HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Խոսրովի արգելոցում» ծառահատումներ են եղել․ քրեական գործի հարուցումը մերժվել է

«Խոսրովի անտառ պետական արգելոցում» գարնանը ծառահատումներ են եղել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղանքում տեղազննություն է կատարել և հայտնաբերել արգելոցում հատված 27 ծառ՝ հիմնականում թխկիներ, ուռենիներ։

Ծառահատման մասին «Հետք»-ին և Շրջակա միջավայրի նախարարությանն ահազանգել էր արգելոցի նախկին աշխատակից Արթուր Արտաշեսյանը։ Նրա բողոքի հիման վրա էլ տեսչական մարմինն արգելոցում օրեր առաջ տեղազննություն է կատարել։

Արթուր Արտաշեսյանը «Հետք»-ի հետ զրույցում մանրամասնեց, որ ծառահատումները կատարվել են «Խոսրով տեղամասի» «Չարդախլու» կոչվող հատվածում, մարտի վերջին, ապրիլի սկզբին։ Նրա հաշվարկներով՝ հատված ծառերի թիվը գերազանցում էր 32-ը։ «Այդ արգելոցում անգամ մի թուփ չի կարելի տրորել, բայց փաստորեն այնտեղ սղոց է աշխատել»,- ասում է նա։

Արթուր Արտաշեսյանը չասեց, թե ով է իրեն փոխանցել ծառահատման լուսանկարները՝ այդ անձի անվտանգությունից ելնելով։ 

Արթուր Արտաշեսյանը 2018-2019 թվականներն աշխատել է Խոսրովի արգելոցի «Խաչաձոր» տեղամասում՝ որպես ուղեփակոցի տեսուչ։ Պատմում է՝ արգելոցում մշտապես ծառահատումներ են եղել, իրենք էլ ողջ ձմեռ ուղեփակոցի մոտ արգելոցի ծառերից են վառել։ «Ուղեփակոցում ամբողջ ձմեռ մեզ պլիտա չեն թողել վառենք։ Միշտ թաց ծառեր ենք վառել։ Անտառապետն է բերել, վառել ենք։ Գետի շրջակայքից բերված ծառերն են եղել։ Տնօրենն աշխատակազմի ղեկավարի ներկայությամբ ասեց՝ ես եմ թույլ տվել, ասել եմ՝ կտրեք։ Թե քա՞նի գլխանի է տնօրենը, որ թույլ տա այդ շրջակա միջավայրից ծառ կտրվի»,- նշեց Արտաշեսյանը։ 

Արթուր Արտաշեսյանն ասում է՝ մշտապես բարձրաձայնել և աշխատանքային մատյանում կոնկրետ տեղանքով, ժամով նշել է արգելոցում կատարված ծառահատումների մասին, սակայն դրանց ընթացք չի տրվել, կատարողները չեն պատժվել։

Պատմում է, որ նախորդ ամռանն արգելոցում արջ էին սպանել։ Այդ մասին ահազանգել է արգելոցի տնօրինությանը, սակայն դրան ևս ընթացք չի տվել։ «Ոչ մի ընթացք, ոչ մի բան չի արվել։ Դրա համար էլ ստիպեցին, որ աշխատանքից ազատման դիմում գրեմ։ Մի տասը օր չգրեցի, հետո գրեցի, բայց ասացի՝ հետևանքների մասին դուք կմտածեք։ Ասեցին՝ ինչ ուզում ես, արա։ Հիմա էլ օրական քսան հոգի մարդ է գալիս, հաշտություն են ուզում կնքեն, ես էլ հետադարձ ճամփա չունեմ»,- ասում է նա։

Արարատի տարածքային բաժնի ավագ տեսուչ Արթուր Բադալյանն օրեր առաջ «Չարդախլու» կոչվող տեղամասում տեղազննություն է կատարել։ «Հետք»-ին տեղեկացրեց, որ այդ տարածքում արդեն իսկ զննություն էին կատարել մայիսի 27-ին և հայտնաբերել 27 հատված ծառ։ Ըստ տեսուչի՝ հատվել էին թխկիներ և ուռենիներ։ Երեք անձ ընդունել է ծառահատման մեղքն ու 80 հազարական դրամի չափով վարչական տույժի ենթարկվել՝ 14 ծառ հատելու համար։ Իսկ 13 ծառ հատողներին հայտնաբերելու համար տեսչությունը դիմել է ոստիկանության Վեդու բաժին։ 

Տեսուչի փոխանցմամբ՝ ծառերը հատած քաղաքացիները երիտասարդներ են՝ Վեդիից և Ուրցաձորից։ Նրանք անձամբ տեսուչներին ցույց են տվել, թե որ ծառերն են հատել։

Տեսչությունը 27 հատված ծառերի համար ընդհանուր առմամբ հաշվարկել է 512 հազար դրամի հասցված վնաս։ Ըստ Արթուր Բադալյանի՝ վնասից 207 հազար դրամը փոխհատուցել են ծառերը հատած երեք երիտասարդները, իսկ 305 հազար դրամի վնասը մնացել է չփոխհատուցված՝ ծառերը հատողին չհայտնաբերելու պատճառով։

Ոստիկանությունից «Հետք»-ին հայտնեցին, որ հետաքննությամբ ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ծառահատման վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժել՝  հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Լուսանկարները փոխանցել է Արթուր Արտաշեսյանը

Մեկնաբանություններ (1)

Nourik Babayans
Why Armenian people does not understand the law? In Finland which i live no one can cut the a tree without permission ! I think Nicol Pashinyan should take very hard action of the law for these kind of people who are thinking the old Russian way. Even now we need to plant trees in every where in Armenia.I am so regretting and angry for people cutting these trees .I can say shame of you people which does not understand the low of living In Armenia. I hope Nicol Pashinyan does his job for this matter .Thanks

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։