
Վերաքննիչ քրեական դատարանում շուտով կքննվի Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու դատախազության բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանում քիչ անց կմեկնարկի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ դատախազության ներկայացուցիչ, դատախազ Վահե Դոլմազյանը ներկա չէր։ Վերջինս դատարանին հայտնել էր, որ նախապես նշանակված մեկ այլ դատական նիստ ունի:
Առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքը, գտել է, որ Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են Քոչարյանի իրավունքները:
Դատախազությունը, սակայն, համարում է, որ գույքի վրա կալանք դնելու օրինական հիմքեր են եղել, ուստի բողոքարկել է Դանիբեկյանի որոշումը:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ:
Մեկնաբանել