HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Չարաշահումների բացահայտումից հետո տնօրենն ուսուցչին աշխատանքից ազատել է

Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոցի հոգեբան Շուշանիկ Ներսիսյանն օրեր առաջ աշխատանքից ազատվելու ծանուցում է ստացել, ըստ որի՝ օգոստոսի 20-ից նա այլևս չի աշխատելու դպրոցում:

Ուսուցիչը պնդում է, որ իրեն միտումնավոր են ազատում աշխատանքից, քանի որ դպրոցում չարաշահումներ բացահայտողներից է եղել: Տնօրենն ասում է, որ պատճառը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից եկած գրությունն է, ըստ որի՝ ուսուցիչը չունի անհրաժեշտ մասնագիտական որակավորումները:

Նախարարությունից էլ հայտնում են, որ որոշողը տնօրենն է, իրենց գրությունն էլ պարզաբանող բնույթ ունի և աշխատանքից ազատելու հիմք չէ, և առաջարկում են որոշումը դատարանում բողոքարկել:

 

Շուշանիկ Ներսիսյանն արդեն 8 տարի աշխատում է Թալինի ավագ դպրոցում՝ որպես հոգեբան: Հունիսի 29-ին դպրոցի տնօրենից ծանուցում է ստացել, որ աշխատանքից ազատվելու է: Ասում է՝ այս ծանուցման պատճառն այն է, որ դպրոցի ուսուցիչներով ամիսներ առաջ հանձնաժողով են ձևավորել և մի շարք չարաշահումներ բացահայտել՝ շինարարության, տրանսպորտի, գործուղումների գումար, պարզել, որ կա գրանցված, աշխատավարձ ստացող, բայց գործի չեկող գործավարուհի, որին դպրոցում երբևէ չեն հանդիպել:

«Աշխատավարձերը սովորականից 40 հազար պակասել էին, բոլոր դպրոցներում 120-125 հազար դրամ էր, բայց մեր դպրոցում ցածր էր,- պատմում է Շ. Ներսիսյանը: - Սկսեցին խոսակցությունները թեժանալ, որոշեցինք հանձնաժողով ստեղծել ու պարզեցինք, որ 4,6 մլն դրամից ավելի մնացորդ ունեինք: Օրինակ՝ գործավարուհի չունեինք, բայց հաստիքացուցակով կար՝ անուն-ազգանունով՝ Թորոսյան Գոհար, հաշվապահի հարսն է, բայց իրեն չենք տեսել ընդհանրապես»,- պատմում է Շ. Ներսիսյանը

«Գործուղումներին 300 հազար դրամ գրած էր, զարմացած բոլորս իրար ենք նայում, թե՝ լավ, այս ո՞վ է գնացել գործուղման»։

Խնդիրներ են եղել նաև գազի վճարների հետ կապված. նախորդ տարի վարձավճարը եղել է 3,4 մլն, այս տարի՝ հանձնաժողովի բողոքներից հետո, ծախսերը 2 անգամ կրճատվել են ՝ դառնալով 1,6 մլն դրամ։

«Եթե նույն դպրոցն է, անցած տարի ու այս տարի ձմեռը, ինչ տարբերություն, որ այդքան գումարի տարբերություն է տվել։ Պատասխան, իհարկե, չկար, բայց դա ակնառու, երևացող փաստ էր»,- ասում է Շ. Ներսիսյանը՝ հավելելով, որ այդքան տեղեկություն հավաքելուց հետո բոլոր ուսուցիչները զարմացել էին:

«Մեր ուսուցիչներից մեկը վերցրեց, ասեց՝ էս ինչ 600 հազար դրամ է, թվաբանություն է գրած, շինանյութ է գրած, չգիտեմ՝ ինչ ենք արել, մենք այս 3 տարին ոչ մի վերանորոգում չենք արել»:

Շ. Ներսիսյանն ասում է, որ թեև տնօրենն այս ամենից հետո չի կարողացել հիմնավորել նշված ավելորդ ծախսերը, սակայն «խնդիրը որոշել են տնից չհանել», մի ամսում կարգավորել են ծախսերը, թվերը, ինքն էլ կարծել է, որ ամեն ինչ սկսել է շտկվել։

Շ. Ներսիսյանը առաջին կրթությամբ կենսաբան է. մասնագիտական որակավորում ստացել է Երևանի պետական համալսարանի հետբուհական վարչությունում՝ որպես հոգեբան-խորհրդատու, ինչից հետո էլ աշխատանքի է անցել Թալինի դպրոցում:

Վերջերս դպրոցում կայացած մանկավարժական խորհրդի նիստում դարձյալ քննարկվել է ուսուցիչների հաստիքների կրճատման հարցը: Եվ Շ. Ներսիսյանի մասին ևս խոսք է եղել՝ մատնանշելով նրա մասնագիտական որակավորումը:

2013թ. Կրթության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել, և կասկածի տակ են դրել Շուշանիկ Ներսիսյանի մասնագիտական որակավորումը։ Սակայն վերջինս փաստաթղթային հիմնավորումներ է բերել, որ դա համարվում է որակավորում, տեսչությունն այն հաստատել է, արձանագրությունը կազմել, ինչից հետո Շուշանիկ Ներսիսյանը շարունակել է աշխատել:

Ասում է՝ հիմա, երբ իրենք սկսել են բողոքել ու ինչ-որ հարցեր բարձրացնել, հանկարծ հիշել են, որ ինքը մասնագիտական որակավորման խնդիր ունի:

Շ. Ներսիսյանն ասում է, որ հարցը ներկայացրել է նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանին։ Ըստ Շ․ Ներսիսյանի՝ Լ. Առաքելյանն ասել է, որ արդեն իրեն երևի կհանեն։ Սակայն նախարարությունից նաև ասել են, որ հավանաբար ստուգում կնշանակեն իրավիճակը հասկանալու համար։

Սակայն դրանից հետո նախարարությունից Շուշանիկ Ներսիսյանը նամակ է ստանում, որ ինքը չի համապատասխանում իր հաստիքին։

Լուսինե Առաքելյանը, սակայն, ասել է, որ տեղյակ չի գործի ընթացքից, իսկ պատասխանի մեջ դրված իր ստորագրությունն էլեկտրոնային է, որ դնում են շտապ գործերի վրա։

Նշենք, որ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ ուսուցիչը պետք է ունենա մասնագիտական համապատասխան որակավորում կամ վերջին 10 տարում ունենա առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, ըստ որի՝ Շուշանիկ Ներսիսյանը համապատասխանում է իր զբաղեցրած աշխատանքին, թեկուզ հենց՝ երկրորդ մասով:

           

 « Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»։

«Հանրակրթության մասին» օրենք 26-րդ հոդված

 

«5 տարվա ստաժի դեպքում կարող է աշխատել». ԿԳՄՍ նախարարություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ այս իրավիճակն ավելի շատ աշխատանքային վեճ է, և պետք է լուծվի աշխատանքային օրենսդրությամբ և դատական կարգով, քանի որ խոսքը վերաբերում է ուսուցչի մասնագիտական որակներին, և գործատուն է որոշողը:

Հիշեցրինք «Հանրակրթության մասին» 26-րդ հոդվածն ամբողջությամբ՝ խնդրելով մեկնաբանել նաև աշխատանքային ստաժի մասը: Է. Մարգարյանը համաձայնեց՝ այդ դեպքում կարող է աշխատել. «5 տարվա մասը, օրենքով որ կա, դա արդեն այլ հարց է, որովհետև այդ դեպքում, ես ինչքանով հիշում եմ, ինքը կարող է աշխատել: Այսինքն՝ ստաժ ունի, էդ պարագայում կարող է աշխատել»,- ասաց Է. Մարգարյանը՝ նշելով, որ վերջին 9 ամսում նման 2 դեպք է եղել, որից հետո ուսուցիչները շարունակել են աշխատել:

Էմիլ Մարգարյանը նաև հայտնեց, որ ուսուցիչը աշխատանքային ստաժի վերաբերյալ չի բարձաձայնել, այդ պատճառով էլ նախարարությունից գրություն է ուղարկվել օրենքի հոդվածի միայն առաջին՝ մասնագիտական որակավորման մասով, այսինքն՝ կիսատ:

«Հարցադրման մեջ այդ մասով գրված չի եղել, որ ես այս ստաժն ունեմ, մենք ուղղակի հստակ օրենքի կարգավորումները գրել ենք և Կառավարության որոշմամբ՝ ինչ պահանջ է ներկայացվում»,- ասաց նա՝ հայտնելով, որ նախարարությունն իրավասություն չունի աշխատանքի վերաբերյալ ո՛չ ցուցում տալու, ո՛չ հանձնարարելու և ո՛չ էլ վերականգնելու:

«Երբեմն ցածր իրավագիտակցության պատճառով մարդկանց մոտ տպավորություն է, որ եթե ավագ դպրոցը նախարարության ենթակայության է, դա ենթադրում է, որ նախարարությունը ցանկացած հարց այդ դպրոցում՝ սկսած կադրայինից, վերջացրած՝ ժամաքանակի տրամադրում-բաշխումով, բայց իրականում դա այդպես չէ. դպրոցներն առաջնորդվում են ՊՈԱԿ-ների մասին օրենքով»:

Խնդրեցինք մեկնաբանել նաև դպրոցի տնօրեն Ա. Կնյազյանի՝ աշխատանքից ազատելու ծանուցումը:

«Գրությունն ինքնին աշխատանքից ազատելու հիմք չէ, իրավական ակտ չէ, և այս գրությամբ մենք չենք կարող հանձնարարել այսինչ անձին աշխատանքից ազատել: Կարող է նշված լինի, որ անձը բարձրագույն կրթության պահանջին չի համապատասխանում: Բայց բացառվում է, որ նշված լինի՝ ազատել աշխատանքից: Եվ այս ծանուցման մեջ նման գրությունը հիմք ընդունելը և հղում կատարելը, ես՝ որպես իրավաբան, համարում եմ ոչ այդքան ճիշտ: Գրությունը որպես հիմք նշելը ես իրավաբանական առումով թույլ եմ համարում: Հիմքը կարող է լինել իրավական ակտը: Արդյոք ճիշտ է արել, որ ազատել է, թե ճիշտ չի արել, դա արդեն մեր դաշտում չէ: Մեր գրությունը կարող է ուղղակի տեսակետ լինել»: Նա նաև հավելեց, որ տնօրենն է պատասխանատու իր կայացրած որոշումների համար, և եթե անձը համաձայն չէ որոշման հետ, նախարարությունը որպես վերադաս հանդես չի գալիս, որպես աշխատանքային վեճ՝ դատական կարգով պետք է լուծվի հարցը: Ուսուցչի իրավասությունն է բողոքարկել այդ որոշումը:

 

          «Դե, իհարկե, հեշտ է ըտենց, տնօրենի վրա գցել»,- Ա Կնյազյան

Մի քանի օրվա փորձերից հետո մեզ հաջողվեց կապ հաստատել Թալինի ավագ դպրոցի տնօրեն Աննա Կնյազյանի հետ: Հետաքրքրվեցինք, թե ինչու հատկապես արձանագրված չարաշահումներից հետո վերջինս որոշեց աշխատանքից ազատել Շուշանիկ Ներսիսյանին:

Սկզբում Ա. Կնյազյանն ասաց, որ Շուշանիկ Ներսիսյանի պարագայում հարցը մասնագիտական որակին է վերաբերում. երկամյա կրթությունը չի համարվում մասնագիտական կրթություն: Երբ հիշատակեցինք «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածը, տնօրենն ասաց, որ ազատելն իր որոշումը չէ, այլ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աուդիտի և նախարարի գրությամբ է հիմնավորվել:

-Իսկ չարաշահումներ եղե՞լ են

-Ի՞նչ չարաշահման մասին է խոսքը: Աուդիտի ստուգում է եղել, աուդիտի եզրակացություն կա, նախարարի որոշում կա: Հիմնական բաները թողում եք: Այսօր դպրոց կառուցելու, պայմանները ապահովելու խնդիրն է ամբողջ հանրապետությունում դրված, դրել եք՝ չարաշահում: Չկա նման բան:

-4,6 միլիոն դրամ խնայված գումար եք ունեցել, բայց աշխատավարձեր եք նվազեցրել...

-Դե, գիտեք ինչ, ամեն մի վիրավորված անձ ցանկացած ձևով իրեն ձեռնտու տարբերակով ինքը իրեն կներկայացնի: Ես ասում եմ, զուտ ունեմ ես նախարարի, փոխնախարարի աուդիտի ուսումնասիրությունների եզրակացություն, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ավելացնել:

-Նախարարության իրավաբանական վարչության պետի հետ խոսել ենք, ինքը ձեր ծանուցման վերաբերյալ ասաց, որ աուդիտը զուտ պարզաբանող գրություն է, այլ ոչ թե հիմք, և օգտագործել այն, թե ոչ՝ որոշում է տնօրենը:

Երկամյա դասընթացը հիմք չէ, ես դա փոխնախարարի և նախարարի տված եզրակացությունն եմ ձեզ ասում: Ես էնպես չի, որ ասում եմ՝ վայ, ինքը չի համապատասխանում, ուզում եմ՝ ինչքան հնարավոր է շուտ ազատեմ, պարզապես երկու անգամ նույն գրության հիման վրա փորձել եմ պարզաբանել, եկել է նույն պատասխանը, ես ի՞նչ պիտի անեմ: Ցանկացած հոգեբանության ֆակուլտետն ավարտած անձը մտավ, ես չեմ կարող ասել՝ ոչ:

-Նախարարությունից ընդունում են, որ հղումը կիսատ է, ստաժի մասը չեն նշել:

-Դե թող լրացում անեն, իմ մեղքը ո՞րն է:

-Իրենք ասում են, որ դուք գրությունը կարող էիք օգտագործել, դնել հիմքում կամ չդնել, որպես գործատու՝ որոշողը դուք եք

-Նման որոշում կա, թող լրացուցիչ հայտնեն, ես ինչ անեմ, եթե երկու անգամ նույն պատասխանն եմ ստացել:

-Որևէ միտումնավոր բան կա՞ այս գործընթացում:

-Չէ՛, նման բան չկա: Ես այդ մարդու հետ երկար տարիներ աշխատել եմ, հարևաններ ենք, նման բան չկա:

-Դե, 8 տարի նորմալ աշխատել է, սակայն հիմա՝ չարաշահումների բացահայտումից հետո, ստացել է աշխատանքից ազատման ծանուցումը: Կարո՞ղ է բողոքարկել, թե՞, ըստ այդ ծանուցման, պետք է ազատվի

-Ես չեմ կարող ասել, թող նախարարությունն իր գրությունը ուղարկի:

-Նախարարությունից ասում են՝ տնօրենն է որոշում և ստաժի վերաբերյալ հարցում չեն ստացել:

-Դե իհարկե, հեշտ է ըտենց, տնօրենի վրա գցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter