HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԳԿ-Հայաստան համագործակցությունը խաղողի ֆիլոքսերա վնասատուի կանխարգելման աշխատանքներում շարունակվում է

Այսօր Երևանում մեկնարկում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Բույսերի միջազգային պաշտպանության կոնվենցիայի քարտուղարության և Հայաստանի կառավարության կողմից համատեղ կազմակերպված աշխատաժողովը, որն իրականացվում է խաղողի հավաստագրված ֆիլոքսերադիմացկուն տնկանյութի արտադրության ծրագրի շրջանակում: Երևանում տեղի ունեցող երկօրյա միջոցառմանը կհաջորդի այցելություն Արմավիրի մարզում գտնվող խաղողի կոլեկցիոն այգի և մայրուտ։ Այս մասին հաղորդում է ՊԳԿ հայաստանյան գրասենյակը:

Աշխատաժողովը կնպաստի բույսերի պաշտպանության ոլորտի համապատասխան մարմինների կարողությունների հզորացմանը՝ երկիրը վտանգավոր, այդ թվում կարանտինային վնասատուների՝ հատկապես խաղողի ֆիլոքսերայի ազդեցությունից պաշտպանելու համար։ 

Ֆիլոքսերայի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է, որը Եվրոպա է թափանցել 1800-ականների կեսերին։ Ֆիլոքսերան սնվում է խաղողի վազերի արմատներով և տերևներով։ Վերջին տարիներին այս վնասատուն հայտնաբերվել է նաև Արարատյան դաշտավայրում, ինչից հետո Հայաստանն աջակցության խնդրանքով դիմել է ՊԳԿ-ին։ 

Աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, էկոնոմիկայի նախարարության և այլ պետական մարմինների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

ՊԳԿ ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին, որը միտված է օժանդակել Հայաստանի կառավարությանը խաղողագործության կայուն զարգացման նպատակով՝ հավաստագրված ֆիլոքսերադիմացկուն տնկանյութի արտադրությանն ուղղված տեխնիկական աջակցության միջոցով։

Աշխատաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել գնահատելու ծրագրի առաջընթացը, ինչպես նաև նպաստել երկրում ֆիլոքսերայի և այլ վնասատուների տարածմանն ուղղված քննարկումներին։ Այն բարենպաստ հարթակ կստեղծի կառավարության և այլ գործընկերների շրջանում խնդրի կարևորության վերաբերյալ իրազեկության բարձրացման համար՝ օգնելով երկրին ֆիլոքսերադիմացկուն տնկանյութով նոր այգիներ հիմնելու:   

Ըստ հաղորդագրության՝ աշխատաժողովը նաև նպատակ ունի մասնակիցներին խրախուսել ակտիվորեն ներգրավվելու Բույսերի միջազգային պաշտպանության կոնվենցիայի (ԲՄՊԿ) շրջանակում համագործակցող միջազգային կազմակերպությունների համաշխարհային ցանցի աշխատանքներին՝ բուսական աշխարհը վնասատուներից և հիվանդություններից պաշտպանելու համար։

Բույսերի միջազգային պաշտպանության կոնվենցիան ՊԳԿ-ի կողմից վերահսկվող միջազգային համաձայնագիր է, որի նպատակը համակարգված և արդյունավետ կերպով բույսերի և բուսական արտադրանքի վնասատուների և հիվանդությունների տարածումը և ներթափանցումը կանխարգելու և նրանց դեմ պայքարելու համապատասխան միջոցառումների իրականացման ապահովումն է։ Հայաստանը սույն Կոնվենցիան ստորագրել է 2006 թվականին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter