալքալաքի քաղաքապետարանում գրագրությունը ռուսերենով է կատարվում: «Կոմպակտ բնակչությունը, որն այլ լեզվով է հաղորդակցվում, վրացերենով հաղորդակցման անհրաժեշտություն չունի»,-ասում է Ախալքալաքի քաղաքապետն ու պնդում, որ սոցիալական-քաղաքական հարաբերություններում եւս վրացերենը հարկավոր չէ: Իսկ վրացական կառավարության նախաձեռնությամբ տարբեր միջազգային կազմակերպությունների աջակցությամբ վերջին երեք տարում վրացերենի դասավանդման համար շուրջ 500 հազար եվրո ծախսելը Նաիրի Իրիցյանն անարդյունավետ է համարում: «Դրանք արդյունք չեն տալիս, որովհետեւ լեզվի կիրառման միջավայր չկա»: Այդ պատճառով էլ Ախալքալաքի քաղաքապետը չի մասնակցել տեղական ինքնակառավարման ու տարածաշրջանային կառավարման մարմինների ներկայացուցիչների համար կազմակերպվող դասընթացներին:

Հայերով բնակեցված Ջավախքում խորհրդային տարիներին վրացերենի իմացությունն անհրաժեշտ պայման չէր կենցաղայինից մինչեւ պետական մակարդակի խնդիրներ լուծելու համար: Ջավախահայը հայերենից հետո տիրապետում էր ռուսերենին: Վրացիների հետ խոսում էին ռուսերեն, գերատեսչություններում եւս գործավարությունը կատարվում էր ռուսաց լեզվով: Վրացերենն այստեղ ուղղակի անհրաժեշտություն չէր: «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանն ասում է, թե դեռ խորհրդային տարիներին շատ էին այն մարդիկ, ովքեր ռուսական դպրոց էին հաճախում, բայց ոչ ռուսերեն գիտեին, ոչ հայերեն: «Դեֆորմացված ուղեղ»,-որակում է նա ու այսօրվա ախալքալաքցի երեխայի ուղեղի «դեֆորմացման» պատճառ համարում վրացերենին պարտադիր տիրապետելուն ուղղված գործողությունները:

«Կրթության մասին» օրենքը ոտնահարում է հայ աշակերտների իրավունքները

Փոքրամասնությունների հարցերով Եվրոպական կենտրոնում գտնում են, որ «Կրթության մասին» Վրաստանի օրենքը ոտնահարում է հայ աշակերտների իրավունքները: Համաձայն օրենքի՝ դպրոցներում Վրաստանի պատմություն ու աշխարհագրություն առարկաները պետք է դասավանդվեն միմիայն վրացերենով: «Մինչեւ մեր երեխաները չիմանան վրացերեն, չեն կարող սովորել այդ առարկաները: Դա նշանակում է հետ պահել նրանց այդ առարկաները սովորելու իրավունքից»,-իրենց այս բողոքը բազմիցս կառավարություն են ներկայացրել կենտրոնի աշխատակիցները ու մինչեւ հիմա պայքարում են օրենքում փոփոխություն անելու համար: «Վիրք» հայկական չգրանցված կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը «Կրթության մասին» օրենքը համարում է հայերի՝ վրացականացմանն ուղղված գործիք: «Եվ ամենավատն այն է, որ գործը սկսում են երեխաներից»,-զայրանում է Դավիթ Ռստակյանը: Նա իր զայրույթն է արտահայտում նաեւ ազգությամբ հայ, բայց վրացական իշխանությունների կողմից տարածքում նշանակված ղեկավարների առնչությամբ:

Ախալքալաքի շրջանի վարչության նախագահ Արթուր Երեմյանի տեսակետը տարբերվում է տեղական ինքնակառավարման մարմինների ու Ախալքալաքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների տեսակետից: «Գոնե թղթաբանությամբ զբաղվելու համար մի քիչ լեզու իմանալ է պետք»,- կարծում է Ախալքալաքում վրացական կառավարության ներկայացուցիչ Ա. Երեմյանը: Ախալքալաքի քաղաքապետ Նաիրի Իրիցյանն ասում է, որ դա պայմանավորված է նրանով, որ իրեն ընտրում են քաղաքացիները, եւ ինքն արտահայտում է նրանց կարծիքը: Շրջանային ղեկավարությանը նշանակում է երկրի նախագահը: Եվ քաղաքում տարածված կարծիք է, թե նախագահի կողմից նշանակվածները չեն արտահայտում քաղաքացիների կարծիքն ու առաջնորդվում են պետական շահով: Արթուր Երեմյանը համոզված է, որ ե թե ջավախահայերի գոնե 15-20 տոկոսը վրացերեն իմանա, ավելի լավ կլինի առաջին հերթին իրենց համար: «Հարկավոր է սովորել վրացերեն, բայց ոչ մայրենի լեզվի հաշվին»:

Ախալքալաքի աշակերտն ու ուսանողը վրացերեն չգիտեն

Ախալքալաքում գործող 5 դպրոցներից երեքը հայկական են: Կան նաեւ մեկական վրացական ու ռուսական դպրոցներ: Վրացական դպրոցն ունի 80 աշակերտ, ռուսականը՝ 700: Հայկական դպրոցներում սովորում է 1800 աշակերտ, որոնք հիմնական դասագրքերը ստանում են Հայաստանից: Դպրոցներում վրաց լեզուն դասավանդվում է երկրորդ դասարանից, բայց հին դասագրքերով ու ծրագրով: Ախալքալաքի շրջանի շրջանային վարչության նախագահ Արթուր Երեմյանի հավաստմամբ' դասագրքերն ու կրթական ծրագրերը չեն համապատասխանում իրար: Մի կողմից' դասագրքերն են հին, մյուս կողմից՝ կրթական ծրագիրը վերանայման կարիք ունի: Հայաստանի ու Վրաստանի կառավարություններին Արթուր Երեմյանն առաջարկել է համատեղ հանձնաժողով ստեղծել կրթական ոլորտն ուսումնասիրելու համար:

Նաիրի Իրիցյան իր հերթին բողոքում է, որ ախալքալաքցի ուսանողներ վրացական բուհերում քիչ կան: Երկրի նորընտիր նախագահը ընտրվելու առաջին շրջանում խոստացել էր Նինոծմինդայի շրջանից 100 հայ ուսանողի պետության միջոցներով կրթության տալ Թբիլիսիում: Եթե Սաակաշվիլին կատարեր խոստումը, Նաիրի Իրիցյանը վստահ է, որ հայ ուսանողը մեկ տարի հետո Ջավախք կվերադառնար վրացերենին տիրապետած:

ԲՈՒՀ ընդունվելու համար վրացական կառավարությունը բարձր դասարանցիների շրջանում անց է կացնում վրացերենի ուսուցման դասընթացներ: Բայց արդյունքները մխիթարական չեն: Այս տարի Ախալքալաքից Թբիլիսիի Ջավախաշվիլու անվան պետական համալսարան դիմած 83 դիմորդներից միայն երկուսն է ընդունվել: Չնայած նրան, որ Ախալքալաքում գործում է պետական համալսարանի մասնաճյուղը, այնտեղ սովորում են վրացի ուսանողներ: Վրացական կառավարությունը խրախուսում է վրացի դիմորդների մուտքը համալսարանի մասնաճյուղ՝ տալով տարբեր արտոնություններ:

«Պետական լեզուն չիմանալու արդյունքում մեր երեխաները ուսումը շարունակում են Հայաստանում: Չի կարելի մի քանի սերունդ սպանել, անգրագետ թողնել»,-ասում է Արթուր Երեմյանը: Այդուհանդերձ, նա եւս վրացերեն լեզվի կիրառման պահանջարկը բավարար չի համարում: Ավելի շատ կարեւորում է Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը:

Քանդված ճանապարհներով տնտեսություն չես զարգացնի

«Եթե դրանց լուծման ուղղությամբ վերջին երկուսուկես տարում իրականացված ծրագիրը շարունակվի եւս հինգ տարի, Ջավախքն անճանաչելիորեն կփոխվի»,-համոզված է Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Արթուր Երեմյանը: Կնորոգվեն ճանապարհները, կզարգանա գյուղատնտեսությունը:

«Վերանորոգեք այդ ճանապարհը, ու մարդիկ Թբիլիսի ավելի շատ կգնան-կգան: Ահա քեզ ինտեգրացում»,-ջավախահայերին վրացական հասարակության բաղկացուցիչ մասը դարձնելու առաջին քայլն է հուշում քաղաքապետ Իրիցյանը:

Հայաստանի հյուսիսային սահմանում գտնվող Բավրա գյուղից մինչեւ հայաբնակ Ախալքալաք 40 կմ է: Քանդված ու վաղուց ասֆալտի երես չտեսած ավտոճանապարհն անցնելու եւ Հայաստան հասնելու համար ախալքալաքցուց երեք ժամ է պահանջվում: Այն դեպքում, երբ սեփական երկրի մայրաքաղաք Թբիլիսի հասնելու համար առնվազն հինգ ժամ է պահանջվում: 250 կմ երկարություն ունեցող Թբիլիսի-Ախալցխա մայրուղին հինգ ժամում անցնելուց հետո երկու ժամ էլ հարկավոր է Ախալցխայից Ախալքալաք տանող 70 կմ ճանապարհը հաղթահարելու համար: Հայերով բնակեցված Ջավախքի անանցանելի ու ձմռանը փակվող ճանապարհը մեկուսացվածությունը հաղթահարելու եւ մայրաքաղաքի հետ հարաբերություններ հաստատելու առաջին խոչընդոտներից է: Ախալքալաքցիները սրան գումարում են նաեւ վրացերենին չտիրապետելու հանգամանքն ու դրանցով բացատրում պետության կյանքում իրական դերակատարում ու մասնակցություն չունենալու պատճառը: Ախալքալաքի քաղաքապետ Նաիրի Իրիցյանը բազմիցս դիմել է շրջանային ղեկավարությանն ու խնդրել գումարներ հատկացնել մայրաքաղաքի հետ կապող ճանապարհը նորոգելու համար:

«Մեղավորը» պետության անտարբերությունն է

Նաիրի Իրիցյանն ասում է, թե վրացական պետությունը 15 տարի ոչինչ չի արել իրենց համար: Իրավիճակը նա համեմատում է պատռված, մաշված շորի հետ, երբ մի կողմը չկարած' մյուս կողմն է պատռվում: «Ստացվում է, որ պետությունն իր անտարբերությամբ նպաստում է ինքնավարության գաղափարի զարգացմանը»,-եզրակացնում է Նաիրի Իրիցյանը: Նրան թվում է, թե ինքնավարությունը «եկել-հասել է իրենց քթին, բայց այն վերցնել չեն կարողանում»: «Մենք սովորել ենք հեշտ տարբերակի: Հավաքվում ենք իրար գլխի, ցույցեր անում, գոռում, բայց երկրորդ քայլը չկա»,-ասում է Ախալքալաքի քաղաքապետը:

Ի՞նչ կտա ինքնավարությունը Ջավախքին: Դավիթ Ռստակյանն այն համարում է միջոց, ոչ թե նպատակ: Միջոց' առաջին հերթին հայոց լեզուն պահպանելու համար: «Հայերենը պետք է լինի նվազագույնը աշխատանքային լեզու,-ասում է նա,-որպեսզի մենք հայ մնանք այս տարածքում: Լեզվին տարածքային կարգավիճակ տալը Դավիթ Ռստակյանը բավարար չի համարում: Երկրորդ խնդիրը ընտրովի իշխանություններ ու տեղական օրենքների ընդունման իրավասություն ունենալն է: Սրանք ազգապահպանության հնարավորություն կտան Ջավախքին: Ազգային-տարածքային բնույթի ինքնավարության միջոցով հնարավոր կլինի պահպանել ոչ միայն լեզուն, այլեւ ազգային ինքնությունը: Ջավախքի 32 հասարակական կազմակերպություններից ստեղծված Ջավախքի քաղաքացիական ֆորումի ներկայացուցիչ Արմեն Դարբինյանը ինքնավարությունը համարում է ապակենտրոնացում կենտրոնական իշխանություններից' որպես տեղական իշխանություն: Առանձին վարչատարածքային միավոր ունենալու գաղափարի հիման վրա ստեղծված ինքնավարությամբ հնարավոր կդառնա լեզվի պահպանումը տեղական օրենքների ընդունման միջոցով:

«Ես ինքնավարություն չեմ ուզում»,-ասում է Ախալքալաքի շրջանային վարչության ազգությամբ հայ նախագահ Արթուր Երեմյանը: Նա ընդամենը հայոց լեզվին տարածքային կարգավիճակ տալու գաղափարի կողմնակիցն է: «Մենք չենք ասում, որ վրացին հայերեն սովորի: Մենք մերն ենք ուզում»,-Ախալքալաքի քաղաքապետն այս կերպ է բացատրում իրենց պահանջն ու մեկնաբանում, թե ինքնավարություն տալով' Վրաստանը կշահի: «Դրանով մենք կհասկանանք, որ մեզ դուրս անել չեն ուզում»:

Ախալքալաքցիների մտավախությունը վրացական իշխանությունների կողմից Ջավախքի հայաթափումն է

Նրանք մատնացույց են անում Ախալցխան, որի բնակչության 70 տոկոսը տասը տարի առաջ հայեր էին, իսկ հիմա հայ բնակչությունը կազմում է 36 տոկոս: «Վրացական պետության նպատակը Ջավախքն առանց հայերի թողնելն է»,-ասում է Դավիթ Ռստակյանը: Նա մատնացույց է անում օրեցօր սրվող ազգամիջյան հարաբերությունները, վրացական իշխանությունների կողմից Ջավախքի ժողովրդագրական կազմի փոփոխմանն ուղղված տարաբնույթ գործողությունները: Դրանցից թարմ օրինակը աջարների վերաբնակեցումն է Ջավախքում, վրացական փոքրաթիվ դպրոցներին աջակցություն ցուցաբերելը ու հայկական դպրոցներն անտարբերության մատնելը, ինչպես նաեւ' աշխատանքից ազատման դեպքերը:

Չնայած նրան, որ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման օրենսդրության մեջ ամրագրված է, որ յուրաքանչյուր գյուղից շրջանային ժողովում պետք է ընդգրկված լինի մեկ պատգամավոր, իրականում օրենքի այս կետը գործում է միայն վրացական գյուղերի պարագայում: Հայկական վեց գյուղեր ընդգրկված են մեկ միավորում ու շրջանային ժողովին տալիս են մեկ պատգամավոր այն դեպքում, երբ վրացական ամեն գյուղից ընտրվում է մեկ պատգամավոր: Ախալքալաքի շրջանի շրջանային վարչության նախագահ Արթուր Երեմյանն օրինակ է բերում, երբ 300-400 բնակչություն ունեցող գյուղն էլ ունի մեկ պատգամավոր, 7000 բնակչություն ունեցողն էլ: Արդյունքում Ախալքալաքի 64 գյուղերն ունեն 21 գյուղական խորհրդի նախագահներ: Այս տարբերակը նա ընդունելի չի համարում: Ինքնավարության ձգտող ախալքալաքցիները պնդում են, որ նոր օրենսդրական փոփոխություններով շրջանային վարչության նախագահը կարող է ազատել ընտրված պատգամավորներին հենց միայն վրացերենին չտիրապետելու համար, իսկ դա կհանգեցնի հայաթափման:

Ռուսական բազաների դուրս բերման գործընթացը, ըստ ախալքալաքցիների, ավելի կսրի իրավիճակը Ջավախքում: Համենայնդեպս, ախալքալաքցիները մտավախություն ունեն, թե ռուսականի փոխարեն վրացական կամ թուրքական զորքերի տեղակայումը անկայուն կդարձնի առանց այն էլ լարված իրավիճակը:

«Իսկ Հայաստանը մեզ աջակցելու փոխարեն խանգարում է: Ասում են' լռեք ու վերջ»,-նշում են ախալքալաքցիները: Մինչդեռ թիֆլիսահայերը նախկինի նման արդեն լռություն չեն պահանջում ջավախահայերից: «Ասում են' փայտը ձեռքներիցդ վայր չդնեք»,-ասում է ապագա դատավոր Արարատ Եսոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter