HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» գրքի հիման վրա ոչ դասական օպերա կստեղծվի

Հուլիսի 23-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ հանդիպում գրող Արամ Պաչյանի հետ: Պաչյանն ընթերցողին ավելի հայտնի է իր «Ցտեսություն, Ծիտ», «Ռոբինզոն», «Օվկիանոս» գրքերով:

Հանդիպմանը քննարկվեցին տարբեր թեմաներ:

Լեզվի խնդիրը 

«Երբ փոքր էի, տանը ուրիշ լեզվով էին խոսում, դրսում՝ մեկ այլ: Հետո դպրոց գնացի՝ ուրիշ շերտ էր, համալսարանում՝ էլի ուրիշ: Հիմա էլ համացանցն է մուտք գործել մեր կյանք, ու հիմա ուրիշ լեզու ունենք: Երբեմն մենք ինքներս նսեմացնում ենք մեր խոսակցական շերտը: Երբեմն էլ սահմանափակում: Օրինակ` ֆիլմերում չես կարող միշտ է-երով խոսել, պետք է մի փոքր ազատություն տաս: Մի երրորդ ապօրինածին լեզու է պետք իրականության մասին խոսելու համար»,- ասաց Պաչյանը:

Հեղափոխության մասին

«Ինձ համար հեղափոխությունը ստեղծարարության ներուժ ուներ: Մենք օդի միջից էլ ստեղծում էինք, և դրա շնորհիվ այն դարձավ հեղափոխություն:

Հիմա ինչ-որ աներևույթ պատեր կան: Կուզենայի, որ հետ բերեինք այդ մասնակցության գործոնը, որ մարդիկ հասկանային, որ հիմա էլ նրանցից յուրաքանչյուրն էլ կարևոր է իր քայլով, իր մասնակցությամբ: 

Անկախ ամեն ինչից` հեղափոխությունն իմ և իմ կյանքի համար լրջագույն արժեք է և կմնա արժեք` ինչ էլ լինի»:

Սոցցանցերում Արամ Պաչյանը գրանցված չէ՝ կարծում է, որ դա կշեղի իր ուշադրությունը կարևոր բաներից: Դրա փոխարեն գրողը նոր նախագիծ է սկսել` Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ: 

«Ցտեսություն, Ծիտ» գրքի հիման վրա ստեղծվում է ոչ դասական օպերա՝ անիմացիայի ձեւաչափով: 

Կուզեի...

Արամ Պաչյանի «Կուզեի»-ները բազմազան են.

Կուզեի, որ հավասարություն լիներ մարդկանց և կենդանիների մեջ, չէի ուզի, որ փախչեին մեզ տեսնելիս: 

Կուզեի, որ Երևանում աղբի հարցը լուծվեր:

Կուզեի հավատալ, որ Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու:

Կուզեի՝ մարդիկ քիչ ջղայնանային իրար վրա:

Կուզեի, որ այս հանդիպումը մի քիչ հետաքրքիր անցներ: 

Այն հարցիս, թե գրող Արամ Պաչյանն ու լրագրող Արամ Պաչյանն իրար ավելի շատ լրացնու՞մ, թե ՞ խանգարում են, նա պատասխանեց. «Երբ հասկացա, որ լրագրող լինելս խանգարում է, դուրս եկա լրագրությունից, ինչ-որ տեղ էլ օգնեց, իհարկե, բայց ես ինձ լրագրող չեմ համարում»:

«Զանգակում»-ի շրջանակումներում անցկացվող հանդիպումների ավարտին յուրաքանչյուր հյուր ինչ-որ բան է գրում թղթին` որպես հուշանվեր: Արամ Պաչյանը թղթին հանձնեց Հերման Բրոխի «Վիրգիլիոսի մահը» վեպից մի հատված, երբ ստրուկն իր տիրոջը «հանգստացնում» է` ասելով. «Քեզ նույնիսկ մոռացությունը չի փրկի»:

Անի Վաթինյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Լուսանկարները` «Զանգակ» գրատան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter