HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինիմալիստական կենսակերպն ու «զրո աղբ» շարժումը Հայաստանում. Իռենա Դավիդյան

Առանձնապես չհարդարված, աչքի չընկնող, միագույն  հագուստով ու սպորտային, մի քիչ էլ մաշված կոշիկներով. ահա թե ինչպիսին էի պատկերացնում Իռենային: Ու երբ նա հարցազրույցի եկավ՝  խնամքով ընտրված հագուստով ու հարդարված՝ գլխի ընկա, որ կարծրատիպերի ծուղակն եմ ընկել: Ծանոթացանք: Ակնարկում եմ, որ լավ տեսք ունի: Իռենան միանգամից կարդում է մտքերս ու բացատրում, որ ինքը ծայրահեղությունների մեջ չի ընկնում, մտահոգ է շրջակա միջավայրի համար, բայց սեփական կյանքը դժոխքի չի վերածում.

«Երբ ասում ես, որ դու չես գնում դեզոդորանտներ կամ խնամքի այլ միջոցներ, որոնք չվերամշակվող տարաների մեջ են պահվում, մարդկանց թվում է, թե դու վատ տեսք պիտի ունենաս, քո վրայից վատ հոտ պիտի գա կամ դու փնթի ես: Բայց, իհարկե, դա այդպես չէ, ամեն ինչին էլ այլընտրանք կա: Ի վերջո, կան բաներ, որոնցից ես էլ չեմ կարող հրաժարվել, օրինակ՝ մազերս կամ եղունգներս հարդարելուց: Բայց քանի որ գիտակցում եմ, որ իմ ինչ-որ գործունեությամբ վնաս եմ հասցնում բնությանը, ուրեմն մեկ ուրիշ բանով էլ դրականը պիտի անեմ, որպեսզի հավասարակշռեմ արարքներս»,- ասում է Իռենան: 

Գիտակից սպառումից մինչև սպառումից հրաժարում 

Իռենան մինիմալիստ է, բացի այդ, նա նաև «զրո աղբ» (անգլերեն՝  zero waste) շարժման հետևորդ է: Մինիմալիստական կենսակերպը բնութագրող բազմաթիվ սահմանումներ կան, Իռենան իր տարբերակն է առաջարկում.

«Մինիմալիզմն այն է, երբ դու ընկած չես իրերի հետևից, չկա անընդհատ ինչ-որ իր ձեռք բերելու մոլուցքը, այլ օգտագործում ես, ինչ արդեն ձեռքիդ տակ ունես: Եթե նույնիսկ դա պլաստիկից առարկա է, բայց դեռ գործածելի, ես չեմ շտապում ազատվել դրանից, որորվհետև եթե ես փոխարինեմ դա, ուրեմն տվյալ իրը նետելու եմ աղբանոցը»:

Իսկ ահա նոր թափոն չավելացնելու սկզբունքը կապված է «զրո աղբ» շարժման փիլիսոփայության հետ: Շարժումը սկսվել է 2002-ին, հիմքում ռեսուրսների անխնա վատնումը կանխելու գաղափարն է: Ամփոփելով Իռենան ասում է՝ «զրո աղբ» կենսակերպը նշանակում է, որ դու պատասխանատվությամբ ես վերաբերվում շրջակա միջավայրին ու փորձում ես նոր թափոններ չստեղծել: Հայաստանում մինիմալիստների համայնք չկա, սոցիալական ցանցերում Իռենայի ստեղծած էջերում հետևորդները սակավաթիվ են:

Ըստ Իռենայի՝ գործնական կյանքում գրեթե անհնար է առանց նոր թափոն ստեղծելու գոյատևել, եթե, իհարկե, մարդը չգնա ջունգլիներում ու անմարդաբնակ վայրերում ապրելու:

«Չնայած ամբողջությամբ «զրո աղբ» կենսակերպ ունենալ չի հաջողվում, բայց փորձում եմ հնարավորինս ամեն ինչ անել դրա համար: Իմ տանը չկան չվերամշակվող փաթեթավորումներ, պոլիէթիլեն, իսկ արդեն եղած  պլաստիկ իրերի վրա նորերը չեն ավելանում: Երբ ես ինչ-որ բան պիտի գնեմ, նախ հետաքրքրվում եմ, թե ինչ այլընտրանքներ կան փայտից կամ ապակուց»:

Իռենան այսօր արդեն չի էլ հիշում, թե ինչպես է մինիմալիստ դարձել: Դեռ մանկուց, երբ նրան հանձնարարում էին սենյակը կարգի բերել, աղջիկը տարատեսակ առարկաների փոխարեն նախընտրում էր մաքուր ու դատարկ պահարաններ ունենալ, ազատվել բոլոր ավելորդ իրերից: Իսկ «զրո աղբ» շարժման հետևորդ դարձել է մի քանի տարի առաջ:

«Ինֆորմացիան հիմա շատ է, մի քանի տարի առաջ էր՝ տեսա, որ մարդկանցից հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող կղզու թռչունների ստամոքսներում պլաստիկ էին հայտնաբերել: Ես հասկացա, որ ես էլ եմ մեղավոր դրա համար: Մինչև դա, ինչ ավելորդ բան էի տեսնում, միանգամից աղբամանն էի նետում: Ես ինձ հաշիվ չէի տալիս, թե ինչ ճակատագիր է ունենում այդ աղբը: Դե, մտածում էի կառավարություն ունենք, այդ հարցով զբաղվում են հաստատ, աղբը տեսակավորվում է: Միայն Նուբարաշենի աղբավայրը տեսնելուց հետո, երբ իմացա, որ այնտեղ աղբը լցվելուց հետո ավազով ծածկում են ու աղբի նոր շերտեր ավելացնում, կարծես արթնացա: Թող պաթետիկ չհնչի, բայց մենք պատասխանատու ենք մեր ստեղծած աղբի համար»:

«Զրո աղբ» շարժման հետևորդների համար աղբի վերամշակումը ամենավերջին տեղում է, նրանք ոչ թե վերամշակումն են խրախուսում, այլ ընդհանրապես չսպառումը, բայց քանի որ դա գրեթե անհնար է, շեշտադրում են գիտակցված սպառումը: Իռենան ասում է, որ օրինակ՝ պլաստիկը վերամշակվում է միայն երեք անգամ, որից հետո աղբ է դառնում: 

«Երբ աղբամանների կողքով քայլում ես ու հայացք նետում դրանց պարունակությանը, հարց ես տալիս քեզ, արդյոք այդ աղբին այլընտրանք չկա՞: Ու հասկանում ես, որ ամեն ինչին էլ այլընտրանք կա՝ թե՛ պլաստիկ իրերին, թե՛ մեկանգամյա օգտագործման տոպրակներին և թե՛ ջրի ապարատի կողքի պլաստիկ բաժակներին կամ պլաստիկ ձողիկներին»:

Իռենա Դավիդյանի դիտարկմամբ՝ որոշ իրերի փոխարինումն ավելի կայուն տարբերակներով չափազանց հեշտ է: Օրինակ՝ պոլիէթիլենային տոպրակների փոխարինումը թղթե տոպրակների, զամբյուղների ամենահեշտն է.

«Խորհրդային տարիներին չկային չէ՞, պոլիէթիլենային տոպրակներ, սովորական տոպրակներ ու զամբյուղներ էին օգտագործվում: Հետո, չգիտես ինչու, այդ ամենը մոռացվեց: Երբ էկո-տոպրակով գնումներ եմ անում, որոշ մարդիկ մեկնաբանում են թե՝  էս ի՜նչ լավ բան է: Նման դեպքերում ուզում եմ ասել, բայց ինչու՞ եք զարմանում, 20-30 տարի առաջ էլ կային սրանք»:

Մինիմալիստ լինելու անհարմարությունները 

Գնումներ անելը Իռենայի համար իսկական մարտահրավեր է: «Մտնում ես սուպերմարկետ, ամբողջ միրգն ու բանջարեղենը, չգիտես ինչու, փաթաթված են պլաստիկի մեջ, ոնց որ թե էդ միրգն ու բանջարեղենն իրենց կեղևը չունեն բնական: Ես դա չեմ հասկանում: Ի՞նչ կարիք կա մեկ հատիկ վարունգը փաթաթել»:

Ավելորդ փաթեթավորումներից խուսափելու համար Իռենան միրգ-բանջարեղենի կրպակներից սեփական էկո-տոպրակներով է գնումներ անում, ուրախանում է հատկապես այն բանից, որ Երևանի բոլոր կրպակներում էլ կարելի է կիլոգրամով ոսպ, բրինձ, մակարոնեղեն գնել: Յուրաքանչյուր գնում անելիս 10-15 մեկանգամյա տոպրակ է «փրկում»: Բարդ է կաթնամթերքի հարցը, միայն մեկ սուպերմարկետից է կարողանում իր տարայով թթվասեր գնել.

«Բայց ես ամեն անգամ զգում եմ, որ կա դժկամության գործոնը, վաճառողուհին նախ պետք է իմ տարան կշռի, տարայի քաշը հանի, հետո նոր թթվասերը լցնի, ես էլ եմ վատ զգում, որ նրան ավելորդ նեղություն եմ պատճառում: Մինչդեռ ես կուզեի, որ Երևանում գոնե մեկ «զրո աղբ» խանութ լիներ»:

Մյուս անընդունելի իրավիճակն Իռենայի համար այն է, երբ դեղատներում մեկ կամ երկու հաբ է գնում, նախ այդ մեկ հաբն են դնում պոլիէթիլենային տոպրակի, հետո էլ այդ պոլիէթիլենը՝ ավելի մեծի մեջ: Նույնը տեղի է ունենում խանութներում՝ սուրճի փոքրիկ փաթեթների դեպքում, որոնք պարզապես կարելի էր գրպանում դնել: Թե ինչու է այդպես, Իռենան հետևյալ կերպ է բացատրում. «Մարդիկ «ավտոպիլոտի» վրա են, բայց եթե նրանք գործողություն անելուց առաջ գոնե մեկ ակնթարթ մտածեն, թե ինչ են անում, հաստատ այլ կերպ կվարվեն»: 

Թեև 2019-ի հուլիսի 1-ից պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումն արգելող օրենք է դրվել շրջանառության մեջ, սակայն դրանից վիճակն ըստ Իռենայի չի բարելավվելու.

«Խոսքը գնում է միայն դրամարկղի մոտ տրվող հաստ տոպրակի մասին, փոքրերը շարունակում են անվճար մնալ, իսկ հիմնական խնդիրը հենց փոքր տոպրակներն են: Վերջերս մարդիկ սկսել են մեկումեջ հրաժարվել մեծ տոպրակներից, փոքրերից չեն հրաժարվում, իսկ դրանց վերացման մասին խոսք չկա»:

Իռենան վստահ է՝ որպեսզի մարդկանց գիտակցության մեջ տեղաշարժ լինի, հարկ է պլաստիկից հրաժարումը խրախուսել: Առաջարկում է քիչ փաթեթավորումներ անող սուպերմարկետներին թեթևակի հարկային արտոնություն տալ, հաճախորդներին էլ՝ կարելի է զեղչ առաջարկել, եթե հրաժարվեն մեկանգամյա տոպրակներից: Այսպիսով՝ խանութը հաճախորդին, պետությունը՝ խանութին խրախուսեն կայուն զարգացումը: 

Ինչպես խոսափել սպառողականության ծուղակից

Կար ժամանակ, երբ Իռենան էլ էր ինքնամոռաց գնումներ անում: Հետո կամաց-կամաց գլխի ընկավ, որ շատ հաճախ պահի ազդեցությամբ ձեռք բերված իրերը, հատկապես՝ հագուստը, տուն բերելուց հետո կորցնում են գրավչությունը: Ու հիմա, երբ ինքն արդեն միայն անհրաժեշտության դեպքում է նոր բաներ գնում, ափսոսանքով է նայում մարդկանց՝ հագուստի նկատմամբ մոլեգին վերաբերմունքը:

«Երբ իմացա, թե չինացի աշխատողները էդ «զիզի-բիզի» բաները ինչ ստրկատիրական պայմաննրում են ստեղծում, քիչ սպառելու որոշումն ավելի ամրապնդվեց: Սիրտս կծկվում է, երբ տեսնում եմ խանութներում լցված անորակ, չինական ապրանքը, ամեն մեկի հետևում արևի երես չտեսնող, օրը կոպեկներով աշխատող մարդկանց  եմ տեսնում: Մենք անգամ ամենափոքր բանն առնելուց առաջ պիտի մտածենք...Ցավոք, փակ շրջանում ենք հայտնվել ու ոչ-ոք չգիտի՝ ոնց դուրս գա այդտեղից: Անընդհատ կոչեր ենք լսում՝ արտադրե՛ք, բայց չէ՞ որ արտադրածի համար պիտի սպառող լինի: Սպառողն էլ մենք ենք, ինչքա՞ն սպառենք: Երբ տեսնում ես խանութների քանակը, անցումներում, փողոցներում, տեսնում ես մարդուն, ով դրա հետևում է ու դրանով պիտի ապրի: Մի կողմից խղճում ես, մյուս կողմից չես կարող չմտածել, որ ախր էս իրերի անհրաժեշտությունը չկա»: 

Երբեմն հնչում է կարծիք, որ կայուն զարգացմանը նպաստող առարկաներն ավելի թանկ են, դրա դեմ Իռենան հետևյալ հակափաստարկն է բերում. երբ դադարում ես ամեն պատահած բան գնել, փողդ էլ է շատանում, որով էլ կարող ես օրինակ՝ բամբուկից խոզանակ գնել: 

Իռենա Դավիդյանն առաջարկում է մի քանի պարզ կանոն, որոնք կօգնեն մարդկանց «սպառողականության թակարդը» չընկնել.

  • չտրվել գայթակղությանը ու չգնել հագուստ, միայն որովհետև այն էժան է կամ զեղչված,
  • չառաջնորդվել «մի քանի անգամ կհագնեմ, կշպրտեմ» սկզբունքով,
  • չհետևել նորաձևության թրենդներին, գնել՝ ըստ անհրաժեշտության, 
  • հնարավորինս հեռու մնալ արհեստական կտորներից, ընտրել հնարավորինս բարձր որակի հագուստ, որը երկար կծառայի,
  • փոխանակել հագուստը ընկերների ու հարազատների հետ, չէ՞ որ մեզ արդեն հոգնեցրած զգեստը մեկ ուրիշի համար նորություն է,
  • եթե հագուստը վնասվել է, աղբը նետելուց առաջ փորձել նորոգել այն,
  • չխաբնվել խանութների զեղչերին, միևնույն է՝ «արագ նորաձևության» զեղչերը մեծ մասամբ խաբեություն են,
  • հնարավորության դեպքում օգտվել հագուստի վարձույթից,
  • հագուստ գնելուց առաջ գոնե մեկ շաբաթ ժամանակ տալ մեզ ու գնել իրը միայն, եթե շաբաթվա վերջում դեռ ցանկանում ենք ունենալ այն: Իսկ եթե իրը վաճառվի, հոգ չէ, միևնույն է նմանը շատ շուտով նորից արտադրվելու է:

Վերջում Իռենան ասում է, որ մինիմալիստ կամ «զրո աղբ» շարժման հետևորդ լինելը գորշ, ձանձրալի կամ զրկանքներով լի կյանք չի ենթադրում: Նա համոզված է՝ կյանքից չի կարելի դադարել հաճույք ստանալ: Ստեղծարար լինելն էլ կօգնի հետաքրքիր լուծումներ գտնել, օրինակ՝ արձակուրդից կարելի է ոչ թե անորակ հուշանվեր գնել, այլ՝ ապակե տարայի մեջ լցրած ավազ ու խխունջներ բերել՝ ամիս-ամսաթվով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter