
Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ՄԱԿ-ի փորձագիտական խմբին
Հուլիսի 23-ին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հետ, որին մասնակցում էին Խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Մարդու իրավունքների, օրենքի գերակայության ծրագրերի պատասխանատու Մարինա Մալխասյանը, խմբի ղեկավար Ջեյսոն Գլուկը, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի և մասնագիտացված կենտրոնների ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Հանդիպման նպատակն էր քննարկել արդարադատության ոլորտի բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարության գործընթացի ներկա վիճակին, դատաիրավական համակարգում առկա մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական ուղենիշերին առնչվող հարցերը, և այդ գործընթացում Խորհրդի ունեցած դերակատարությունը:
Ըստ հաղորդագրության՝ խորհրդի անդամներ Հայկ Հովհաննիսյանի և Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ կապված դատաիրավական բարեփոխումների, դատական իշխանության արդյունավետ կառավարման, էլ-արդարադատության համակարգերի ներդրման, դատակենտրոնի ստեղծման, արխիվների թվայնացման, օրենսդրական փոփոխությունների, դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի օրենսդրական ընթացակարգերի, դատավորների գնահատման մեխանիզմների ապահովման, կարգապահական վարույթների օրենսդրական ընթացակարգերի, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների հետ:
Մեկնաբանել