HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նպաստառուներ, ովքեր կարող են լինել հարկատու

Ռուդոլֆ Զաբրոդինը վերջին աշխատատեղում աշխատեց ընդամենը մեկ օր: «Տեսան, որ ձեռքս չկա, ասացին՝ մեզ մարդ է պետք, որը կունենա ամեն ինչ»,- պատմում է Ռուդոլֆը:

Նա 15 տարվա աշխատանքային փորձ ունի: Աշխատել է «Հույսի կամուրջ», «Փյունիկ» ՀԿ-ներում, Երևանի Հյուսիսային համալսարանում, «Ռեյմա» խանութում, համագործակցել է մարզային ՀԿ-ների հետ, եղել պահակ, բանվոր, իր խոսքով՝ արել ամենը, ինչ կարող էր:

Ռուդոլֆը միակը չէ. հաշմանդամություն ունեցող մարդկանց մեծամասնությունը աշխատանք փնտրելիս կամ աշխատելու ընթացքում խտրական վերաբերմունքի է արժանանում:

Իրավական կարգավորումները թերի են

Փաստաբան Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը, որն ամրագրում է, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է, պարտավորեցնում է այնպես զարգացնել օրենսդրությունը, որ խոցելի խավերը պետության աջակցությունը ստանան.

«Պարտավորություններ կան, բայց թե ինչպիսի պարտավորություններ՝ չի սահմանվում»:

Սարգսյանը նշում է, որ աշխատանքի վերաբերյալ պետությունը լռել է. Աշխատանքային օրենսգրքում ոչինչ չի ասվում հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին:

Ի՞նչ պետք է անեն Ռուդոլֆ Զաբրոդինն ու մյուսները, ովքեր զրկվել են աշխատելու իրավունքից միայն հաշմանդամություն ունենալու պատճառով:

Փաստաբանը խորհուրդ է տալիս դատական կարգով բողոքարկել աշխատանքից ազատվելու հրամանը, վերականգնվել, պահանջել բաց թողնված աշխատանքի հատուցում: Խնդիրն, ըստ փաստաբանի, ավելի հեշտ կարող է լուծվել, եթե պետությունը Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարի և այդ հիմքով աշխատանքից ազատման համար պատիժ նախատեսի:

Նշենք, որ 2015 թ. հունվարի 1-ից ուժի մեջ էր մտել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետը: Օրենքի համաձայն՝ 100 և ավելի աշխատակիցներ ունեցող պետական կազմակերպությունները պարտավորվում էին ապահովել աշխատողների ընդհանուր թվի 3 %-ի չափով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածություն: Սակայն այս պահանջը տևեց ընդամենը 2 տարի:

Լսում են «հաշմանդամ», պատկերացնում՝ խնդիր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձնացված ստորաբաժանումը՝ Զբաղվածության պետական գործակալությունը (ԶՊԳ), իրականացնում է զբաղվածության կարգավորման պետական քաղաքականությունը:

2019 թ. մայիսի 1-ի դրությամբ 2497 հաշմանդամություն ունեցող մարդ դիմել է գործակալություն աշխատանք գտնելու ակնկալիքով: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 70 հաշմանդամություն ունեցող մարդ, նրանցից 62-ը` զբաղվածության կարգավորման պետական ծրագրի արդյունքում:

 ԶՊԳ-ի տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանի փոխանցմամբ` իրականացվում են ծրագրեր, որոնք նպատակ ունեն շահագրգռել գործատուներին՝ աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց: Դրանցից են.

1) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրումը:

2) Աշխատաշուկայում անմրցունակ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցումը գործատուին:

3) Գործատուների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիճը կրելու ավարտին մինչև 6 ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը:

4) Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրումը:

5) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրման ծրագիր:

6) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրումը:

Բեժանյանից փորձեցինք պարզել, թե ինչու՞ են հաշմանդամություն ունեցողները աշխատանք փնտրելիս նման խնդիրների բախվում՝ չնայած պետական ծրագրերի առկայությանը: Վերջինս որպես կարևոր խնդիր նշեց գործատուների մոտ չհաղթահարված կարծրատիպերը. «Լսում են «հաշմանդամ» ու պատկերացնում միայն խնդիր, բայց տարիների փորձը ցույց է տվել, որ հատկապես այս խմբի մարդիկ ավելի նվիրված են լինում իրենց աշխատանքին: Նրանք գիտակցում են, որ դժվարությամբ են գտել և անում են ամեն ինչ աշխատանքը լավագույնս կատարելու համար»:

Բեժանյանն ասում է, որ կարևոր է նաև մատչելիության հարցը. տրանսպորտի, շենքային պայմանների պատճառով մարդը երբեմն դատապարտված է մնալ տանը, չսոցիալականացվել:

Նշենք, որ ԶՊԳ կենտրոնական գրասենյակը հարմարեցված է հենաշարժողական խնդիր ունեցող մարդկանց համար, սակայն այցելելով գործակալության տարածքային կենտրոններից մի քանիսը` նկատեցինք, որ, օրինակ, սայլակով տեղաշարժվող մարդն այդ շենքեր մուտք գործել չի կարող թեքահարթակների բացակայության պատճառով: Այսպիսով՝ դժվար է ճանապարհը ոչ միայն դեպի աշխատավայր, այլ այդ աշխատավայրը գտնելուն նպաստող գործակալություն:

30-ամյա Աննա Ավետիսյանը Հայաստանի ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետն է ավարտել, տիրապետում է ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին եւ իսպաներենին:

Զբաղվածության պետական գործակալությունում Աննային առաջին անգամ առաջարկել են գանձապահի աշխատանք` «Քեզ, մեկ ա, նստած աշխատանք է պետք» բացատրությամբ: Մերժելուց հետո ստացել է երկրորդ առաջարկը՝ մասնակցել խոհարարական կուրսերի, որից նույնպես հրաժարվել է: Երրորդ փորձն արդեն հաջող էր. աշխատանքի անցավ ՀԿ-ներից մեկում որպես սոցիալական մեդիայի մարքեթոլոգ:

Այս աշխատանքի ավարտից հետո Աննան շարունակել է փնտրտուքները արդեն սեփական ջանքերով: «Հայաստանում ձեռնարկատիրական ոլորտում երևի չկա մի կազմակերպություն, որտեղ իմ CV-ն ուղարկած չլինեմ».- պատմում է ու նշում ամենահաճախ լսած պատասխանը` մենք կզանգահարենք: Եղել են դեպքեր, երբ գործատուները փաստել են՝ աղջիկը համապատասխանում է աշխատանքին, սակայն. «Ասում էին՝ շենքը հարմարեցված չի, դու ո՞նց ես գալու, չէին ընդունում»:

Աննան միշտ երազել է դերասան դառնալու մասին, բայց նույն պահին մայրը հուշում է. «Տենց ո՞նց կլինի, պատկերացնու՞մ ես՝ հաշմանդամը դերասան»:
Աննան այժմ աշխատում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ում՝ որպես շահերի պաշտպան:

Անհնարինը երբեմն հնարավոր է

Հաշմանդամությունը տիեզերքի բազմազանության մի մասն է, սա մերժողների պատճառով հաշմանդամություն ունեցող անձը չի կարողանում ընդունել իր բազմազանությունը»,- ասում է 30-ամյա Սիփան Ասատրյանը, որը 4 տարեկանում կորցրել է տեսողությունը:

Սիփանը սովորել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում, ԵՊՀ Սփյուռքագիտություն բաժնի մագիստրոս է, 2-րդ մագիստրատուրան սովորել է ՀՊՄՀ Տիֆլոմանկավարժության բաժնում, այժմ նույն համալսարանում ասպիրանտ է:

Սովորելու առաջին տարիներին ապագայի հետ կապված մտքերը կարծրատիպային են եղել՝ աշխատել հատուկ դպրոցում, բայց դասախոսելու հույս է ունեցել. «Մտածում էի՝ մեկ է հնարավոր չի: Ցանկություն կար, իսկ պատկերացում, թե ինչպես՝ ոչ»: Արդեն 1 տարի է Սիփանը ՀՊՄՀ-ում դասախոս է:

Կարողացել է ենթադրյալ անհնարինը հնարավոր դարձնել 20 տարեկանում իր մտածելակերպը փոխելով: Իր ասելով` դրանում մեծ դեր են ունեցել Լեհաստանից ժամանած մասնագետները. «Մարդը կարող է պատռել հաշմանդամի հաստ կաշին, որ հագցրել են իրեն և դուրս գալ, կարծես նորից ծնվել»: Նոր ծնվելը երիտասարդի աշխատանքային ուղու սկիզբը դարձավ. «Ազգային առաջնորդության ինստիտուտ» ՀԿ-ում տեղեկատվության համակարգող, կամավոր ուսուցիչ, «Ֆորտե» ՀԿ-ի տնօրեն, ռադիոյում հաղորդավար, ՀԿՄՀ դասախոս, «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ տնօրեն, Երևանի ավագանու անդամ: Խոստովանում է՝ եղել է մի պահ, որ ստիպված է եղել ընտրություն կատարել՝ որ աշխատանքով զբաղվել:

Սիփանը վստահ է՝ հաշմանդամություն ունեցող մարդը կարող է ոչ թե նպաստառու լինել, այլ հարկատու: Նրա կարծիքով՝ խնդիրը միայն գործատուի մեջ չէ. «Որքան էլ նրանք պատրաստակամ լինեն աշխատանք տրամադրելու, պիտի ընտրեն լավ մասնագետ»: Ինքն էլ հաջորդ հարցն է առաջ քաշում. «Իսկ ո՞վ է մեղավոր, որ հաշմանդամություն ունեցող մարդն այսօր հզոր չէ, բեռ է դիտարկվում: Հարցը գուցե լուծվի, եթե օբյեկտիվ գնահատվի մարդու կարողությունը, ոչ թե խնդիրը»:

Հավասար հնարավորություններ բոլորի համար

Ֆրանկլին Ռուզվելտը ԱՄՆ 32-րդ նախագահն է, Պիտեր Դինկլեյդջը՝ աշխարհահռչակ «Գահերի խաղը» սերիալի գլխավոր դերակատարներից մեկը, Սթիվեն Հոքինգը՝ հայտնի ֆիզիկոս-տեսաբան և աստղաբան, Սթիվի Ուանդերը դրսևորվել է երգարվեստի բնագավառում: Նրանց ընդհանրությունը հաշմանդամություն ունենալու հանգամանքն է և այն, որ աշխարհը նրանց ճանաչել է կատարած գործի արդյունքում:

Հենրի Ֆորդն ուսումնասիրել էր իր արտադրամասն ու հասկացել, որ առկա 7882 աշխատատեղերից 3338-ը կարող էին զբաղեցնել հաշմանդամություն ունեցող մարդիկ (աշխատողների 45 տոկոսը): Արդյունքում «Ֆորդ Մոթոր Քամփընի»-ում աշխատանքի անցավ 670 մարդ՝ անդամահատված ոտքերով, 2637 մարդ՝ մեկ ոտքով, 2 մարդ՝ առանց վերին վերջույթների, 715 մարդ՝ մեկ ձեռքով և 10 կույր մարդ:

 Ֆորդը իր ստեղծած աշխատատեղերը այսպես բաշխելու մասին մտածել է դեռևս 1910-ական թվականներին՝ մեզնից մոտ 100 տարի առաջ: Գուցե բազմաթիվ մարդկանց կյանքը բարդացնող խնդիրները հեշտությամբ լուծում ստանան, եթե մեր օրերում էլ հետևենք այս պարզ կոչին՝ բոլորը կարող են լինել մեկ հարթության վրա և ունենալ հավասար հնարավորություններ:   

Գլխավոր լուսանկարում` Ռուդոլֆ Զաբրոդինը                                                                                                     

Արուսյակ Կապուկչյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter