
Փոխգործակցություն՝ հանուն քաղաքացիների անվտանգության և ապահովության
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նախարար Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ: Հանդիպման նպատակը ՀՀ տարածքի 1:500000 մասշտաբի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի հավանականային քարտեզի տրամադրումն էր:
Քարտեզը կազմվել է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության նախաձեռնությամբ՝ 2016-2018թ-ին ՀԲ դրամաշնորհով: Քարտեզը կազմել են միջազգային մրցույթում հաղթած կոնսորսյումը, որը իր մեջ ներառում է 3 հայկական, իտալական և ամերիկյան գիտական կազմակերպությունների:
Քարտեզին կից կազմվել է ՀՀ տարածքի 200 հազարից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի ցանկը՝ հավաստանշելով յուրաքանչյուրի սեյսմիկ վտանգի աստիճանը: Քարտեզը բաժանված է սեյսմիկ վտանգի 3 գոտիների, որոնցից յուրաքանչյուրում կանխատեսված է երկրաշարժի հնարավոր առավելագույն ուժգնության աստիճանը: Քաղաքաշինության պետական կոմիտեին տրամադրված քարտեզը փոխարինելու է ներկայում գործող 1994թ-ի քարտեզին:
Նոր քարտեզն ունի բազում առավելություններ. մասնավորապես այն կազմվել է նորագույն տեխնոլոգիներով և համակարգչային ծրագրերով, որոնք ապահովում են առավելագույն ճշգրտություն և տվյալների հավաստիություն: Կազման ժամանակ որպես ուսումնասիրության նյութ օգտագործվել են Հայաստանի և նրա հարակից 150կմ շառավղով տարածքների տվյալներ: Քարտեզին կից բազմահատոր հաշվետվություններում ընդգրկված նյութերը ներառում են նորագույն տեղեկություններ՝ տեղի ունեցած երկրաշարժերի և ակտիվ խզվածքների մասին վերլուծություններ, որոնք կօգնեն գնահատել ՀՀ սեյսմիկ վտանգը և սեյսմիկ ռիսկը:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը շնորհակալություն հայտնելով կատարված մեծածավալ աշխատանքի համար, նշեց, որ նոր քարտեզը անպայման կներառվի կոմիտեի լրամշակվող քաղաքաշինական նորմերում և կբարձրացնի կառուցվող շենք շինությունների սեյմակայունությունը և կնվազեցնի սեյմսիկ խոցելիությունը: Հանդիպման ավարտին՝ ԱԻ նախարարը պատրաստակամություն հայտնեց փոխգործակցել, որպեսզի մեր քաղաքացիները ապրեն ավելի ապահով և բարձր սեյսմակայունություն ունեցող շենքերում:
Մեկնաբանել